ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը

06 օգոստոսի, 2007

Հարց. - Ինչպիսի՞ն է Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Ի՞նչն է խոչընդոտում բանակցային գործընթացի զարգացմանը, եւ արդյոք, լույս կա՞ թունելի վերջում: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա միջազգային հանրության կողմից չճանաչված ԼՂ նախագահական ընտրությունները:

Պատասխան. - Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները սեղանի վրա դրված սկզբունքների հիման վրա: Հակառակ ադրբեջանական կողմի տատանումների եւ ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու նախանշաններին` մենք համոզված ենք, որ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում կարող ենք արձանագրել լուրջ առաջընթաց:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրություններին, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այս ընտրությունները դարձան Արցախի բնակչության ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ապահովման գրավականներից մեկը, ինչն իր հերթին միայն դրական ազդեցություն կարող է ունենալ հետագա բանակցային գործընթացի վրա: Այս ընտրությունների անտեսումը ոչ կոռեկտ է եւ ուղղակիորեն հակասում է ժամանակակից քաղաքական արժեքներին, այն դեպքում, երբ Արցախում ընտրովի իշխանությունների առկայությունը նախատեսված է մի շարք միջազգային փաստաթղթերով:

Հարց. - Կոսովոյի անկախության ճանաչումը հնարավո՞ր է, արդյոք, ազդեցություն ունենա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետագա ընթացքի վրա:

Պատասխան. - Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն բնույթով առանձնահատուկ է, այդ առումով բացառություն չէ նաեւ ԼՂ հակամարտությունը: Մեր կարծիքով յուրաքանչյուր կոնֆլիկտ պետք է դիտարկել` հաշվի առնելով հիմնախնդրի առանձնահատկությունները: Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, իսկ Կոսովոն` իր յուրօրինակ կողմերը: Այսօր Ղարաբաղը հստակորեն շարժվում է ինքնորոշման ուղով` անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի մյուս հակամարտությունների վերջնական լուծումը: Չմոռանանք, որ ի տարբերություն Կոսովոյի հակամարտության, որի ժամանակ միջազգային ուժերն ու ՆԱՏՕ-ն վերջ դրեցին Սերբիայում պատերազմին, եւ երբ այնտեղ ՄԱԿ-ն ու Եվրամիությունը յոթ տարվա ընթացքում հիմնում էին պետական կառույցներ, Լեռնային Ղարաբաղը արդեն մոտ քսան տարի է, ինչ փորձում է ինքնուրույն հաղթահարել իրեն պարտադրված ագրեսիան եւ հաջողությամբ առաջ շարժվել պետականության կառուցման ճանապարհով:

Անկախ Կոսովոյի ճակատագրից` Լեռնային Ղարաբաղն ընթանալու է ձեռք բերած ինքնորոշման միջազգային ճանաչման ուղղությամբ:

Հարց. - Այսօր հայկական խաղաղապահներն Իրաքում իրականացնում են մարդասիրական առաքելություն: Հաշվի առնելով այդ երկրում վերջին շրջանում իրավիճակի բարդացումը` հնարավո՞ր է, արդյոք, որ Երեւանը որոշում ընդունի նրանց հետ կանչելու:

Պատասխան. - Իրաքում Հայաստանը բացառապես իրականացնում է մարդասիրական առաքելություն ժողովրդավարական ճանապարհով ընտրված իրաքյան կառավարության խնդրանքով: Իհարկե, մեզ անհանգստացում է Իրաքում իրադրության սրումը, բայցեւայնպես, կարծում ենք, որ պետք է շարունակել օգնություն տրամադրել Իրաքի ժողովրդին:

Հարց. - Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում Միացյալ Նահանգների եւ հնարավոր է նաեւ այլ պետությունների հետ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման ռուսաստանյան առաջարկին:

Պատասխան. - Մեր կարծիքով, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործման հարցը մեծ քաղաքականության մաս է կազմում: Այնքան ժամանակ որքան խոսքը միայն կայանի շահագործման մասին է, այլ ոչ թե հրթիռների տեղակայման, այն չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա: Կարծում եմ այստեղ մտահոգվելու պատճառ առավել շատ ունի Ադրբեջանը, որն իր կամքից անկախ կարող է մեծ քաղաքականության զոհ դառնալ:

Հարց. - Վերջին շրջանում տնտեսական ոլորտում նկատվում է ռուս-հայկական հարաբերությունների ակնհայտ ակտիվացում, եւ որոշ մասնագետների անհանգստացնում է այն փաստը, որ ռուսական բիզնեսին է անցնում Հայաստանի ակտիվների զգալի մասը: Արդյոք, Դուք կիսու՞մ եք այդ անհանգստությունը:

Պատասխան. - Հայաստանի համար Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցությունը արտաքին տնտեսական քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է: Չմոռանանք, որ ռուսական շուկան ավանդաբար եղել է առավել մատչելի մեզ համար: Բացի արդեն իսկ հաստատված երկկողմ հարաբերություններից այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, մետաղագործությունը, քիմիան, առեւտուրը, առաջ են եկել հարաբերությունների զարգացման նոր ուղղություններ` բանկային համակարգը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը, փոքր եւ միջին բիզնեսը:

Հայաստանում այսօր գրանցված է ռուսական կապիտալի մասնակցությամբ մոտ 700 կազմակերպություն: Ռուսական կապիտալի աճը եւս մեկ անգամ վկայում է, որ հայկական շուկան առավել գրավիչ է դառնում ոչ միայն ռուսական կապիտալի համար, այլեւ` այլ երկրների, նույնիսկ` հեռավոր ներդրողների: Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար:

Տպել էջը