Ղարաբաղյան հարցի պատասխանի տարբերակներ
23 սեպտեմբերի, 2004Հայաստանի անկախության օրվա նախօրեին «Կրասնայա զվեզդայի» թղթակիցը Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ պատասխանի տարբերակներ ստացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանից:
ՀԱՐՑ Հարավային Օսիայից եւ Աբխազիայից բացի Հարավային Կովկասում գոյություն ունի եւս մեկ «թեժ կետ»` Լեռնային Ղարաբաղը: Ինչպե ՞ս է այսօր ընթանում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը: Ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երեւանը:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պատմականորեն եւ իրավաբանորեն տարբերվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներից եւ նրա կարգավորումն առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Այդ կապակցությամբ նշեմ եւս մեկ հանգամանք. Աբխազիայի եւ Հրվ. Օսիայի դեպքում Վրաստանի ղեկավարությունն անմիջականորեն բանակցություններ է վարում Ցխինվալիի եւ Սուխումիի հետ, իսկ մեր պարագայում Ադրբեջանի ղեկավարությունը կտրականապես հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի իշխանություների հետ ուղիղ երկխոսությունից:
Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը մենք տեսնում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համատեքստում եւ չենք համարում, որ տվյալ հարցում խոսքը Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման մասին է: Մենք պատրաստ ենք շարունակել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները եւ ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս ուղղությամբ տարվող ջանքերը, որոնք արդյունավետ կլինեն այն դեպքում, եթե հակամարտող կողմերը գիտակցեն զիջումների գնալու անհրաժեշտությունը:
Հայաստանի համար այսօր կարեւորագույնը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն է: Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումներ են կայանում, որոնց ընթացքում կողմերը վերաճշտում են դիրքորոշումները:
ՀԱՐՑ Զինադադարի տարիների ընթացքում առաջարկվել են հակամարտության կարգավորման զանազան տարբերակներ: Ո՞րն է դրանց տեղում դոփելու պատճառը:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Իրոք, անցած տարիների ընթացքում միջնորդների կողմից եղել են մի քանի առաջարկություններ, որոնցից սակայն ոչ մեկը միաժամանակ ընդունելի չեն եղել հակամարտության բոլոր երեք կողմերի համար: Վերջին երկու առաջարկները, որպես բանակցություններ սկսելու հիմք, ընդունվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, սակայն Ադրբեջանը մերժել է դրանք:
Համանախագահների այսօրվա մարտավարությունն այն է, որ հակամարտող կողմերի միջեւ բարձր մակարդակով անցկացվող շփումներում հնարավոր է ի հայտ գան այն եզրերն ու հեռանկարները, որոնց վրա հենվելով հնարավոր կլինի նոր առաջարկների մշակումը, որոնք էլ կարգավորման տանող բանակցությունների հիմք կհանդիսանան: Նման օրինակ է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ 2001 թ. Փարիզում եւ Քի-Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք, չնայած Ադրբեջանի նախագահի նախնական համաձայնությանը, հետագայում նույնպես զարգացում չստացան ադրբեջանական կողմի դիրքորոշման հետեւանքով:
Հայաստանի համար ընդունելի է լուծման այն տարբերակը, որում առաջին հերթին կորոշվի հակամարտության բուն հիմքի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, քանզի մնացած բոլոր հարցերը ածանցվում են դրանից եւ դրա հետեւանքներն են:
ՀԱՐՑ Ձեր կարծիքով, ռացիոնալ սերմեր կա՞ն արդյոք արեւմտյան քաղաքագետների կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ «կիպրական» եւ «ալանդական» մոդելների կիրառման առաջարկներում:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - «Կիպրական մոդել», որպես այդպիսին, չի քննարկվել եւ այդ գաղափարն առաջ եկավ կիպրոսյան խնդրի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի վերջին առաջարկներից հետո: Բայց, ինչպես գիտեք, այդ մոդելը դեռ իրեն չի արդարացրել հենց կիպրական խնդրի լուծման գործում եւ չի կարող այլ իրավիճակների համար օրինակ ծառայել, հատկապես, որ կիպրական հարցը ղարաբաղյանից զգալիորեն տարբերվում է:
Ինչ վերաբերում է «ալանդական մոդելին», ապա նման տարբերակ եռակողմ ֆորմատով քննարկվեց, սակայն դա նույնպես որեւէ զարգացում չստացավ: Կարծում եմ, որ այս մոդելը կարող էր ընդունելի լինել, եթե Ադրբեջանը համաձայներ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ռեֆերենդումի միջոցով ինքը որոշի իր ճակատագիրը:
ՀԱՐՑ Հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը հայտարարեց, որ ոչ Երեւանը, ոչ Բաքուն ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման պարագայում չեն ցանկանում օգտվել խմբի պատրաստակամությունից եւ հնարավորություններից, իսկ ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մաննը հանդիմանեց հակամարտող կողմերին այն հարցում, որ հարցի կարգավորման առաջարկները պետք առաջադրվեն ոչ թե միջնորդների, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, այլ հենց կողմերի: Պաշտոնական Երեւանն արդյոք նոր առաջարկներ ունի՞:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Հայկական կողմը միշտ հավաստել է իր նվիրվածությունը խնդրի խաղաղ կարգավորմանը եւ կառուցողական դիրք բռնել Մինսկի խմբի առաջարկությունների նկատմամբ: Այլ հարց է, որ կարող է հայտնվել մի այնպիսի առաջարկ, որը սկսի կարգավորել բուն խնդրից առաջացած հարցերը` հիմնական հարցը թողնելով բաց: Նման լուծման, բնականաբար, մենք գնալ չենք կարող:
Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցի, համանախագահների ներկա մարտավարությունը ենթադրում է հնարավորություն ստեղծել հակամարտության կողմների միջեւ ուղղակի բանակցությունների, որոնցից ի հայտ եկող եզրերը կդառնան նոր առաջարկությունների հիմք: Նման մոտեցումը, ներկա պայմաններում, երեւի թե ճիշտ է, քանզի կարելի կլինի նախապես կանխորոշել առաջարկների հետագա զարգացումը:
ՀԱՐՑ Քի-Վեսթից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը հայտարարեց, որ երկու երկրների ղեկավարները (Ադրբեջանի նախագահն այդ ժամանակ Հեյդար Ալիեւն էր) պատրաստ են փոխզիջումների, իսկ ժողովուրդները` ոչ: Որքանո՞վ էին ճշմարտացի Փաուելի խոսքերը, եւ այսօր արդյոք որեւէ փոխզիջման հնարավորություն կա՞:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Իրոք, Քի-Վեսթի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը իր համաձայնությունը տվեց այն սկզբունքներին, որոնց քննարկումները դեռեւս սկսվել էին Փարիզում: Դրանց կողմ էր նաեւ Հայաստանը: Սակայն, հետագայում ադրբեջանական կողմը սկսեց ժխտել այդպիսի սկզբունքների առկայության փաստը:
Իսկ ժողովուրդների համաձայնությունը պիտի լիներ հաջորդ քայլը: Այսօր չի կարելի միանաշանակորեն ասել, թե ժողովուրդներն ինչին համաձայն կլինեն, ինչին` ոչ, քանզի այդ սկզբունքները հանրության համար դեռեւս մնում են գաղտնի:
ՀԱՐՑ Պաշտոնական Երեւանը պնդում է ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցական գործընթացում` որպես լիիրավ կողմ: Մինչդեռ նախկինում ԵԱՀԿ կողմից Ստեփանակերտին պարբերաբար արվող այդօրինակ առաջարկները մերժվում էին: Ի՞նչ է փոխվել այդ ժամանակվանից: Ինչո՞վ է պայմանավորված բանակցություններում ԼՂ մասնակցության անհրաժեշտությունը:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Ես համաձայն չեմ ձեր այն պնդմանը, թե նախկինում ԵԱՀԿ-ի կողմից Ստեփանակերտի որպես հակամարտության լիիրավ անդամ հանդես գալու առաջարկները մերժվել են: Որպես լիիրավ կողմ Ստեփանակերտի մասնակցությունն անգամ ամրագրված է 1992թ. Հելսինկյան փաստաթղթում, որով հենց սկիզբ դրվեց Մինսկի գործընթացին: Պաշտոնական Երեւանը միշտ պնդել եւ պնդում է, որ հակամարտությունը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ: Իսկ նախագահների մակարդակով բանակցություններ վարելու Հայաստանի համաձայնության հիմնական պատճառն այն է, որ այդ քննարկումների բովանդակությունն արդարացնում էր դա: Սակայն այսօր, երբ Ադրբեջանի նոր իշխանությունները փորձ են անում շեղվել դրանից, Հայաստանն անխուսափելի է համարում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցություններում:
Սակայն, վերջ ի վերջո, խնդրի լուծման ցանկացած տարբերակ պիտի ամբողջականորեն ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Սրանից ելնելով Հայաստանը, ինչպես նաեւ համանախագահները նշում են ղարաբաղյան կողմի մասնակցության կարեւորությունը խնդրի կարգավորման գործում: Ցավոք, ադրբեջանական կողմը դեմ է բանակցություններում ԼՂ ներկայացուցիչների մասնակցությանը:
Ուզում եմ նշել, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը, որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության երաշխիք, չի կարող մնալ անտարբեր եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի:
ՀԱՐՑ - Վերջին շրջանում շատ է խոսվում հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի միջնորդական դերի մասին: Արդյոք Անկարան կարո՞ղ է դառնալ անկողմնակալ դատավոր Երեւանի ու Բաքվի վեճում:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Այսօր Թուրքիան չի կարող այդ դերը կատարել մի քանի պատճառներով: Թուրքիան մերժում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ եւ 1993թ. ի վեր փակ է պահում սահմանը, փաստորեն տրանսպորտային շրջափակման ենթարկելով Հայաստանին: Միջազգային մակարդակով Թուրքիան մեղադրում է Հայաստանին եւ հայ ժողովրդին չգործած մեղքերի մեջ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, լինելով Մինսկի խմբի անդամ երկիր, Թուրքիան միանշանակորեն բռնել է Ադրբեջանի կողմը` կարգավորման հարցում պնդելով վերջինիս նախապայմանները: Իր հերթին, Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում այդ երկիրը առաջադրում է նախապայմաններ, որոնք անընդունելի կլինեին ցանկացած երկրի համար:
ՀԱՐՑ - Հարավային Կովկասի հանդեպ հսկայական հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ը: Ինչպիսի՞ն է, ձեր կարծիքով, Ստեփանակերտի ճակատագրում Ամերիկայի դերը:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Հարավային Կովկասում ԱՄՆ-ի դերակատարությունն, անշուշտ, արտահայտվում է տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ այն միջազգային կարեւոր տնտեսական միջանցքի վերածելու ցանկությամբ: Այս առումով նրա առաջնային հետաքրքրություններից է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Ուստի Մինսկի խմբի միջնորդական առաքելության մեջ ամերիկյան համանախագահությունը բավականին ակտիվ է: Սակայն Ստեփանակերտի ճակատագրի առումով ես համանախագահներից որեւէ մեկին չէի առանձնացնի: Այլապես պետք է նշեի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ռուսաստանի դարավոր պատմական կապերը եւ առընչությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի խաղացած դերը նրա ճակատագրում:
ՀԱՐՑ - Բավական հաճախ խոսվում է ողջ հետխորհրդային հարթությունում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում Ռուսաստանի վճռորոշ դերի (եւ նույնիսկ նրա որոշակի պատասխանատվության) մասին: Ձեր կարծիքով, այսօրինակ դատողությունը, իրո՞ք իրական է:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր ժողովուրդները Ռուսաստանի հետ դարերով ապրել են նույն պետության մեջ: Այդ համատեղ կեցությունը ճանաչել է վերելքներ, կռել ամուր բարեկամություն ռուս ժողովրդի հետ, որի հետ բաժանել ենք նույն ճակատագիրը համատեղ պատմության դրամատիկ շրջաններում, ինչպիսիք էին հատկապես առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները: Մեր ժողովուրդները մեծապես ազդվել են` շփվելով ռուսական քաղաքակրթության հետ: Սակայն չպետք է մոռանալ ցարական եւ խորհրդային շրջանները, որտեղից էլ հիմնականում ծագում են այսօրվա ազգամիջյան հակամարտությունները: Ուստի, ես կասեի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ բոլորիս պատասխանատվությունն է հնարավորին չափ արագ կարգավորել պատմության այդ ծանր ժառանգությունները: Իհարկե, այստեղ Ռուսաստանի դերը առանցքային է` հաշվի առնելով նրա կշիռը հետխորհրդային զարգացումներում, ինչպես նաեւ արդի միջազգային քաղաքականության մեջ:
ՀԱՐՑ - Որոշ քաղաքագետներ հակված են կարծել, թե ԼՂ խնդրում Ռուսաստանը որոշակի պահին պետք է պատրաստ լինի ընտրություն կատարել, քանի որ հավասարակշռածությունը եւ «անշահախնդիր միջնորդության» խաղը հնարավոր են միայն մինչեւ որոշակի պահ: Դուք նույնպե՞ս հակված եք այդ կարծիքին:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Ռուսաստանը բազմիցս ընդգծել է իր շահագրգռվածությունը Հարավային Կովկասում կայունության եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում: Իսկ կայուն խաղաղությունը տարածաշրջանում հնարավոր է միայն այն դեպքում, եթե հակամարտությունները կարգավորվեն դրանց մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերի հիման վրա: Հակառակ դեպքում, խաղաղությունը անկայուն կլինի, քանի որ տուժած կողմը միշտ կձգտի ռեվանշի:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ես գնահատում եմ որպես հավասարակշռված եւ իրատեսական: Ռուսաստանը պատրաստրաստակամություն է հայտնում հանդես գալու հակամարտության կողմերի միջեւ կնքված ցանկացած համաձայնագրի երաշխավորի դերում: Այսինքն, Ռուսաստանը կողմ է հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանը, որը պետք է ձեռք բերվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի փոխադարձ համաձայնությամբ՝ հաշվի առնելով կողմերի շահերը: Եւ դա բխում է Ռուսաստանի, որպես մեր տարածաշրջանում առանցքային դեր ունեցող տերության շահերից, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նրա ստանձնած միջնորդային պարտավորություններից: Այս պարտավորություններն ստանձնելով էլ, կարծում եմ, Ռուսաստանն արդեն «կատարել է իր ընտրությունը»:
ՀԱՐՑ - Որոշ երկրների քաղաքգետներ անհանգստություն են հայտնում Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության կապակցությամբ: Երեւան-Մոսկվա ռազմավարական միությունը արդյոք երկարատե՞ւ ծրագիր է:
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Գիտեք, Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ հայերս շփվում ենք խոր միջնադարից: Վերջին դարերի ընթացքում մեր ժողովուրդների պատմությունը այնքան է միահյուսված, որ հաճախ դժվար է լինում առանձնացնել յուրաքանչյուրի քաղաքական կոնկրետ շահերը եւ հաշվարկները: Իմ կարծիքով, դրանց վրա առավել գերիշխում եւ խոր կնիք է թողնում մեր ժողովուրդների բազմաթիվ թելերով ամուր կապվածությունը: Ռազմավարական դաշինքը, որ կնքել են Հայաստանը եւ Ռուսաստանը, արդեն որպես ինքնուրույն պետություններ, արտահայտությունն է այդ պարզ իրողության: Եվ, կարծում եմ, այն ժամանակային սահման չի ճանաչում: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ռազմական ներկայությանը, մենք սեփական անվտանգության խնդիրները լուծում ենք ազգային շահերից ելնելով: Ռուսաստանը այսօր մեծ դեր ունի Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հարցում եւ հայկական պետականության անվտանգության բազմաստիճան համակարգում, երեւի թե, առավել կարեւոր բաղադրիչն է հանդիսանում: Մենք կարծում ենք, որ որքան հուսալի լինի մեր երկրի անվտանգությունը, այնքան հարավկովկասյան տարածաշրջանում կայուն կլինի քաղաքական իրավիճակը:
Մեր տեղեկանքը.
Լեռնային Ղարաբաղի հանդեպ «Կիպրական մոդելի» կիրառում նշանակում է` այն չճանաչել դե-յուրե, բայց համաձայնվել նրա դե-ֆակտո գոյության, այսինքն ԼՂ-ն չի լինի Հայաստանի կամ ադրբեջանի բաղադրիչ մաս, պաշտոնապես չի ճանաչվի որպես անկախ պետություն, չի դառնա միջազգային հանրության անդամ, բայց կգործի որպես ինքնուրույն պետական միավոր:
«Ընդհանուր պետություն» սկզբունքը նշանակում է`
ԼՂ-ն հանդիսանում է պետական եւ տարածքային միավոր եւ Ադրբեջանի Հանրապետության հետ միասին կազմում է ընդհանուր պետություն` իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով,
ԼՂ տարածքում գործում են սեփական սահմանադրությունը եւ օրենքները, իսկ Ադրբեջանական Հանրապետության օրենքները գործում են ԼՂ տարածքում, եթե դրանք չեն հակասում վերջինիս սահմանադրությանը եւ օրենքներին,
ԼՂ-ն իրավունք կունենա արտաքին անմիջական հարաբերություններ ունենալ օտարերկրյա պետությունների հետ` տնտեսության, առեւտրի, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում,
ԼՂ-ը կունենա ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր,
Ադրբեջանի բանակը, ոստիկանության եւ անվտանգության ուժերը իրավունք չեն ունենա մտնել ԼՂՀ տարածք` առանց ԼՂ իշխանությունների համաձայնության:
«Ալանդյան մոդելը» պայմանականորեն կարելի է անվանել այսպես. «ավելի բարձր, քան ինքնավարությունը, բայց` ոչ պետություն»: Այս մոդելը կիրառվում է Ալանդներում` շվեդներով բնակեցված, սակայն Ֆինլանդիային պատկանող արխիպելագ Բալթիկ ծովում: Ալանդների ինքնակառավարումը իրականացնում է խորհրդարանը` լակթինգը, որը օրենքներ է ընդունում կղզիների ներքին գործերի եւ բյուջեի վերաբերյալ: Մշակույթի, կրթության, առողջապահության, տնտեսության, տրանսպորտի, ընդհանուր տնտեսության, ոստիկանության, փոստի, ռադիոյի եւ հեռուստատեսության ոլորտներում Ալանդներն ունեն ինքնավար պետության լիազորություններ: Մնացած բոլոր օրենսդրական լիազորությունները Ֆինլանդիայի իրավասության մեջ են: Ալանդների ինքնակառավարման մասին օրենքներում Ֆինլանդիայի կողմից փոփոխություններ կարող են մտցվել միայն ալանդների լակթինգի թույլատրությամբ:
«Փաթեթային» լուծում: Գործողությունների այս տեսակը ենթադրում է վիճելի հարցերի վերաբերյալ կողմերի նախնական համաձայնությամբ, «փաթեթային» համաձայնագրի կնքում, այսինքն հաշվի առնելով գալիք խաղաղության բոլոր տեսանկյունները եւ խնդիրները եւ ապագայում այդ գործողությունների իրագործումը:
«Փուլային» լուծում: Խնդրի լուծման այսօրինակ սխեման բխում է նրանից, որ, եթե կողմերը պատրաստ չեն հակամարտության լիարժեք կարգավորման, ներառյալ նրա գլխավոր հարցը` ԼՂ կարգավիճակը, ապա պետք է անել գոնե այն, ինչ ներկա պահին կարող է համաձայնեցված լինել: Այսինքն, կարելի էր իրագործել Ղարաբաղից դուրս Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի դուրսբերում, նաեւ հասնել նրան, որ փախստականները հետ վերադառնան իրենց բնակավայրեր, եւ այլն:
«Փարիզյան սկզբունքներ»: Անվանումը կապված է 2001թ. մարտի 5-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ ՀՀ եւ ԱՀ նախագահների Փարիզում կայացած հանդիպման հետ: Բանակցությունների մասնակիցները չէին հրապարակում այդ սկզբունքների իմաստը: Քի-Վեսթում (ԱՄՆ) հանդիպումներից հետո այդ սկզբունքները հաճախ անվանվում են «քիվեսթյան»:
«Կրասնայա զվեզդան» շնորհակալություն է հայտնում ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությանը` սույն հարցազրույցի պատրաստման հարցում տեխնիկական օժանդակության համար: