Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանի հարցազրույցն ԱրմԻնֆո գործակալությանը:
05 դեկտեմբերի, 2007Հարցազրույցի ռուսերեն տարբերակ:
Չինաստանի եւ Հնդկաստանի զարգացման ընթացիկ տեմպերը վկայում են այն մասին, որ արդեն մոտ ապագայում այդ երկու երկրներն առաջատար դիրքեր կզբաղեցնեն համաշխարհային տնտեսությունում
Միջազգային փորձագետների հաշվարկներով, 20-25 տարի անց աշխարհում իշխող երկրներ կհանդիսանան Չինաստանը եւ Հնդկաստանը: Այդ առնչությամբ Ձեր տեսանկյունից տնտեսության ո՞ր ոլորտներն են առավել հեռանկարային այդ պետությունների հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման գործում:
Առաջին հերթին ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ԱրմԻնֆո գործակալությանը հարցազրույցի անցկացման նախաձեռնության համար: Չինաստանի եւ Հնդկաստանի զարգացման ընթացիկ տեմպերը, որոնք վերաճել են օրինաչափ միտումի, վկայում են այն մասին, որ արդեն մոտ ապագայում այդ երկրներն առաջատար դիրքեր կզբաղեցնեն համաշխարհային տնտեսությունում, եւ այն երկրները, որոնք անհրաժեշտ կերպով չեն ընկալում այդ գործոնը, դատապարտված են կորցնելու իրենց դիրքերը: Հայաստանն այդ տեսանկյունից առավելություն ունի` ոչ միայն Հնդկաստանի եւ Չինաստանի հետ ավանդաբար ձեւավորված ամուր կապերի, այլ նաեւ երկու պետությունների հետ ներկայիս փոխգործակցության իրողությունների առումով: Ըստ որում, ավելի լայն եւ խոր համագործակցության ձգտումը փոխադարձ բնույթ է կրում: Չինաստանը եւ Հնդկաստանը Հայաստանը դիտարկում են որպես փոխհարաբերությունների ողջ շրջանակում իրավահավասար գործընկեր` ինչպես այսօր, այնպես էլ հեռանկարային առումով: Այդ համատեքստում առեւտրատնտեսական տեսանկյունից գերակա ուղղություններ են համարվում տեղեկատվական, հաղորդակցական եւ ընդհանուր առմամբ բարձր տեխնոլոգիաները: Ոչ պակաս կարեւոր են արդյունաբերական տեխնոլոգիաները եւ նոու-հաուն, համատեղ գիտական մշակումները եւ կրթության ոլորտում համագործակցությունը, որոնք ուղղված են տնտեսությանը եւ ունեն երկարաժամկետ ռազմավարական հեռանկար: Հատկապես անհրաժեշտ է նշել փոխգործակցության հեռանկարային բնագավառները`գյուղատնտեսության, առողջապահության, քիմիական, թեթեւ, սննդի եւ վերամշակման արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային-հեռահաղորդակցական նախագծերի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:
Ի՞նչն է խանգարում այդ հարաբերությունների զարգացմանը`տրանսպորտը, հեռավորությունը: Ի՞նչ վիճակում է այդ երկրների հետ նորմատիվ-իրավական բազան: Կա՞ն արդյոք որեւէ խնդիրներ այդ ոլորտում:
Այդ երկրների հետ նորամտիվ-իրավական բազան ձեւակերպված է պատշաճ կերպով, սակայն մշտական ճկուն արձագանքի կարիք ունի`համագործակցության արագ աճող մասշտաբներին հարմարեցման նպատակով: Տրանսպորտի եւ հեռավորության խնդիր իրականում գոյություն ունի, սակայն պետք չէ չափազանցնել դրա նշանակությունը: Տրանսպորտայինհեռահաղորդակցական գծերի բարելավման համընդհանուր պահանջմունքի այս դարաշրջանում տրանսպորտային կապերը մշտապես կկատարելագործվեն`ելնելով առավել գլոբալ բնույթի տնտեսական գործոններից:
Միաժամանակ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ Հայաստանի առեւտրաշրջանառության դինամիկայի վերլուծությունը վկայում է այն մասին, որ նույնիսկ այս պահին աշխարհագրական առումով համեմատաբար հեռու գտնվող այդ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն առանձին վերցրած գտնվում է միեւնույն մակարդակի վրա կամ նույնիսկ գերազանցում է հարեւան որոշ գործընկեր երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը`չհաշված այդ երկրների ապագա տնտեսական ներուժը: Պետք չէ մոռանալ, որ անցյալում առեւտրի գլոբալիզացման գործընթացին հայ ժողովրդի մասնակցությունն ընթացել է 17-18 դարերում Հնդկաստանի եւ Չինաստանի զարգացմանը զուգահեռ, երբ հայկական առեւտրաֆինանսական կապիտալով ստեղծվել է Գուանչժոուից, Կալկաթայից, Մադրասից եւ Բոմբեյից մինչեւ Մարսել ու Ամստերդամ տարածվող առեւտրային ցանց: Եվրաինտեգրման մեր առանցքային քաղաքականությանը զուգընթաց Հայաստանին խիստ անհրաժեշտ է մշտական, երկարաժամկետ ուշադրության կենտրոնում պահել համաշխարհային այդ երկու տերությունների հետ փոխգործակցության կայուն խորացումը: Ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել Հայաստանի կողմից Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկաներ դուրս գալու գործընթացին նախորդող հիմնախնդրի վրա: Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների շուկաներում գործունեությունը պահանջում է խորը մասնագիտացված գիտելիքներ, ոչ պակաս կարեւոր է գործընկեր երկրների լեզուների եւ ավանդույթների իմացությունը: Չինաստանի եւ Հնդկաստանի ձեռնարկությունների եւ ընկերությունների հետ արդյունավետ աշխատանքի համար, օրինակ, միանգամայն այլ ունակություններ են պահանջվում, քան, ասենք, Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ գործընկերների հետ համագործակցության համար. Անհրաժեշտ են այդ շուկաների իրադրությանը քաջածանոթ հմուտ մասնագետներ: Օրինակ`չինական շուկայում աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին աշխատանքում ներգրավման մակարդակը հայկական ընկերությունների մոտ համեմատաբար ցածր է, ըստ որում, կրթության բնագավառում փոխանակման ծրագրով 1994 թվականից Չինաստանում իրենց ուսուցումն ավարտել եւ տեղում աշխատանքի են տեղավորվել միջազգային հարաբերությունների, առեւտրի, տնտեսության եւ իրավունքի, իրավաբանության, բժշկության բնագավառի չինարենի իմացությամբ շուրջ 20 որակյալ մասնագետ: Ըստ որում, նրանցից շուրջ 15-ը շարունակում է ուսուցումը Չինաստանում: Սակայն, Հայաստանն այդ կադրերի կարիքն ունի առաջին հերթին մեր երկրում:
Մինչեւ վերջերս Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հիմնականում մարդասիրական բնույթ են կրել, երբ ՉԺՀ-ն մինի տրակտորներ եւ գյուղատնտեսական այլ տեխնիկա է տրամադրել Հայաստանին: Ինչպիսի՞ն են սուբյեկտների եւ առանձին ձեռնարկությունների մակարդակով համագործակցության հեռանկարները: Կարո՞ղ արդյոք առաջին ծիծեռնակ հանդիսանալ «Գրանդ Սան» ձեռնարկությունը: Կա՞ն արդյոք տվյալներ Չինաստանում «Նաիրի-2» ձեռնարկության ճակատագրի մասին, ինչպե՞ս է աճում հայկական ծիրանը ՉԺՀ-ում:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները զարգանում են միջպետական մակարդակով: Չինաստանը Հայաստանի անկախության առաջին տարիներից մեր երկրի նկատմամբ ընտրել է հայկական պետականության ամրապնդման ուղեգիծը: Չինաստանը մշտապես պատրաստակամորեն օգնություն է ցուցաբերել Հայաստանին, եւ ՉԺՀ կառավարությունը 1997 թվականից սկսած յուրաքանչյուր տարի Հայաստանում իրականացնում է տեխնիկական օժանդակության տարատեսակ ծրագրեր, որոնք ներկայումս հիմնականում նպատակաուղղված են Հայաստանի գյուղատնտեսական հատվածի զարգացմանը, սակայն ներառում են նաեւ պետական եւ հասարակական տարբեր հաստատությունների մինչեւ 60 հայ մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների ամենամյա ծրագրեր: Այդ աշխատանքն իրականացվում է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատանն առընթեր առեւտրատնտեսական ներկայացուցչության կողմից` ՀՀ ԱԳՆ եւ համապատասխան այլ հաստատությունների հետ համակարգմամբ: Միաժամանակ Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունները ոչ մի կերպ չի կարելի բնորոշել որպես «հիմնականում մարդասիրական»: Ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում մեր երկրների բարեկամական համագործակցությունը զարգանում է իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ փոխաջակցության հիման վրա: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ներառում է երկողմ թեմատիկան, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ համաշխարհային զարգացման հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակումը: ՀՀ եւ ՉԺՀ միջեւ գոյություն ունի արտաքին քաղաքական մշտական խորհրդակցությունների մեխանիզմ, գործում է առեւտրի, տնտեսության, մշակույթի, գյուղատնտեսության հարցերի գծով միջկառավարական հանձնաժողով, որի համատեղ նիստներն անցկացվում են երկու տարին մեկ`Երեւանում եւ Պեկինում հերթականությամբ: Հանձնաժողովի վերջին համատեղ նիստը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին: Մենք ունենք Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում «Սինթետիկ կաուչուկների Շանսի-Նաիրիտ» ՀՁ ստեղծելու հազվագյուտ փորձ: Դա միակ նախագիծն է, որին Հայաստանը մասնակցում է արտերկրում իր տեխնոլոգիայի եւ նոու-հաուի ներդրման ձեւով: Ներկայումս գործարանի կառուցման լարված աշխատանք է ընթանում, որը նախատեսվում է ավարտել 2008 թվականին: Գյուղատնտեսական տեխնոլոգիաների գիտատեխնիկական փոխանակումը համագործակցության առավել հաջող ուղղություններից մեկն է: Հիշյալ ծրագրի գծով 1997 թվականից Չինաստանի կլիմայական 4 տարբեր շրջաններում, Չինաստանի պտղաբուծության ինստիտուտին առընթեր փորձահավանության այգիներում ստեղծվել են հայկական ծիրանի, խաղողի եւ բալի այգիներ, իսկ Հայաստանի հողագործության գիտահետազոտական ինստիտուտում փորձահավանության են ենթարկվել Չինաստանից հացահատիկային կուլտուրաների երաշտադիմացկուն տեսակներ: Ինչ վերաբերում է հայկական ծիրանի տնկիներին, ապա, որքանով ինձ հայտնի, չինական կողմը գոհ է փորձահավանության արդյունքներից, քանի որ Չինաստանում սկսել են լայնորեն օգտագործել հայկական ծիրանի տնկիները: Շանսի նահանգի պտղաբուծության ինստիտուտին առընթեր բացվել է հայ-չինական բարեկամության հուշարձան`ի պատիվ այդ նախագծի: Այս տարիների ընթացքում հայ մասնագետները մշտապես այցելել են ՉԺՀ`համատեղ հետազոտություններ անցկացնելու, չինացի գործընկերներին համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ես տեղեկատվություն չունեմ «Գրանդ Սան» ընկերության`չինացի գործընկերների հետ համագործակցության ծրագրերի մասին, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ երկկողմ նորմատիվ-իրավական բազան, տնտեսությունների փոխլրացվածությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Չինաստանի հարաբերություններին բնորոշ բարենպաստ մթնոլորտը ընդհանուր առմամբ նպաստում են բոլոր ուղղություններով հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը`ներառյալ փոխադարձ ներդրումները, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, առեւտուրը, փորձի փոխանակումը եւ այլն: Նախապատրաստական աշխատանք է տարվում` 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերին, ինչպես նաեւ «Էքսպո 2010 Շանհայ» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակով: Այս երկու նշանակալից իրադարձությունները մեր երկրի հասարակական, տնտեսական եւ մշակութային զարգացումը համաշխարհային մակարդակով ներկայացնելու եզակի հնարավորություն է: Բնականաբար, ամբողջ աշխարհը եւ ամենից առաջ Չինաստանի ողջ հասարակությունն ուշադրությամբ կհետեւի այդ կարեւորագույն իրադարձություններին երկրների մասնակցությանը եւ հաջողություններին:
Գոյություն ունի Հայասատն-Իրան երկաթուղու կառուցման նախագիծ, որով Հայաստանն Իրանի տարածքով կարող է անմիջապես դուրս գալ չինական շուկա: Առաջարկվե՞լ է արդյոք չինական կողմին մասնակցել այդ նախագծին: Մյուս կողմից`ճանապարհը թույլ կտա դուրս գալ Պարսից ծոց եւ Հնդկաստան: Հնարավո՞ր է արդյոք Հնդկաստանի մասնակցությունն այդ նախագծին:
Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագիծը սկզբնական փուլում է գտնվում: Նախագծի իրականացման քննարկումը բաց է շահագրգիռ բոլոր կողմերի համար, եւ Չինաստանին ու Հնդկաստանին ժամանակին կառաջարկվի քննարկել իրենց մասնակցության հնարավորությունը: Պետք է նշել, որ Հնդկաստանը Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագծի հիմնադիր-անդամ է, որին մասնակցում է նաեւ Հայաստանը:
Առաջիկայում նախատեսված է Չինաստանում Հայաստանի օրերի անցկացումը: Ինչպիսի՞ միջոցառումներ տեղի կունենան Չինաստանում Հայաստանի օրերի շրջանակներում, ո՞ր քաղաքներում: Նախատեսվա՞ծ է արդյոք Հայաստանում Չինաստանի համանման օրերի անցկացում: Ո՞ր փուլում է գտնվում Երեւանում Կոնֆուցիայի ինստիտուտի բացման գործընթացը:
Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումների շրջանակներում նախատեսված է գալա-համերգ Պեկինում, անհատական ելույթներ`ներառյալ Շենյան քաղաքում համերգները, ինչպես նաեւ ցուցահանդեսի անցկացումը: ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատունն իր աջակցությունն է ցուցաբերել այդ միջոցառման նախապատրաստական աշխատանքին: Ցանկանում եմ այդ առնչությամբ հատուկ երախտագիտություն հայտնել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Խուն Ցզյուինին, քանի որ մշակութային դիվանագիտությունը կարեւոր նշանակություն ունի արդի միջազգային հարաբերություններում: Մեր երկրների միջեւ մշակութային փոխանակությունն իրականացվում է` երկու տարին մեկ նորացվող մշակութային համագործակցության ծրագրի համաձայն: Ընթացիկ տարում առաջին անգամ Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում տեղի են ունեցել Չժան Չժոու քաղաքի հազարամյա պատմություն ունեցող խամաճիկների թատրոնի դերասանների հյուրախաղերը: Թատրոնի ելույթները զուգադիպել են Հայաստանում ընթացող տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին: Չինացի դերասանների մածահմուտ կատարումն առաջ է բերել ոչ միայն պատանի հայ հանդիսատեսի, այլ նաեւ ավագ սերնդի հիացմունքը: Ինչ վերաբերում է Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերին, Հայաստանի մշակույթի նախարարությունն արդեն ՀՀ-ում Չինաստանի մշակույթի օրեր անցկացնելու հրավեր է ուղարկել Չինաստան:
Հայաստանում Կոնֆուցիայի ինստիտուտ բացելու նախագիծը ներկայումս համագործակցության գերակայություններից մեկն է, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, չինարեն լեզվի եւ մշակույթի իմացությամբ տարբեր որակավորման մասնագետների պատրաստումը Հայաստանում կարեւոր նշանակություն է ձեռքբերում: Նախագիծն իրականացնում են Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը եւ Չինարեն լեզվի միջազգային գործակալությունը: Ներկայումս համապատասխան համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանք է ընթանում:
Հայկական բուհերում սովորում են Հնդկաստանից շատ ուսանողներ: Հայ երիտասարդության շրջանում կա՞ն արդյոք Հնդկաստանի բուհերում ուսանել ցանկացողներ: Մասնավորապես, անցյալում հնդկական կողմն իր ռազմակրթական հաստատություններում հայ զինծառայողների համար տեղեր հատկացնելու պատրաստակամություն էր հայտնել: Ի՞նչ ընթացք է ստացել այդ նախաձեռնությունը:
Հնդկաստանի հետ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցությունը մարդասիրական ոլորտում մեր երկրների փոխգործակցության գերակա ուղղություններից մեկն է: Մշտապես կատարելագործվում է երկկողմ փոխանակումների հիշյալ ոլորտի համապատասխան նորմատիվ-իրավական բազան, որը ենթադրում է նաեւ ուսուցչական կազմի, տեղեկատվության փոխանակում, համատեղ գիտական մշակումների իրականացում եւ այլն: Տեխնիկական օգնության ծրագրի շրջանակներում 1993 թվականից Հնդկաստանի կառավարության կողմից տարեկան 40-ից մինչեւ 60 տեղ է հատկացվում տնտեսության, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի տարբեր ոլորտների, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ դիվանագիտության բնագավառում հայ մասնագետների նախապատրաստման եւ որակավորման բարձրացման համար: Պետք է նշեմ, որ այդ դասընթացներ շատ բարձր որակի են: Ինչ վերաբերում է հնդկական բուհերում հայաստանցի ուսանողների ուսուցմանը, ապա պետք է նշել, որ Հնդկաստանում համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխանող ուսումնական հաստատությունների առկայության պայմաններում մեր երկրում այդ բուհերի ուսումնական ծրագրերի եւ պայմանների պատշաճ ներկայացման պահանջ է զգացվում: Ինչ վերաբերում է Հնդկաստանի ռազմակրթական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանը, ապա կողմերը լրամշակում են այդ բնագավառում երկկողմ համաձայնագրի համապատասխան դրույթները, որը նախատեսված է տվյալ ուղղությամբ համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագրով: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները, հիշյալ փաստաթղթի համաձայն, անհրաժեշտության դեպքում ուսուցման կուղարկեն զինծառայողների:
Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում տնտեսական եւ մարդասիրական ուղղություններով երկու երկրների հետ համագործակցության մակարդակը:
Համագործակցության մակարդակը բավականին բարձր է, սակայն այնպիսի արագ զարգացող երկրների հետ, ինչպիսին Հնդկաստանը եւ Չինաստանն է, այն պետք է մշտապես զարգացում ապրի: Եվ զանգվածային լրատվության միջոցները պետք է ակտիվ դեր խաղան ինչպես Չնաստանի եւ Հնդկաստանի, այնպես էլ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության լուսաբանման գործում: