«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված ՀՀ Ա նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչներին` ԱԺ-ի «ՀՀ 2007

08 նոյեմբերի, 2006

Հարց. - Լեհաստանն առաջարկել է Հայաստանի շահերը ներկայացնել Թուրքիայում եւ Թուրքիայինը` Հայաստանում: Այս առաջարկն իրագործելի է:

Վ. Օսկանյան - Այս առաջարկությունը արտգործնախարարության մակարդակով լեհական կողմը ներկայացրել է շուրջ երկու ամիս առաջ: Նախնական պատասխանը դրական է. մենք խրախուսում ենք նման նախաձեռնությունները: Հայաստանը Սեւծովյան կազմակերպության անդամ միակ երկիրն է, որն Ստամբուլում ներկայացուցչություն ունի, եւ դա մենք հատուկ ենք արել, որպեսզի թուրքական հողի վրա հայ դիվանագետ լինի, որի միջոցով կարողանանք շփումներ հաստատել: Այնպես որ` ներկայացուցիչների շփումների առումով մենք խնդիր չունենք: Թուրքական կողմն է, որ միշտ վերապահում է ցուցաբերում. նրանց կողմից այս հարցի վերաբերյալ որեւէ արձագանք չի եղել: Մենք էլ մեզ ենք վերապահել մեր դիրքորոշումը, բայց մեծ հաշվով նման կետերի բացման, շփումները հեշտացնելու առումով մենք խնդիր չունենք: Մենք այս տարիներին առավել գործնական ենք դարձել, որովհետեւ մեզ համար շփումներն ինքնանպատակ չեն. մենք ուզում ենք, որ արդյունք լինի, որովհետեւ նախապայմաններով հանդես չենք գալիս: Եթե կոնկրետ քայլ է լինելու, լավ կլինի իմանանք, որ այս քայլն արդյունք է տալու, այլապես հերթական հուսախաբության ենք գնալու, եւ իրավիճակն առավել բարդանալու է:

Հարց. - Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում խնդիր ունի Ռուսաստանին անվերապահ աջակցելու պատճառով: Կան նման խնդիրներ:

Վ. Օսկանյան - Մենք մեր շահերով ենք առաջնորդվում միջազգային կազմակերպություններում, ունենք մեր խնդիրները, շատ հաճախ փոխադարձ համաձայնություններ ենք ունենում այն երկրների հետ, որոնք աջակցում են մեր հարցերին, մենք էլ աջակցում ենք իրենց: Աջակցության հետ կապված նախապաշարում չկա: Միջազգային ատյաններն այն ատյաններն են, որոնցում մեզ համար բարենպաստ դաշտ է ստեղծվում մեր ձայնը լսելի դարձնելու, մեր շահերը հետապնդելու, մեր խնդիրները լուծելու համար: Այդ կազմակերպություններում մենք առաջնորդվում ենք միայն Հայաստանի շահերից ելնելով:

Հարց. - Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ իրենք դեմ կլինեն, եթե ռուսական գազը թանկանա միայն Վրաստանի համար: նահատական է հնչել, որ իրանական գազը Հայաստանով Վրաստան չհասավ, եւ վրացիներն ամեն ինչ անում են, որ ռուսական գազը Հայաստան չհասնի:

Վ. Օսկանյան - Եկեք ենթադրություններով չառաջնորդվենք: ազը մտնում է Հայաստան, հուսով եմ` կշարունակի մտնել: ները Ռուսաստանի հետ ամրագրվել են, մեզ համար հստակություն կա, բայց ոչինչ պետք չէ բացառել: Կապրենք, կտեսնենք` ինչպիսի զարգացումներ կլինեն, ուղղակի հույս ունենանք, որ ամեն ինչ նորմալ կլինի, ձմռան շեմին Ռուսաստանն ու Վրաստանը կկարողանան լուծել իրենց խնդիրները եւ փոխադարձ հասկացողության կգան, որը բխում է բոլորի շահերից, ինչպես երկու կողմերի, այնպես էլ` տարածաշրջանի մյուս երկրների:

Հարց. - Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի համար դրական կլինի:

Վ. Օսկանյան - Այդ մասին մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը: Դա, կարծես, երկար ճանապարհ է լինելու: ԵՄ նոր զեկույցը շուտով լույս կտեսնի, բայց դրա բովանդակությունն արդեն հայտնի է, եւ բավական բացասական գնահատական է տալիս, քննադատաբար է արտահայտվում Թուրքիայում տեղի ունեցող բարեփոխումների նկատմամբ: Այնպես որ` եթե այդ միտումները շարունակվեն, առավել հեռանում է Թուրքիայի անդամակցության խնդիրը, եւ մեզ համար հիմա անիմաստ է ինչ-որ ակնկալիքներ ունենալ ու գնահատականներ տալ, թե նրանց անդամակցությունը ինչ կտա Հայաստանին: Եթե գործընթացը նորմալ ընթանա, այնպես, ինչպես ԵՄ-ն է ակնկալում, այսինքն` Թուրքիան ավելի հավասարակշռված հարաբերություներ վարի իր հարեւանների հետ, բացի Հայաստանի հետ սահմանը, այս գործընթացը Հայաստանի համար միայն օգտակար կարող է լինել:

Հարց. - Ձեր կարծիքը Թուրքիայում հայ պատգամավորի նախաձեռնության մասին:

Վ. Օսկանյան - Ես մանրամասներին չեմ տիրապետում, չգիտեմ` կոնկրետ ինչ է եղել, համենայն դեպս` Էրդողանի ելույթին պատասխան չտալը դժվար է պատկերացնել: Եթե պատգամավորները դահլիճում նստել են, եւ վարչապետը հերթական ժխտողական միտումներն է ցուցաբերել, բնական է, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորը պետք է իր պատասխանը տար, իսկ թե այդ պատասխանն ինչքան համարժեք է եղել, հարգալից կամ ոչ, ես չեմ կարող գնահատել, որովհետեւ մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ` նորմալ է, որ պատասխան է տրվել:

Հարց. - Վերջերս խոսակցություններ են գնում Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման վերաբերյալ:

Վ. Օսկանյան - Ես չեմ ուզում այդ խոսակցություներին գնահատական տալ: Այսօր գործընթացն այնպիսի նուրբ իրավիճակում է, որ ավելի լավ է ենթադրություններով չառաջնորդվենք եւ վերլուծությունների, տեսությունների մեջ չմտնենք: Երբ կոնկրետ փաստ լինի, մենք համապատասխանաբար կարձագանքենք:

Գայանե Գասպարյան

Տպել էջը