2007թ. հունվարի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրությունների «Իրազ» հաստատությանը տված հարցազրույցը

07 հունվարի, 2007

Հարց. - Հայաստանն Իրանի հետ իր հարաբերություններում ինչքանո՞վ է գտնվում Ռուսաստանի ազդեցության տակ:

Պատասխան. - Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն, ինչպես նաեւ Հայաստան-Ռուսաստան եւ Իրան-Ռուսաստան հարաբերությունները պայմանավորված չեն որեւէ մեկ այլ երկրի ազդեցությամբ: Երեք երկրներն էլ իրենց երկկողմ հարաբերությունները զարգացնում են որպես սուվերեն պետություններ՝ առաջնորդվելով իրենց շահերով, առաջնահերթություններով:

Անշուշտ, գոյություն ունեն տարածաշրջանային մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, որոնց նկատմամբ երեք երկրներն էլ ունեն ընդհանուր հետաքրքրություն: Դրանցից ես կառանձնացնեի, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի արդյունավետ գործարկման խնդիրը, որի իրականացումը ձեռնտու է երեք երկրներին: Հայաստանը հավասարապես Իրանի եւ Ռուսաստանի հետ զարգացնում է բարիդրացիական հարաբերություններ եւ վարում է սերտ համագործակցություն երկու ուղղություններով:

Հարց. - Ինչպե՞ս եք տեսնում էներգետիկայի առումով Իրան-Հայաստան համագործակցության ապագան եւ ի՞նչ տեսակետ ունի Հայաստանը տարածաշրջանի այլ ուժերի շահերից ելնելով դեպի Ուկրաինա եւ Եվրոպա իրանական գազի տարանցման վերաբերյալ:

Պատասխան. - Առհասարակ, Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության առյուծի բաժինը կազմում է էներգետիկայի բնագավառը: Այստեղ առկա են եւ փոխադարձ պայմանավորվածություններով սահմանված են մի շարք հեռանկարային ծրագրեր, որոնցից են, ինչպես գիտեք, Իրան-Հայաստան գազատարի ծրագիրը: Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովն իր նախորդ նիստի ընթացքում արդեն սահմանել է այս բնագավառում ապագա անելիքները, մասնավորապես,պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերը նշված բնագավառում համագործակցության ընդլայնման եւ զարգացման վերաբերյալ: Դրանք են. Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի ծրագրի իրականացումը, գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի անցկացումը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի կառուցումը եւ այլն:

Ինչ վերաբերվում է դեպի եվրոպական երկրներ իրանական գազի տարանցման հարցին, ապա պետք է նշեմ, որ Հայաստանը մշտապես ողջունել է այդ ծրագիրը, սակայն, տարանցումն իր տարածքով իրականացնելու համար մինչ օրս ոչ մի առաջարկ պաշտոնապես չի ստացել որեւէ կողմից:

Հարց. - Արդյո՞ք, ըստ Ձեզ, 2007թ. առաջադիմություն կլինի Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Իրանի համար միջնորդության առումով ինչպի՜սի դիրքեր գոյություն ունեն:

Պատասխան. - Ինչպես հավանաբար տեղյակ եք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Վերջին տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, ինչպես նախագահների, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով, որոնց ընթացքում քննարկվել են խնդրի կարգավորման հնարավոր ուղիները:

Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ այցելում են տարածաշրջան, հանդիպումներ ունենում Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում: Ոչ վաղ անցյալում տեղի ունեցավ հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված քայլեր, սակայն, դրանք հերթական անգամ ձախողվեցին ադրբեջանական կողմի ոչ կառուցողական եւ անհանդուրժողական կեցվածքի արդյունքում: Առաջադիմության համար նախ անհրաժեշտ է, որպեսզի Բաքուն դրսեւորի քաղաքական կամք, եւ աշխատանք տանի համապատասխան հասարակական կարծիք ձեւավորելու համար, այն ինչ տեղի է ունենում հակառակը, իրականացվում են անբարենպաստ քայլեր: Նախիջեւանի հայկական գերեզմանատան ոչնչացումն ասվածի վառ ապացույցն է:

Ինչ վերաբերվում է Իրանի միջնորդությանն, ապա անհրաժեշտ եմ համարում փաստելու, որ այդ միջնորդությունն արդեն իսկ տեղի է ունենում տարածաշրջանում Իրանի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականության միջոցով: Այդպիսի դրական ներգրավվածությամբ Իրանը նպաստում է տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը, մասնավորապես, ԼՂ հիմնահարցի լուծման ուղղուրյամբ տարվող գործընթացներին:

Հարց. - Ձեր տեսակետները խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստանի իշխանությունների միջեւ առկա տարաձայնությունների մասին եւ պրն Ռ. Քոչարյանի ու պրն Ս. Սարգսյանի տեսակետների տարբերությունն ինչու՞մն է:

Պատասխան. - Նախ ասեմ, որ ՀՀ իշխանությունները մեծապես կարեւորում են այս տարվա մայիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից եւ այս հարցում , իշխանությունները միակարծիք են: Ինչպես ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, այնպես էլ Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ բարձրաստիճան մյուս այրերի միջեւ տեսակետների տարբերություն գոյություն չունի: Գալիք ընտրությունները պետք է անցկացվեն ազատ եւ արդար, դրանք պետք է գրանցեն առաջընթաց՝ նախորդ շրջանի ընտրությունների նկատմամբ եւ ամրապնդեն ու անշրջելի դարձնեն ժողովրդավարության զարգացման գործընթացները Հայաստանում:

Հարց. - Հայաստանի մերձեցումը Եվրոպային ի՞նչ հետեւանքներ կունենա ավանդական միությունների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ տվյալ երկրի հարաբերություններում:

Պատասխան. - Եվրոպական կառույցներին աստիճանական ինտեգրումը, Եվրամիության հետ հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է եւ եվրոպական ուղղությամբ տարեցտարի խորացող համագործակցությունը մեծապես նպաստում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, աղքատության նվազեցման, ժամանակակից տնտեսական, քաղաքական եւ իրավական համակարգեր հաստատելու գործընթացներին:

Առհասարակ, Հայաստան-ԵՄ, Եվրոպայի խուրհուրդ հարաբերությունների զարգացումը կարող է միայն դրական հետեւանք ունենալ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Մենք, ինչպես Եվրոպայի, այնպես էլ այլ տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունները զարգացնելիս առաջնորդվում ենք արտաքին քաղաքականության փոխլրացման սկզբունքով: Հայաստանի եվրոպական քաղաքականությունը չի զարգացել եւ չի զարգանալու ի հաշիվ այլ երկրների: Մեր ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի մյուս երկրներին: Այդ հարաբերություններն իրենց հերթին խարսխված են եղել պատմամշակութային ընդհանրությունների, փոխշահավետ եւ փոխվստահելի հենքերի վրա: Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ ծառայել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ եւ մեր երկրի մշակութային բազմազանությունը, այսինքն միեւնույն ժամանակ մշակութային առումով Եվրոպային եւ Արեւելքին պատկանելը, անհրաժեշտ է դիտարկել որպես առավելություն եւ հարստություն, որից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները:

Տպել էջը