ԱԳ Նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները «ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հարցերին

29 դեկտեմբերի, 2005
ՀԱՐՑ.- Ինչպիսի՞ն էր 2005 թվականը Հայաստանի համար արտաքին քաղաքականության առումով:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Գիտեք, տարին առհասարակ բարդ էր համաշխարհային առումով. միջազգային մարտահրավերներ են մնում ահաբեկչության, թմրաբիզնեսի, տրաֆիկինգի դեմ պայքարը, աշխարհի տարբեր մասերում առկա չլուծված հակամարտությունները, ազգամիջյան կռիվները, միջուկային զենքի չտարածման, բնապահպանական եւ մարդկության մշակութային ժառանգության պաշտպանության, աղքատության վերացման հարցերը, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հարցերը: Ես դեռ չթվարկեցի բոլորը:

Ահա եթե այս միջավայրում դիտարկենք մեր արտաքին քաղաքականությունը Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներով, ինքներդ կարող եք պատկերացում կազմել մեր ընթացիկ դիվանագիտական տարվա հագեցվածության մասին:

Կոնկրետ նշեմ մի քանի ուղղություններ: Վերջնագծին է հասել ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի Գործողությունների ծրագիրը: Մի քանի օր առաջ հաստատվեց Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որը նոր որակ է հաղորդելու Դաշինքի հետ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությանը: ԱՄՆ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրում հաստատվեց Հայաստանի մասնաբաժինը, որը զգալի ներդրում է լինելու մեր տնտեսության մեջ: Սկսվել է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը: Երկկողմ մակարդակով հագեցած հարաբերություններ ծավալվեցին երկու խոշոր գործընկերների` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ: Քաղաքական առումով դրական տեղաշարժ արձանագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որ, հուսով ենք, գալիք տարում կպահպանի տեմպը: Առանձնապես կարեւորում եմ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որը հստակորեն ունի նաեւ արտաքին քաղաքական նշանակություն:

Սակայն պետք է նշեմ նաեւ չլուծված հարցերը: Առաջին հերթին, դա հայ-թուրքական երկխոսության տեղապտույտն է, փակ սահմանը այդ երկրի հետ: Տարածաշրջանային համագործակցոթյունը, արտաքին շուկաների որոնումը, հաղորդակցության ուղիների, էներգակիրների դիվերսիֆիկացում` ահա այն հիմնական ուղղությունները, որոնք արժանի են հատուկ ուշադրության մեր կողմից:

ՀԱՐՑ.- Ինչպե՞ս են զարգանում Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունները:

ՊԱՏԱՍԽԱՆ.- 2005թ. ընթացքում շարունակվել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը մեծապես նպաստել է 2005թ. Հայաստանում Ռուսաստանի Տարվա անցկացումը: Տեղի են ունեցել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ փոխայցելություններ, մասնավորապես կայացել են նախագահ Վ. Պուտինի, կառավարության նախագահ Մ. Ֆրադկովի, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Ս. Միրոնովի եւ ԱԳ նախարար Ս. Լավրովի, ինչպես նաեւ ՌԴ մի շարք սուբյեկտների ղեկավարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան:

Այդ այցելությունները հնարավորություն տվեցին առավել խորությամբ ուումնասիրել Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ համագործակցության առկա ներուժը եւ ձեռնամուխ լինել կոնկրետ ծրագրերի մշակմանն ու իրագործմանը: Հաջորդ տարի նախատեսվող Հայաստանի Տարվա անցկացումը Ռուսաստանում նոր լիցքեր կհաղորդի երկկողմ, բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններին, հնարավորություն ընձեռելով մշակույթի, գիտության եւ կրթության, գործարարների լայն շրջանակների ներգրավվմանը երկկողմ առնչություններում: Այդ մակարդակում են պահպանվում եւ ամրապնդվում կապերը երկու ժողովուրդների միջեւ, իսկ պետական գործիչներն ու կառույցների պարտքն է անել ամեն բան, որպեսզի առկա դրական դինամիկան շարունակի զարգանալ:

ՀԱՐՑ.- Եվրոպական ուղղությամբ Դուք նշեցիք Հայաստանի Գործողությունների ծրագիրը եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը: Ի՞նչ ակնկալիքներ կան դրանցից, եւ առհասարակ, եվրաինտեգրման առումով ո՞ւր է գնում Հայաստանը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես շատ կարեւոր եմ համարում Հայաստանի գործողությունների ծրագիրը: Եվրոպական մեր գործընկերների հետ մենք շատ լավ փաստաթուղթ ենք ստեղծել, մնում են դեռեւս վերջին շտկումները, եւ, հուսով եմ, հաջորդ տարվա առաջին եռամսյակում այն կսկսի կիրառվել: Այդ ծրագրով ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները բարձրացվում են բոլորովին նոր մակարդակի: Ես նույնիսկ կասեի, որ առանձին ոլորտներում այն մեզ հնարավորություն է տալիս այժմվանից սկսել բուն եվրաինտեգրման ընթացքը: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նույնպես տեղավորվում է այն զարգացումների մեջ, որ ընթանում են մեր շուրջը: Ես համոզված կարող եմ ասել, որ անցնող տարին եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի համար հաջող տարի էր:

Բայց ես այստեղ կուզենայի մի հանգամանք նշել. եվրոպական կառույցների հետ մեր համագործակցությունն ստացել է խորքային բնույթ: Հայաստանն այլեւս անշրջելիորեն մասնակիցն է եվրոպական զարգացումների: Հայաստանի այն գերատեսչությունները, որոնք ներառված են համագործակցության ծրագրերի մեջ, շատ լրջորեն եւ մասնագիտական պատրաստվածությամբ են մոտենում հարցին: Հասարակական գիտակցության մակարդակով նույնպես կան տեղաշարժեր: Եթե առաջ որոշ վերապահումներ կային եվրոպական ինտեգրացման, եվրոպական արժեքների հարցում, ապա այժմ դա դառնում է հրամայական:

ՀԱՐՑ.- Բոլոր դեպքերում, ընդհանուր տպավորությունն այն է, թե Հայաստանը տատանվում է երկու բեւեռների միջեւ` Ռուսաստանի գլխավորությամբ ԱՊՀ եւ Եվրոպա:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Գիտեք, ես խորապես համոզված եմ, որ մեր զգայուն տարածաշրջանում կտրուկ քայլեր անելը հղի է վտանգներով: Ղարաբաղյան հարցի եւ Թուրքիայի հետ չլուծված խնդիրների առկայությամբ, այնուամենայնիվ, Հայաստանին հաջողվում է տարածաշրջանում չդառնալ հետագա սրացումների օջախ: Մեր գործընկերները գնահատում են Հայաստանի զուսպ եւ սթափ քայլերը:

Փորձենք հարցը դիտարկել մեկ այլ տեսանկյունից` արդեն հինգերորդ անընդմեջ տարին է Հայաստանը ապահովում է ներքին համախառն արտադրանքի, կամ տնտեսության կայուն, երկնիշ աճ: Մեծ հաշվով, դա արդյունք է Հայաստանի հավասարակշռված, վայրիվերումներից զերծ արտաքին քաղաքականության, երբ մեր բոլոր գործընկերների համար Հայաստանը, չնայած իր «անցումային պետություն» համարվող կարգավիճակին, կանխատեսելի եւ հետեւողական պետություն է, որը իրեն թույլ չի տա մատուցել որեւէ անակնկալ: Պետությունների կայունությունը, վարած քաղաքականության հետեւողականությունը, հատկապես այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին է մերը, գրավական է առաջընթացի եւ զարգացման:

ՀԱՐՑ.- Ինչպիսի՞ն են լինելու արտաքին քաղաքական առաջնայնությունները 2006 թ.

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ռազմավարական առումով որեւէ փոփոխություններ արտաքին քաղաքականության առաջնայնություններում չեն նախատեսվում: Այսինքն, մենք հետամուտ ենք լինելու եվրաինտեգրմանը, միջազգային եւ եվրոպական տարբեր կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը, մեր ներգրավվածության խորացմանը, դրա հետ մեկ տեղ հատուկ ուշադրություն ենք դարձնելու այն ուղղություների վրա, որտեղ դեռ բավականիվ անելիքներ կան:

Այստեղ հատուկ կնշեի հարաբերությունները հարեւանների հետ, որոնք շատ տարբեր են: Եթե Վրաստանի եւ Իրանի պարագայում մենք մտածում ենք հարաբերությունների էլ առավել խորացման մասին, ապա մյուս երկու հարեւանների հետ հարաբերությունները ծանրացած են տարբեր, այս պահին չլուծված խնդիրներով: Իմ կարծիքով, մեր հիմնական առաջնահերթություններից է լինելու այդ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խոչընդոտների վերացումը:

Երկկողմ մակարդակով կկարեւորեի մեր բնական գործընկերներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացումը, ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: 2006թ. հռչակված է Հայաստանի տարի Ռուսաստանում եւ Ֆրանսիայում, նախատեսվում են փոխայցելություններ, մշակութային, կրթական զանազան եւ բազմաթիվ միջոցառումներ: Կարծում եմ, որ մենք պետք է հնարավորինս օգտվենք այդ նշանակալի իրադարձություններից թե հայկական մշակույթը լայնորեն ներկայացնելու եւ թե ամրապնդելու գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները:

ՀԱՐՑ.- Ի՞նչպես եք գնահատում 2005թ. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով եւ ի՞նչ սպասելիքներ կան հաջորդ տարվա համար:

ՊԱՏԱԽՍԱՆ.- Ընդհանուր առմամբ ընթացիկ տարին դրական եմ գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից: Երկու երկրների նախագահների հանդիպումները, դրանք նախապատրաստող Պրագյան գործընթացը թույլ տվեցին որոշակի առաջընթաց գրանցել այս հարցում:

Այսօր բազմիցս են հնչում լավատեսական կանխատեսումներ 2006 թվականին այս հարցում բեկում մտցնելու վերաբերյալ: Ես զգուշավոր կլինեի, քանի որ գործ ունենք շատ զգայուն գործընթացի հետ: Չնայած մենք այսօր ունենք որոշակի դրական դինամիկա, հաշվի առնելով խնդրի նկատմամբ կողմերի դիրքորոշումների խորքային տարբերությունները, ինչպես նաեւ պայմանավորվածությունների փխրուն բնույթը, փոքր-ինչ զգուշավոր կլինեի կամ չափավոր լավատես` հաջորդ տարվա հնարավորությունների հանդեպ:

Շատ բան կախված կլինի առաջիկա երկու ամսվա ընթացքում սպասվող նախագահների հանդիպումից, որը կուրվագծի բանակցությունների հետագա ընթացքը:

Հիմքն այսօր լավ է դրված, բայց չմոռանանք, որ նախկինում էլ եղել են նման իրավիճակներ, որոնց, այնուամենայնիվ հետեւել է նահանջ: Հուսանք, որ այս անգամ Ադրբեջանը չի կրկնի հետքայլը:

Ռուսերեն տարբերակ

Տպել էջը