ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները «Պանարմենիան.նետ » լրատվական գործակալության հարցերին
12 մարտի, 2007Հարց. - Պրն. Օսկանյան, 2006 թվականը չդարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «բեկումնային պատուհանը»։ Ներկայումս շատերը խոսում են 2007թ. «պատուհանի» մասին։ Ինչպիսի՞ն են Ձեր կարծիքով հակամարտության լուծման իրական ժամկետները։
Պատասխան. - Իրական ժամկետներ այսօր, կարծում եմ, որեւէ մեկը չի կարող կանխորոշել կամ կանխագուշակել։ Բանակցությունները ընդհատված չեն, դրանք շարունակվում են. դա բավական աշխատատար գործընթաց է։ Միեւնույն ժամանակ, նշեմ, որ 2007 թվականին կարգավորման ուղղությամբ առաջընթացը չեմ բացառում։ Բանակցային սեղանի վրա եղած փաստաթուղթն այդ հույսը ներշնչում է. դեռեւս կան բազմաթիվ չլուծված պրոբլեմներ, բայց սկզբունքների շուրջ համաձայնության գալու առումով, իսկապես, մենք ունենք որոշակի հիմքեր: Դա, նախեւառաջ, պայմանավորված է այն գիտակցությամբ, որ այդ սկզբունքներն այսպես օդից չեն իջեցվել եւ առաջարկվել կողմերին` դրանք երկարատեւ բանակցությունների արդյունք են, եւ երկու կողմերն էլ քաջ գիտակցում են ինչի շուրջ են բանակցում:
Մեր երկրում խորհրդարանական ընտրությունից հետո, կարծում եմ, ինչ-որ պատուհան լինելու է, եւ, եթե փոխադարձաբար բոլոր կողմերն անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորեն, հատկապես, ադրբեջանական կողմը, հնարավոր է լուրջ տեղաշարժեր արձանագրել այս տարվա ընթացքում:
Հարց. - ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շատ է խոսվում երկու երկրների միջեւ վստահության հաստատման մասին, սակայն հարեւան երկրում ժողովրդին ջանադրաբար «մշակում են» հայերի հանդեպ ատելության ոգով։ Արդյոք, այս դեպքում չի ստացվու՞մ խաղ մեկ դարպասի վրա, այսինքն ուզում են, որ մենք հավատանք ադրբեջանցիներին, ովքեր դաստիարակվում են հայերի նկատմամբ ատելությամբ։
Պատասխան. - Կարծում եմ, մեր ժողովրդի խոհեմությունը դարերի պատմություն ունի։ Ժողովուրդը հասկանում է, որ չկան հավերժական թշնամիներ։ Հուսով եմ, ադրբեջանցի ժողովուրդն էլ այդ խոհեմությունն ունի։ Փոխվստահությունը հակամարտության կարգավորման կարեւոր նախապայմաններից մեկն է, առանց որի հնարավոր չէ առաջ շարժվել։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւորում է այդ հարցը եւ փորձում այդ ուղղությամբ տարատեսակ մակարդակներով քայլեր ձեռնարկել։
Կարծում եմ, որ Ադրբեջանում ծավալող հայերի նկատմամբ նման հակաքարոզչական քաղաքականությունը ոչ միայն հեռանկարային չէ, այլեւ կասկածներ է առաջացնում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրանց արվող հայտարարությունների անկեղծության մեջ:
Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ աշխարհում գերակա միտումները կհարկադրեն ադրբեջանական իշխանություններին վերանայել իրենց ապակառոցողական մոտեցումները եւ վերջնականապես հրաժարվել ռազմական ուժի միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակի շահարկումներից։
Հարց. - Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրում է բանակցային գործընթացի արգելակման համար: Դուք հայմաձա՞յն եք այս պնդման հետ։
Պատասխան. - Իհարկե, համաձայն չեմ։ Եթե այդպես լիներ, ապա անիմաստ կլիներ շարունակել այդ բանակցությունները։ Ասվածի մեջ տրամաբանություն չեմ տեսնում։ Իսկ ադրբեջանական կողմը, եթե իսկապես այդպես է կարծում, ապա դրա նպատակը պարզ է. ճնշում գործադրել համանախագահների վրա՝ շահարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը այլ ատյաններ տեղափոխելու հնարավորությունը։ Սակայն, դատելով բանակցություններին մասնակցելու ադրբեջանական իշխանությունների պատրաստակամությունից, նման կարծիքը այսօր գերակայող չէ ադրբեջանական կողմի մոտ։
Հարց. - Հայաստանը կողմ է Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցելուն։ Այս դեպքում ինչպիսի՞ դրական եւ բացասական ակնկալինքներ ունի Հայաստանը։
Պատասխան. - Կուզեի որոշ ճշգրտում մտցնել` մենք իսկապես կցանկանայինք, որ Հայաստանի հարեւանը լիներ այնպիսի մի երկիր, ինչպիսին ԵՄ անդամ պետություններն են` ժողովրդավարական, բաց հասարակությամբ, մարդու իրավունքների, խոսքի ազատության անվերապահ հարգմամբ: Ակնհայտ է, որ Թուրքիան այսօր այդպիսինը չէ: Եւ հարց է. արդյո՞ք կկարողանա Թուրքիան դառնալ այդպիսին:
Հարց. - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների ղեկավարների վերջին հանդիպումը եւ կարելի՞ է ինչ-որ ակնկալիքներ ունենալ մարտի 14-ի հանդիպումից։
Պատասխան. - Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բանակցությունների ընթացքում շարունակվեցին կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները, անդրադարձ եղավ փաստաթղթի մանրամասներին: Կառուցողական եւ հուսադրող մթնոլորտում անցած բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումների շարունակման վերաբերյալ:
Չէի ուզենա մեծ տեղ տալ Ադրբեջանի պատվիրակության որոշ անդամների հայտարարություներին եւ հույս ունեմ, որ ադրբեջանական կողմի մոտ կգերիշխի հավատարմությունը քննարկվող փաստաթղթի ոգուն եւ տառին եւ ցանկությունը` գրանցել առաջընթաց: Համենայնդեպս, մենք այդպես ենք տրամադրված: Մեր պոզիտիվ տրամադրվածությունը բխում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` կողմերի հետ ինտենսիվ եւ լուրջ նախապատրաստական քննարկումներից։ Իսկ հանդիպման արդյունքների մասին կարող ենք խոսել դրա ավարտից հետո միայն։