ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի պատասխանները «Արմինֆո» լ/գ հարցերին

07 փետրվարի, 2007

ՀԱՐՑ. - Արդյո՞ք ստացել է Հայաստանը Իրաքում խաղաղապահների թվի ավելացման առաջարկություն:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Հայաստանն Իրաքում խաղաղապահների թվի ավելացման առաջարկություն չի ստացել: Նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային Ժողովն ընդունել է որոշում Իրաքում հայ խաղաղապահների ներկայության ժամկետը եւս մեկ տարով երկարացնելու մասին, սակայն խաղաղապահների թվի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՐՑ. - Ինչպե՞ս կգնահատեիք Իրաքում հայկական համայնքի վիճակը:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Այդ երկրում հայկական համայնքի վիճակն այնպիսին է, ինչպես եւ ողջ իրաքյան ժողովրդինը՝ բավականին բարդ ու ծանր: Շատերը հարկադրված էին հեռանալ Իրաքից: Մենք ակնկալում ենք իրավիճակի շուտափույթ կայունացում:

ՀԱՐՑ. - Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը արաբական աշխարհի երկրների տարածքում հակամարտությունների նկատմամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Հայ ժողովուրդն ամբողջովին ճաշակել է կոնֆլիկտային իրավիճակի եւ պատերազմի սարսափելի հետեւանքների ողջ դառնությունը, ու Հայաստանի դիրքորոշումն այդ առումով միանշանակ է. մենք հանդես ենք գալիս բացառապես խաղաղ միջոցներով փոխընդունելի պայմաններով ցանկացած հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին՝ հարգելով ինքնորոշման իրավունքը:

ՀԱՐՑ. - Ինչպե՞ս են զարգանում հայ-արաբական հարաբերությունները եւ ինչպես հայտնի է արաբական ներդրումները աշխարհում համարվում են ամենագրավիչներից մեկը: Որքանո՞վ է հեռանկարային Հայաստանի համագործակցությունն արաբական երկրների հետ այդ ներդրումային առումով:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Արաբական պետությունների լիգայի հետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են պատմականորեն ձեւավորված բարեկամական, կարելի է անգամ ասել՝ հայ եւ արաբ ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա: 2005 թվականի հունվարին Հայաստանի եւ Արաբական պետությունների լիգայի միջեւ ստորագրվել էր Փոխըմբռնման հուշագիր, որն ամրագրել է համագործակցության բարձր մակարդակը: Հարկ է մատնանշել է վերջին տարիներին աճող փոխադարձ հետաքրքրությունը Հայաստանի եւ արաբական աշխարի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գծով: Արաբական շատ երկրների հետ ստորագրվել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք իրավական հիմք են ստեղծում հետագա փոխշահավետ համագործակցության համար: Մենք արդեն ունենք արաբական ներդրումների հաջող փորձ, այս փուլում հիմնկանում առեւտրի եւ սպասարկման ոլորտներում: Մասնավորապես պետք է հիշատակել է բջջային կապի օպերատոր «Վիվասել» ընկերության, մի շարք վերամշակող ձեռնարկությունների գործունեությունը, շինարարության ոլորտում իրականացվող ներդրումները, «Էյր Արաբիա» ընկերության մուտքը հայկական շուկա եւ այլն:

ՀԱՐՑ. - Ինչպիսի՞ն են Հայաստանի հարաբերությունները արաբական պետությունների հետ եւ զարգացման ի՞նչ հեռանկարներ կան: Որքա՞ն սերտ են Հայաստանի հարաբերություններն արաբական երկրների հայկական համայնքների հետ, ինչպիսին է նրանց դրությունը, հատկապես «թեժ կետերում»:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Հայաստանը մտադիր է հնարավորին չափ ընդլայնել եւ խորացնել հարաբերություններն արաբական բոլոր պետությունների հետ: Հայաստանը լավ հարաբերություններ ունի արաբական գրեթե բոլոր պետությունների հետ: Համապատասխան փոխադարձ ձգտումների բերումով, այդ հարաբերությունները կարող են առավել ակտիվ լինել կոնկրետ երկրի հետ այս կամ այն ոլորտում: Հայկական դիվանագիտությունը մշտապես ներկա է արաբական աշխարհի այն երկրներում, որոնց հետ պատմականորեն ձեւավորվել են առավել ակտիվ հարաբերություններ: Հետագայում, ելնելով անհրաժեշտությունից եւ համագործակցության ակտիվացումից, մենք աշխատանք կտանենք հայկական դիվանգիտության առավել ընդարձակ ներկայության ուղղությամբ:

Արաբական երկրների հայկական համայնքները կարեւոր դեր են կատարում պատմական հայրենիքի հետ իրենց երկրների փոխհարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում: Հանդիսանալով իրենց երկրների օրինապահ քաղաքացիներ՝ նրանք ամբողջությամբ կիսում են Հայոց ցեղասպանությունից հետո երկրորդ հայրենիք դարձած երկրների եւ իրենց ապաստան տված ժողովուրդների բոլոր ուրախություններն ու տխրությունները: Արաբական երկրների հայկական համայնքները նաեւ նշանակալի դեր են խաղում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Նշանակալի է նրանց դերը նաեւ հայկական պետականության ամրապնդման ու զարգացման գործում:

ՀԱՐՑ. - Ի՞նչպես է միջազգային ասպարեզում զարգանում Հայաստանի համագործակցությունն արաբական երկրների հետ, եւ որքա՞ն հաճախ է կրոնադավանական գործոնն ազդում այդ համագործակցության վրա:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Միջազգային ասպարեզում արաբական երկրների մեծ մասի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնանում են փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակով: Սակայն, չի կարելի անտեսել արաբական երկրների հետ մեր համագործակցության մեջ երկպառակություն մտցնելու շահագրգիռ կողմերի փորձերը: Այդ առումով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի լույսի ներքո, ցավոք, պետք է փաստեմ ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումը, եւ մասնավորապես՝ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության շրջանակներում կրոնադավանական գործոնը պարտադրելու փորձերը: Հայ եւ արաբ ժողովուրդները դարերով ապրել են կողք կողքի՝ հարգելով միմյանց կրոնական զգացմունքները, այնպես որ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված կրոնադավանական գործոնը կարող է դրական՝ ամրապնդող դեր խաղալ:

Ռուսերեն տարբերակ

Տպել էջը