«ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» հարցազրույցը ԱՄՆ -ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ
19 հուլիսի, 2005Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆ - Հայաստանը գերազանց հարաբերություններ ունի ԱՄՆ հետ՝ հիմնված համընդհանուր արժեքների եւ սկզբունքների վրա: Մեր նպատակն է Միացյալ Նահանգների հետ արդեն իսկ բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցության եւ գործընկերության հետագա զարգացումը՝ ի շահ մեր երկու երկրների եւ ժողովրդների, ինչպես նաեւ միջազգային հանրության առաջ ներկայումս կանգնած մարտահարավերներին դիմակայելու նպատակով:
Հայաստանը 1991թ. իր անկախության վերականգնումից ի վեր հասել է բազմաթիվ նվաճումների, ստեղծելով ժողովրդավարական հաստատություններ եւ քաղաքացիական հասարակություն, կառավարման ներկայացուցչական ձեւեր եւ շուկայական տնտեսություն: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած «Ազատության Օժանդակման Ակտի» շրջանակներում ԱՄՆ -ի կողմից տրամադրված հսկայական քաղաքական, բարոյական եւ մարդասիրական օժանդակությունը, որը Հայաստանին օգնեց ամրապնդել անկախ պետականությունը եւ իրագործել ժողովրդավարական, իրավական եւ տնտեսական բարեփոխումներ: Քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության շուրջ երկխոսությունն այսօր ընթանում է երկու կառավարությունների միջեւ ստեղծված տարբեր ինստիտուցիոնալացված ֆորումներում, ինչպիսիք են Տնտեսական հարցերով հայ -ամերիկյան աշխատանքային խումբը, ԱՄՆ -Հայաստան ռազմավարական երկխոսությունը, Պաշտպանության ոլորտում երկկողմ խորհրդակցությունը: Կարեւոր դեր են խաղում երկկողմ այցերը. այս տարի արդեն տեղի է ունեցել ԱԳ նախարարի այցը, իսկ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի եւ պաշտպանության նախարարի այցերը կայանալու են մինչեւ տարեվերջ: Վաշինգտոնում տեղի կունենան նաեւ Տնտեսական հարցերով հայ -ամերիկյան աշխատանքային խմբի եւ ԱՄՆ -Հայաստան ռազմավարական երկխոսության շրջանակներում տարեկան նիստերը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ - Ինչպիսի՞ն Է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության մակարդակը:
Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆ - 1992 -ից ի վեր ԱՄՆ օժանդակության ծրագրերի մակարդակը եւ ծավալը փոխվել են մարդասիրական օգնությունից այնպիսի ծրագրերի, որոնք հիմնականում ուղղված են տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարական եւ իրավական բարեփոխումների իրականացմանը, նպաստելով այս բնագավառներում Հայաստանի կողմից իրականացված նշանակալի առաջընթացին: Հայաստանի տնտեսությունը, համեմատ հարեւան երկրների տնտեսությունների, ավելի արդյունավետ է, բազմաճյուղ: Ըստ «Ուոլ Սթրիթ Ջորնալ» ամսագրի եւ «Հերիթիջ» հաստատության կողմից հրապարակված տնտեսության ազատության ցուցանիշների տարեկան ցանկի, Հայաստանը բարձր է դասվում նախկին ԱՊՀ բոլոր երկրներից եւ Արեւելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից: ԱՄՆ Հազարամյակի Մարտահրավերների Կորպորացիայի կողմից ֆինանսական միջոցներ ստացող երկրների ցանկում Հայաստանի ընդգրկումն արդար կառավարման, մարդկային ներուժի զարգացումը խրախուսելու, տնտեսության ազատականացման չափանիշներին համապատասխանելու արդյունք է: ՀՄԿ միջոցները եւ ԱՄՆ շարունակվող օժանդակությունը կնպաստեն՝ աղքատության նվազեցմանն ու տնտեսական աճի խթանմանը, նպաստավոր պայմաններ ստեղծելով հայ ժողովրդի ստեղծարար ներուժի խթանման համար: Կոնգրեսի համապատասխան ենթահանձնաժողովներն արդեն իսկ քվեարկել են Հայաստանի համար 2006թ. հատկացվելիք օժանդակության ծավալն այս տարվա մակարդակին պահպանելու օգտին: Կարեւոր է այն հանգամանքը, որ Կոնգրեսի կողմից պահպանվում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների հավասարության սկզբունքը: 2006թ. ԱՄՆ -ն շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: ԱՄՆ -ն Հայաստանի հինգ հիմնական առեւտրային գործընկերների թվում է: Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտահանումը Միացյալ Նահանգներ նշանակալիորեն աճել է: 2005թ. սկզբին ԱՄՆ -ն Հայաստանին շնորհել է Մշտական նորմալ առեւտրային հարաբերությունների ռեժիմ: Հայաստանում ԱՄՆ ներդրումների մակարդակը զգալի է, այնուհանդերձ այն չի համապատասխանում գոյություն ունեցող ներուժին: Հետեւաբար, առաջիկայում առեւտրի եւ ներդրումների զարգացումը շարունակելու է լինել կարեւոր առաջնայնություն: ԱՄՆ ներդրումները Հայաստանում հիմնականում իրականացվել են զբոսաշրջիկության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես համակարգչային ծրագրավորման ասպարեզում: Այս ոլորտում գործող հայկական ընկերությունները մեծապես ուղղորդված են դեպի ԱՄՆ շուկա: Հայաստանում բազմաթիվ հյուրանոցներ կառավարվում են ամերիկահայ ներդրողների կողմից, ինչը բարձրացնում է չափանիշները եւ զարգացնում մրցակցությունն այս կարեւոր ոլորտում: Բազմաթիվ փոքր եւ միջին չափի ամերիկահայ ձեռնարկատերեր սեփական ընկերություններ են հիմնել Հայաստանում կամ ներգրավված են առեւտրային գործարքներում: Հայաստանում ԱՄՆ ներդրումների գերիշխող ձեւ առ այսօր հանդիսանում են արտաքին ուղղակի ներդրումները, ձեռնարկատերերի անձնական ներգրավվածությունը: Իմ հանդիպումների ընթացքում շատերն են ցանկություն հայտնում օգտվել Հայաստանում առկա տնտեսական հնարավորություններից, սակայն, հիմնական խնդիրը պոտենցիալ ներդրողի ժամանակային կամ հիմնական գործունեության պահանջներով պայմանավորված սահմանափակումներն են: Ուստի, նոր ներդրումներ Հայաստան ներգրավելու համար անհրաժեշտ են նոր մեխանիզմներ, ինչպիսիք են ձեռնարկատիրական հիմնադրամները, ներդրումային ընկերությունները եւ այլն:
ԱՐՄԵՆՊՐԵՍ - Ի՞նչ դեր է խաղում ամերիկահայ համայնքը երկկողմ հարաբերություններում:
Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆ - Ամերիկահայ համայնքը մեր հարաբերությունների առաջնային ճակատում է, իր մասնակցությունը բերելով երկկողմ առեւտրի եւ գիտական համագործակցության զարգացման գործում, ինչպես նաեւ մշակութային եւ միջեկեղեցական շփումներում: Բազմաթիվ ամերիկահայ հայրենասեր անհատներ եւ կազմակերպություններ կարեւոր օժանդակություն են տրամադրել Հայաստանին ու Արցախին ու շարունակում են զգալի ներդրումներ կատարել հայկական պետականությունը ամրապնդելու եւ տնտեսությունը զարգացնելու գործում: Այս ամսվա սկզբին հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամը հայտարարել է Հայաստանում նոր՝ 60 մլն դոլարի արժողությամբ ծրագրի իրականացման մասին: Հայաստան -Սփյուռք կապերի զարգացումը շարունակում է առաջնային մնալ Հայաստանի իշխանությունների համար եւ անցած տարիների ընթացքում բազմաթիվ համակարգային եւ նպատակային ծրագրեր են իրագործվել: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ մենք դեռեւս նոր ենք սկսում իրացնել առկա հնարավորություններն ու ներուժը, ուստի հարկ կլինի շարունակել Հայաստանի եւ Սփյուռքի մերձեցման քաղաքականությունը: Հայաստանն արդեն իսկ բոլոր հայերի Հայրենիքն է, եւ յուրաքանչյուր հայ այստեղ կարող է իր դերակատարությունն ունենալ:
ԱՐՄԵՆՊՐԵՍ - Ինչպե՞ս եք տեսնում ԱՄՆ -ի դերը հայ -թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:
Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆ - Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ կառավարության ջանքերը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության խթանման գործում, որ ամբողջ տարածաշրջանի համար բարգավաճման եւ զարգացման անհրաժեշտ պայմաններ կստեղծի: ԱՄՆ շարունակում է ներգրավված մնալ մեր հարեւան Թուրքիայի հետ՝ հետեւողականորեն հորդորելով այդ երկրին դրական ներդրում կատարել Հարավային Կովկասի զարգացման գործում, դադարեցնել շրջափակումը եւ բնականոն հարաբերություններ հաստատել մեր երկրի հետ: Այնուամենայնիվ, Թուքիայի կողմից ոչ միայն անցյալի, այլեւ ներկա իրողությունների շարունակական ժխտումը ու նախ եւ առաջ մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հրաժարումն ու Հայաստանի շրջափակումը, այլընտրանք չի թողնում, քան հետամուտ լինել երկկողմ խնդիրների լուծմանը միջազգային ատյաններում: Այս պարագայում, ի լրումն Եվրոպական երկրների, ԱՄՆ -ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի հստակ ու միաձայն կդարձնի այն ուղերձը, որ Թուքիան պետք է ընդունի իր անցյալը: Այդ քայլը նոր լիցք կհաղորդի թուրքական հասարակության մեջ այս խնդրի բաց եւ ժողովրդավարական քննարկմանը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ - Ինչպիսի՞ն է ԱՄՆ դիրքորոշումը ՀՀ ներքին քաղաքական գործընթացների եւ ընտրությունների նկատմամբ՝ հատկապես Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղզստանի իրադարձությունների ֆոնի վրա:
Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆ - ԱՄՆ -ն գործընկեր Է Հայաստանում արդեն իրագործված եւ անշրջելի դարձած ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների գործընթացում: Մեր ամերիկյան գործընկերները շահագրգռված են, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները շարունակվեն եւ իրագործվեն քաղաքական երկխոսության միջոցով: Ինչ վերաբերում է ընտրություններին, դրանք ինքնին կարեւոր են, եւ ժողովրդավարական անցումային շրջանում դրանք հաճախ ոչ միայն միջոց են, այլ նաեւ նպատակ: Միաժամանակ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չէ որ ամրապնդվում է: Վերջին հաշվով, ընտրությունները հասարակության սոցիալ -տնտեսական եւ քաղաքական համակարգում առկա իրավիճակն են արտացոլում: Այս առումով, ՀՀ -ում երկարատեւ նախապատրաստական աշխատանք է իրականացվում քաղաքական եւ տնտեսական համակարգի բարեփոխումների ուղղությամբ: Այս փուլում դա նշանակում է այնպիսի հարցերի լուծում, ինչպիսիք են Սահմանադրական բարեփոխումները, Ընտրական օրենսգրքի լրացումը, տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը եւ այլն: Այս հարցերի շուրջ քաղաքական կոալիցիայի անդամների եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ Եվրախորհրդի հետ համագործակցաբար վերջերս ձեւավորվող համաձայնությունը քաղաքական հարցերը ժողովրդավարական ուղիով՝ երկխոսության եւ խորհդրարանական գործընթացի միջոցով լուծելու օրինակ կարող է ծառայել: Եվ սա է այն ուղին, որ ամենից ավելի նախընտրում ու գնահատում են մեր ամերիկյան գործընկերները:
ԱՐՄԵՆՊՐԵՍ - Ինչպե՞ս է ընթանում անվտանգության բնագավառում հայ -ամերիկյան համագործակցությունը, հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերը:
Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆ - Հայաստանը միացել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիային ԱՄՆ -ում 2001թ. սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո, բացելով իր օդային տարածքը եւ էական օժանդակություն տրամադրելով ԱՄՆ -ին եւ այլ դաշնակիցներին: Այս ժամանակաշրջանում «907» բանաձեւի կասեցումը, որը տարածաշրջանային անվտանգության հարցում ՀՀ մոտեցումները հաշվի առնելով հանդերձ, սկիզբ դրեց հայ -ամերիկյան համագործակցությանը նաեւ ռազմական ոլորտում: Ռազմական օգնության շրջանակներում տրամադրված միջոցներով ստեղծվեց ՀՀ խաղաղապահ գումարտակ: ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ -ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ինչպես նաեւ խաղաղապահ գործունեություն են իրականացնում Կոսովոյում: Կոալիացիայի այլ անդամների հետ համատեղ հայկական ջոկատը մասնակցում է Իրաքի վերաշինության գործին: Մեր պետությունների ռազմական գործընկերության կարեւոր տարրն է Կանզասի Նահանգի Ազգային Գվարդիայի եւ ՀՀ ԶՈՒ միջեւ համագործակցության ծրագիրը: Այս բնագավառում մեր երկկողմ համագործակցության առաջին փուլը մոտենում է ավարտին: Երկու կողմերն էլ լավատեղյակ են միմյանց հնարավորություններին եւ ակնկալիքներին: Ակնկալվում է ՀՀ պաշտպանության նախարարի այցը ԱՄՆ, որի ընթացքում քննարկվելու են մեր համագործակցության ներկա մակարդակն ու հեռանկարները:
ԱՐՄԵՆՊՐԵՍ - Վերջերս ԱՄՆ պաշտոնական անձանց կողմից արվեցին մի շարք հրապարակային հայտարարություններ Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Ինչպիսի՞ ազդեցություն Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վրա կարող են ունենալ Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունները:
Թ. ՄԱՐԳԱՐՅԱՆ - Իրոք, Կոսովոյի ապագան վերջերս դարձել է բաց եւ հրապարակային քննարկումների առարկա, իսկ ԱՄՆ պաշտոնական անձինք մի շարք կարեւոր հայտարարություններով են հանդես եկել այս հարցի շուրջ: Անկախ նրանից, թե որքանով է ԱՄՆ վարչակազմը կողմնակից Կոսովոյի լրիվ ինքնիշխանության գաղափարին, վարչակազմի ներկայացուցիչները գտնում են, որ այդ տարածաշրջանի վերջնական կարգավիճակը պետք է լինի բանակցային գործընթացի արդյունք: Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը պատրաստ չէ վերցնել ողջ պատասխանատվությունը եւ սկզբունքային լուծում առաջարկել բոլոր նման դեպքերի համար կամ պատրաստի լուծումներ պարտադրել Կոսովոյում թե այլուր: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը կարող էր ավելի համարձակորեն աջակցել այս տարածաշրջաններում ժողովրդավարության ամրապնդմանը եւ տնտեսական զարգացմանը: Այն մտայնությունը, որ տնտեսական մեկուսացումը, իբր թե, հակամարտող կողմերին ստիպում է գնալ փոխզիջումների՝ սխալ է: Ընդհակառակը, պարտադրված մեկուսացումն ու աղքատությունը կարող են նպաստել էթնոցենտրիզմի խորացմանը եւ նվազեցնել հակամարտող կողմի հակվածությունը փոխզիջումների: Այս պարագայում ողջունելի է, որ ԱՄՆ եւ Եվրոմիության երկրները շարունակական աշխատանք են տանում Կոսովոյում՝ ժողովրդավարական արժեքներն ամրապնդելու եւ տնտեսությունը ազատականացնելու ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր ինքնուրույն ընտրությունն է կատարել եւ էական ջանքեր գործադրել ժողովրդավարության ամրապնդման տնտեսական զարգացման ուղղությամբ: ԼՂՀ -ում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալու վճռականության վառ ապացույցն էին, արժանի միջազգային հանրության խրախուսանքին եւ գնահատանքին: Կոսովոյի անկախությունն անշուշտ իր ազդեցությունը կունենա աշխարհում այլ հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա: Սակայն չափազանցված է միջազգային հանրության որոշ ներկայացուցիչների կողմից հնչեցված մտահոգությունն առ այն, որ Կոսովոյի ինքնիշխանության ճանաչումը կարող է մնացած դեպքերում հավասարազոր լուծում պարտադրող նախադեպ ստեղծել: Ի վերջո, միջազգային հանրությունը յուրաքանչյուր դեպքի առանձնահատկություններին համապատասխան մոտեցում է ցուցաբերում: Բացի այդ, հակամարտությունների կարգավորման կամ կանխման նպատակով հակամարտող կողմերի կամ միջազգային հանրության կողմից այս կամ այն ձեւով ինքնորոշման իրավունքի կիրառման մի շարք օրինակներ արդեն իսկ գոյություն ունեն: Անկախ արդյունքից, միայն վերջին տասնամյակում այս տարբերակը կիրառվել է Արեւելյան Թիմորի, Հյուսիսային Իռլանդիայի, Քվեբեկի, Հարավային Սուդանի, Պուերտո -Ռիկոյի, Սերբիայի եւ Չերնոգորիայի եւ այլ դեպքերում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, միջազգային հանրությունն ընդունում է դրա տարբերությունը նախկին ԽՍՀՄ տարածքում այլ հակամարտություններից: Համոզված եմ, եւ սա արդեն իսկ լայն ճանաչում է ստանում, որ այս հիմնահարցի ցանկացած լուծում հիմնվելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման փաստի եւ իրավունքի վրա: Սա է հիմնահարցի առանցքը, եւ վերջնական կարգավորումն այն պետք է հաշվի առնի: