ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի բացառիկ հարցազրույցը «Ինտերֆաքս» գործակալությանը
29 դեկտեմբերի, 2006ՊԱՏԱՍԽԱՆ. - Ինչպես հայտնի է, ընթացիկ տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվել են «Պրագյան գործընթացի» շրջանակում: Տարին առավելապես հագեցած էր խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններով: Տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երեք հանդիպում, բազմաթիվ հանդիպումներ ԱԳ նախարարների մակարդակով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մի շարք այցելություններ տարածաշրջան:
2006 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի զարգացման տեսանկյունից, կարելի է գնահատել դրական, այն ապահովել է որոշակի առաջընթաց: Մեզ համար շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մնում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների առանցքում, ինչն իր արտացոլումն է գտել սեղանին դրված քննարկվող փաստաթղթում:
Ինչ վերաբերում է գործընթացի հեռանկարներին, ապա կնշեի, որ չնայած գարնանը Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին, մենք շարունակելու ենք բանակցությունները` նպատակ ունենալով տրամաբանական ավարտին հասցնել գործընթացը:
ՀԱՐՑ. - Անցնող տարվա արդյունքներն արտաքին քաղաքականության բնագավառում, այդ թվում` հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-վրացական հարաբերություններում Հայաստան-ԵՄ, Հայաստան-Իրան համագործակցության տեսակետից:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Հայաստանի զարգացման համար արտաքին բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը, երկրի տնտեսության զարգացման եւ տնտեսական անվտանգության համար արտաքին անհրաժեշտ պայմանների ապահովումը եղել են մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնայությունները:
Այստեղ ես կուզենայի հիշատակել ձեւավորված աշխարհաքաղաքական այն միջավայրը, որն իր ազդեցությունն է ունեցել ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ շեշտադրումների վրա: Խոսքս ռուս-վրացական շարունակվող դիմակայության, Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշման, դեպի Ռուսաստան տանող ցամաքային ճանապարհների փակման, ինչպես նաեւ հայ-թուրքական բացակայող հարաբերությունների մասին է: Տարածաշրջանային զարգացումների վրա մեծապես ազդեցին նաեւ Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը, պատերազմական գործողությունները եւ հետագա զարգացումները Լիբանանում:
Այսքանով հանդերձ, հաշվի առնելով նաեւ տարածաշրջանում ակտիվ ներգրավված տերությունների հետաքրքրությունները եւ տարածաշրջանային զարգացումները, մենք շարունակել ենք հետեւողականորեն հետապնդել մեր շահերը` անցկացնելով փոխլրացման քաղաքականություն:
Բնականոն զարգացում են ապրել մեր հարաբերությունները բարեկամ երկրների, գերտերությունների եւ միջազգային կառույցների հետ: Երկկողմ մակարդակով ակտիվ փոխգործակցություն ենք ծավալել մեր անմիջական հարեւանների, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, ԵՄ անդամ պետությունների եւ այլ երկրների հետ: Տարածաշրջանային առանձնահատուկ կարեւորություն ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի պետական այցը Հայաստան:
Երկկողմ մակարդակում իրականացվել են բազմաթիվ փոխայցելություններ, մշակութային, կրթական եւ բազմաբնույթ այլ միջոցառումներ: Ռուսաստանում հաջողությամբ անցկացվել է Հայաստանի տարի, Ֆրանսիայում այն դեռ շարունակվում է: Սկսվել է ԱՄՆ-ի հետ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը:
Որակական նոր մակարդակի է բարձրացվել եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացը, Եվրոպական Միության հետ ստորագրվել է գործողությունների ծրագիր, որը նախատեսում է քաղաքական, տնտեսական եւ մշակութային ինտենսիվ հարաբերությունների հաստատում ինչպես ԵՄ, այնպես էլ նրա անդամ պետությունների հետ: Արդյունավետ զարգացում է ունեցել ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանցքը հանդիսացող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը:
ՀԱՐՑ. - ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները հաջորդ տարվա ընթացքում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մենք շարունակելու ենք հետապնդել մեր շահերից բխող քաղաքականությունը` մեր ակտիվ ներգրավվածությունը ապահովելով տարածաշրջանային եւ միջազգային ատյաններում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչպես նաեւ հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կլինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից:
Հայաստանը շարունակելու է զարգացնել ինտեգրման գործընթացը եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին` իր դրական ներգրավվածությունը ապահովելով միջազգային անցուդարձերում: