Անհրաժեշտ է բարեփոխել թե ԱՊՀ-ի կազմը, թե բովանդակությունը

23 նոյեմբերի, 2006

Նոյեմբերի 27-ին Մինսկում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստի նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հարցազրույց տվեց ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ լրատվական գործակալության սեփական թղթակից Հ. Մաթեւոսյանին:

ՀԱՐՑ. - Պրն. Օսկանյան, ԱՊՀ ստեղծման պահից անցել է 15 տարի: Ինչպե՞ս կգնահատեիք ԱՊՀ-ի 15-ամյա գործունեության արդյունքը: Որո՞նք են հիմնական հաջողությունները, ի՞նչը չի հաջողվել:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Հայացք գցելով ԱՊՀ ստեղծման պահից անցած 15 տարիներին` անհրաժեշտ է նշել ԱՊՀ դերը Խորհրդային Միության փլուզման բացասական հետեւանքների նվազեցման գործընթացում: Կազմակերպությունը մեծ ներդրում է ունեցել անցումային շրջանում եւ բարդ միջազգային դրության պայմաններում հետխորհրդային երկրների բազմակողմ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի պահպանման գործում: Միեւնույն ժամանակ անցումը ազգային տարադրամների ԱՊՀ անդամ-պետությունների տնտեսական համագործակցության համար որոշակի հետեւանքներ ունեցավ` նախադրյալներ ստեղծելով նոր տեսակի համագործակցության համար, թե ԱՊՀ անդամների միջեւ, թե նրա սահմաններից դուրս:

Քաղաքական ոլորտում ԱՊՀ-ն նպաստում է հարաբերությունների տարբեր ուղղություններով զարգացմանը` հարմար ձեւաչափ հանդիսանալով նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Համագործակցության որոշ անդամների երկկողմ հարաբերությունները, նաեւ ԱՊՀ կազմում երկրների խմբերի որոշ հայտարարություններ ու գործողություններ երբեմն բացասական են ազդում կազմակերպության արդյունավետության վրա:

ՀԱՐՑ. - Որո՞նք են ԱՊՀ բարեփոխման հետ կապված ծրագրերը: Որո՞նք պետք է լինեն առաջնահերթությունները:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Հարկ է նշել, որ այսօր Համագործակցության կառուցվածքը աչքի չի ընկնում աշխուժությամբ եւ իրական արդյունքներին նպատակաուղղվածությամբ: Այդ պատճառով 2005թ. Կազանում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների գագաթաժողովի կարեւոր արդյունքներից մեկը ԱՊՀ մարմինների բարեփոխման եւ կատարելագործման մասին որոշման ընդունումն էր: Դա պարզ գործընթաց չէ: Եւ չմոռանանք, որ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի պես հեղինակավոր կազմակերպություններում բարեփոխումների գործընթացը նույնպես տեւական եւ խնդրահարույց ճանապարհ է անցնում:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, ապա մեր կարծիքով պետք է բարեփոխվի թե բուն կառուցվածքը, թե բովանդակությունը: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրիտ ուրվագծել կազմակերպության խնդիրները` ելնելով Համագործակցության հնարավորությունների իրական գնահատականից: Միայն այդ դեպքում մենք կարող ենք ակնկալել արդյունավետ բարեփոխումներ:

Ինչպես հայտնի է, վերոհիշյալ որոշման հիման վրա ստեղծված է Բարձր մակարդակի խումբ, որի նպատակն է սահմանել ԱՊՀ բարեփոխման գործընթացի առաջնահերթությունները. տնտեսական ինտեգրումից մինչեւ կայունության եւ անվտանգության ապահովում:

Հայաստանը ակտիվ մասնակցում է ԱՊՀ բարեփոխման գործընթացին, որի արդյունքում, մեր կարծիքով, միջպետական հարաբերություններում անցում կկատարվի որակական նոր մակարդակի, ԱՊՀ-ն կփոխակերպվի ինտեգրացիոն արդյունավետ համակարգի եւ համապատասխանաբար կարձանագրվի Համագործակցության հեղինակության աճ միջազգային ասպարեզում` որպես տարածաշրջանային ազդեցիկ կազմակերպության:

Ներկայում տեղի է ունենում հումանիտար հարաբերությունների ակտիվ ձեւափոխում, ինչի սկիզբը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների` Հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն էր: Մենք ակնկալում ենք, որ ինչպես Հումանիտար համագործակցության խորհրդի, այնպես էլ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործունեությունը կբարձրացնեն այդ ուղղությամբ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության արդյունավետությունը:

ՀԱՐՑ. - Ի՞նչ աշխատանք է տարվում ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների` ահաբեկության, ծայրահեղականության, նարկոտրաֆիկինգի դեմ, հավելյալ ի՞նչ է հարկավոր անել այդ ուղղությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ինչ վերաբերում է ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին համատեղ հակազդելուն, պետք է ասել, որ Հայաստանն ակտիվ ներգրավված է այդ գործընթացներում: ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի սպասվող նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել եւ ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ապօրինի միգրացիայի դեմ պայքարում համագործակցության ակտիվացմանը, 2007-2010թթ. մարդկանց ապօրինի վաճառքի դեմ պայքարին ուղղված ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ծրագրին, ինչպես նաեւ հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկության ֆինանսավորմանն ուղղված հակազդեցության ծրագրին:

Տպել էջը