ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները Իրանում հրապարակվող «Հույս» երկշաբաթաթերթի հարցերին
30 հուլիսի, 2007Հարց.- 2006թ. տեղի ունեցած «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովում կայացրած որոշումներից որո՞նք են մինչ այսօր իրականացվել: Եւ ինչպիսի՞ դրական անդրադարձ են ունեցել սփյուռքի վրա: Ինչ փուլում է գտնվում 50 գյուղերում անցկացվելիք վերանորոգման աշխատանքների ծրագիրը:
Պատասխան.- 2006թ. սեպտեմբերին Երեւանում կայացած Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի օրակարգում ներառված էին համազգային կոնկրետ ծրագրեր, որոնց բովանդակությամբ էլ պայմանավորված էին քննարկումների արդյունքները եւ ընդունված փաստաթղթերի բնույթը:
Խորհրդաժողովի ընթացքում հնչած բոլոր ելույթներն ու առաջարկությունները ուսումնասիրվեցին եւ ամփոփվեցին, որոնցից մի քանիսն արդեն իրականացվում են:
Խորհրդաժողովի գլխավոր արդյունքներից էր «Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագրի» քննարկումն ու հաստատումը:
Խորհրդաժողովից հետո իրականացվեցին համապատասխան կազմակերպչական աշխատանքներ եւ մայիս ամսին ծրագիրը փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Վերջինս սկսել է ծրագրի իրականացման հետ կապված Տավուշի մարզի հինգ գյուղական համայնքներում:
Հարց. - Վերջերս Թեհրանում կազմավորվել է «Իրան-Հայաստան» բարեկամական միությունը: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս նախաձեռնությունից` հաշվի առնելով, որ Իրանում կա հայկական մեծ համայնք:
Պատասխան. - Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է իրանահայ համայնքի դերակատարությունը: Հուսով ենք, որ նորաստեղծ միության շրջանակներում նույնպես հայ համայնքի ներկայացուցիչներն կշարունակեն իրենց արգասաբեր գործունեությունն` ի շահ մեր երկու երկրների բարօրության եւ առաջնթացի:
Հարց. - Արդյոք, Արաքս գետի վրայով անցնող գազամուղից բացի ուրիշ ծրագրե՞ր էլ կան:
Պատասխան. - Հայաստանի անկախությունից ի վեր Իրանի հետ հաստատվեցին սերտ, բարիդրացիական հարաբերություններ, որոնք պարարտ հող նախապատրաստեցին տարբեր բնագավառներում երկկողմ նախագծերի իրականացման համար:
Անցնող տարիներին գործուն քայլեր ձեռնարկվեցին երկուստեք կարեւորություն ունեցող նախագծերի իրականացման ուղղությամբ: 2007թ. մարտի 19-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ բացվեց Իրան-Հայաստան գազատարը: Նույն օրը երկու երկրների էնեգետիկայի նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին Համաձայնագիրը»: Ներկայումս քննարկվում են էներգետիկ ոլորտում համագործակցության այլ ծրագրեր:
Անշուշտ, հայ-իրանական համագործակցությունը բավականին ընդգրկուն է եւ չի սահմանափակվում միայն էներգետիկ համագործակցությամբ: Արդյունավետ եւ ակտիվ համագործակցում է ընթանում նաեւ տրանսպորտի, առեւտրի, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության, մշակույթի բնագավառներում:
Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում արդյունավետ գործունեություն է ծավալել նաեւ հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական` 7-րդ նիստը վերջերս անց կացվեց Երեւանում:
Հարց. - Որո՞նք եք համարում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Պատասխան. - ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ընկած է բոլոր հարեւանների հետ բարիդրացիական կապերի հաստատումն ու պահպանումը, տարածաշրջանային եւ միջազգային բեմահարթակում Հայաստանի ակտիվ դերակատարության ապահովումն ու խորացումը: Ես այժմ կթվարկեմ մի քանի առաջնահերթություններ, որոնց հետեւողական իրագործումը մասն է կազմում միասնական եւ ամբողջական օրակարգի:
- աշխարհաքաղաքական նոր իրողությունների հաստատման արդի գործընթացներում Հայաստանի անվտանգության եւ տնտեսական զարգացման շահերից բխող արժանի տեղի ապահովումը,
- գլոբալ նշանակության ծրագրերում, մասնավորապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարին Հայաստանի մասնակցությունը,
- միջազգային կարեւորագույն կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը,
- տարածաշրջանային գործընթացներում ներգրավված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների զարգացումը, եվրոպական ինտեգրացման գործընթացներում, եվրատլանտյան եւ հետխորհրդային տարածքի համագործակցության կառույցներում Հայաստանի անհրաժեշտ մասնակցությունը:
Տարածաշրջանային օրակարգի առաջնահերթ հարցերի թվում են.
- անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը,
- Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը,
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը,
- տարածաշրջանային կայունության ամրապնդումը, փոխշահավետ համագործակցության ծավալումը, այստեղ իրականացվող միջազգային տնտեսական ծրագրերում երկրի մասնակցության ապահովումը:
Հարց.- Ինչպիսի զարգացումներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Պատասխան.- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների հերթական փուլը տեղի ունեցավ ընթացիկ տարվա հունիսին Ս.Պետերբուրգում, ուր հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Թեեւ հանդիպման արդյունքում որեւէ տեսանելի առաջընթաց չգրանցվեց, սակայան մենք շարունակելու ենք մեր դրական ներգրավածությունը ունենալ այս զգայուն եւ կարեւոր գործընթացում` չխնայելով մեր ջանքերը կարգավորելու հակամարտությունը եւ նպաստելու տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատմանը:
Հարց. - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կողմից երկքաղաքացիության ընդունումը: Ինչ դրական եւ բացասական կողմեր ունի այն:
Պատասխան.- Երկքաղաքաքացիության ինստիտուտի ընդունումը Հայաստանի կողմից ողջունելի է եւ այն կարելի է միայն դրական համարել: Այնպիսի ժողովուրդ ինչպիսին է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հնրավորոություն կունենան մշտապես կապված լինելու իր Հայրենիքին` նաեւ երկրի քաղաքացիությունը ունենալով:
Միաժամանակ, Հայաստանի անկախության այս նոր փուլում, Հայաստանը պետք է գործի դնի այն ճկունությունը, որն իր ազգային առանձնահատկությունների մասն է կազմում, որպեսզի գտնի ու ստեղծի նոր ռեսուրսներ` իր դիրքերը պահպանելու համար: Այս նոր պաշարների մի մասը կգա Հայաստանից, իսկ մյուսը` Սփյուռքից: