Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի տված բացառիկ հարցազրույցը
08 հուլիսի, 2004Երեկ ավարտվեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպում ունեցավ իր ռուս գործընկերոջ հետ: Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմաքաղաքական գլխավոր դաշնակիցը Հարավային Կովկասում: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այս եւ այլ պայմանավորվածությունների մասին պատմեց «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
Պարոն Օսկանյան, ի՞նչ հարցեր եք քննարկել Մոսկվայում:
Ռուսաստան կատարած այս այցի հիմնական կետը դարձավ իմ գործընկեր պրն. Լավրովի հետ հանդիպումը: Երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի հետ մեկտեղ, այս անգամ մենք շեշտը դրեցինք տնտեսության վրա: Փոխադարձ գնահատականն այն է, որ մեր երկրների տնտեսական հարաբերությունները հասնում են մեր համագործակցության քաղաքական եւ ռազմական բաղադրիչի մակարդակին: Տարածաշրջանային խնդիրների հետ կապված բանակցությունների հիմնական տարրը դարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Իհարկե, դիտարկվեցին նաեւ մեր տարածաշրջանում ընթացող այլ գործընթացներ` ՆԱՏՕ-ի, ԵՄ ընդլայնումը եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա: Ընդ որում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել:
Այս տարվա աշնանն սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնական այցը Հայաստան: Ինչի՞ մասին է խոսվելու Երեւանում:
Ուզում եմ նշել, որ նախագահ Պուտինի այցի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն: Կա միայն նախագահ Քոչարյանի հրավերը, կա Վլադիմիր Պուտինի սկզբունքային համաձայնությունը: Այցի ժամկետները ճշտելու համար մենք այժմ աշխատում ենք ռուսական կողմի, այդ թվում ՌԴ նախագահական աշխատակազմի եւ ԱԳՆ հետ: Ամենայն հավանականությամբ, նախագահները կքննարկեն բանկային, էներգետիկ, տրանսպորտի եւ շինարարության ոլորտներին առնչվող հարցեր. հայկական տնտեսության բոլոր այս ոլորտներում բավականին զգալի է ռուսական ներկայությունը:
Ինչպես գրել էին որոշ ԶԼՄ-ներ, ընդդիմության գարնանային ցույցերը ճնշվեցին Մոսկվայի լռելյայն խրախուսմամբ: Իրո՞ք նախագահ Քոչարյանը ստացել է Կրեմլի աջակցությունը:
Հայաստանն իր ներքաղաքական իրավիճակները կարգավորելու համար չի դիմում այլ երկրների, ինչքան էլ որ դրանք մեզ մոտ լինեն: Հայաստանում կատարվող ամեն ինչ զուտ նրա ներքին գործն է: Այդ իրադարձությունները երբեք լուրջ մտահոգություն չեն առաջացրել իշխանությունների մոտ, մասնավորապես նախագահ Քոչարյանի, քանի որ ակնհայտ էր, որ ելույթները լուրջ հիմքեր եւ բնակչության կողմից աջակցություն չունեն: Ռուսաստանին հետաքրքրում է կայուն Հայաստանը: Բնականաբար, Ռուսաստանը, հետեւելով Երեւանում կատարվող իրադարձություններին, Հայաստանում կայունության օգտին ուղղված հայտարարություն արեց:
Պուտինի Երեւան կատարելիք այցը նաեւ կարող է իր դերը խաղալ Հայաստանում կայունության պահպանման հարցում, քանի որ, ինչպես ընդդիմությունը խոստանում է, աշնանը վերսկսելու են բողոքի ցույցերը:
Բարձր մակարդակով կատարվող այցերի ծրագրերը չեն կազմվում ընդդիմության ակտիվության աստիճանից ելնելով:
Վերջին ժամանակներս ակտիվացել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ շփումները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում արդյոք կա՞ առաջընթաց:
Չեմ կարող ասել, որ այսօր բանակցային գործընթացում կան լուրջ առաջխաղացումներ: Կան լուրջ տարաձայնություններ մոտեցումներում: Բայց, չնայած դրան, դրանց համատեղման փորձեր արվում են: Հայաստանի համար այսօր շատ կարեւոր է չհեռանալ հարցի բուն էությունից` ԼՂ կարգավիճակի սահմանումից:
Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում դուք Թուրքիայի ղեկավարության հետ քննարկում էիք ԼՂ հիմնախնդիրը: Ճի՞շտ է արդյոք, որ իբրեւ թե Հայաստանը համաձայնվել է այդ խնդրի կարգավորման գործում Թուրքիայի դերի ուժեղացմանը:
Մենք բազմիցս ասել ենք, որ Թուրքիան ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում չի կարող միջնորդ լինել: Նախ` Թուրքիան Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ եւ երկրորդ` Թուրքիան միանշանակ կողմնակալ դիրքորոշում ունի Ադրբեջանի օգտին:
Իսկ ինչպե՞ս են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները զարգանում:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ապագայի հարց է: Մենք առաջին հերթին քննարկում ենք սահմանի բացման եւ տնտեսական հարաբերություների նորմալացման հետ կապված հարցեր: Ցավոք, դեռ առաջխաղացումներ չկան, քանի որ Անկարան հարաբերությունների նորմալացումը կապում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ:
Հայաստանը Թուրքիային հավակնություններ է ներկայացնում` փորձելով հասնել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը:
Մեր կողմից ցեղասպանության ճանաչման հարցը, որպես Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման նախապայման, չի ներկայացվում: Մեր դիրքորոշումը միանշանակ է. մենք պետք է մեր հարաբերությունները նորմալացնենք առանց որեւէ նախապայմանի:
Ադրբեջանը կարո՞ղ է, արդյոք, ճնշում գործադրել Թուրքիայի վրա ` ազդելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:
Իհարկե: Այն, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ այսօր համագործակցություն չկա, դա Բաքվի գործն է:
Հնարավո՞ր է, արդյոք, Երեւանի արտաքին քաղաքականության վերակողմնորոշումն ի վնաս Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի:
Մեր քաղաքականությունն անփոփոխ է: Մենք շարունակում ենք իրականացնել մեր փոխլրացման քաղաքականությունը: Դրա էությունը կայանում է նրանում, որ տարբեր երկրների հետ մեր հարաբերությունները փոխլրացվում են եւ ոչ մի կերպ չեն հակասում միմյանց:
Վերջերս Վաշինգտոնն առաջարկեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագիրը, ըստ որի Հայաստանը պետք է Ադրբեջանին զիջի անվտանգության գոտու մեջ գտնվող երեք շրջան...
֊ Դա ճիշտ չէ: Չկա Վաշինգտոնի, Փարիզի կամ Մոսկվայի ծրագիր: Կա Մինսկի խմբի գործընթաց, որի շրջանակներում էլ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նրանց կողմից նոր առաջարկ առայժմ չի եղել: