ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները «Նոեւ Կովչեգ» /ծՏպՉ ԽՏՉփպչ/ թերթի  հարցերին

06 հուլիսի, 2004

ՀԱՐՑ.- Ինչպիսի՞ն է Հայաստանի դերը ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Արտաքին քաղաքականության կոմպլոմենտարությունը ժամանակի եւ ստեղծված իրավիճակի հրամայակա՞նն է, թե փոքր պետության բարդույթը: Ինչպե՞ս կգնահատեիք Ձեր գերատեսչության գործունեությունը անցած կես տարվա ընթացքում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայոց անկախ պետականության վերականգնումն ուղեկցվում է դիվանագիտության մեջ պրագմատիկ դիրքորոշման գերակայությամբ, որի նպատակն է հավասարակշռված մոտեցումներ մշակել ինչպես հարեւան պետությունների, այնպես էլ համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների նկատմամբ: Այդ դիրքորոշումը ներկայանում է կոմպլեմենտարության սկզբունքի ձեւով: Վերջինիս որդեգրումը պայմանավորված է ինչպես աշխարհում եւ տարածաշրջանում ծավալված միջազգային գործընթացների հանդեպ մեր դիրքորոշումներով, այնպես էլ երկրի արտաքին քաղաքականության առջեւ ծառացած խնդիրների գերակայությամբ ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիների ընտրությամբ:   

Փոխլրացման սկզբունքը չպետք է շփոթվի տարբեր բեւեռների միջեւ ամեն գնով հավասարակշռություն պահելու պարզ ձգտման հետ: Կոմպլեմենտար քաղաքականությունը բացառում է ինչպես «կլիենտելիզմը», այնպես էլ արդի փոխկապակցված աշխարհում միայնակ գործելու գայթակղությունը: Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային եւ համաշխարհային ինտեգրացիոն պրոցեսներին ակտիվորեն ներգրավված երկիր է, որի արտաքին քաղաքականության կոմպլեմենտարությունը համակարգային բնույթի ունի: Հայաստանն իրեն դիտում է որպես տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացների լիիրավ մասնակիցն ու ձեւավորվող միջազգային համակարգի օրգանական մասը, իր գործողություններում հաշվի է առնում միջազգային հանրության ընդհանուր շահերը:

Չնայած արդի համաշխարհային եւ տարածաշրջանային լուրջ տեղաշարժերի հետեւանքով մեծ տերությունների միջեւ ծագած որոշ տարաձայնությունների, այնուամենայնիվ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության համախմբումը եւ միջազգային կայունության արդի մարտահրավերների շուրջ ծավալված երկխոսության դրական ընթացքը բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի կողմից փոխլրացման արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Զարգացման եվրոպական ուղու որդեգրումը ընդլայնում է փոխլրացման քաղաքականություն վարելու, իր առջեւ ծառացած խնդիրների լուծման համար տարածաշրջանում եւ համաշխարհային ուժային կենտրոնների հետ փոխհարաբերություններում նպաստավոր դիրքեր նվաճելու եւ իր շահերը շոշափող հարցերի շուրջ բեւեռացումներից խուսափելու Հայաստանի հնարավորությունները:

ՀԱՐՑ.- Արդյոք Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը մնու՞մ է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքականության օրակարգում: Այս հարցում մենք հիմնականում աշխատում ենք երեք ուղղությամբ: Առաջինը՝ երկկողմ հարաբերությունների մակարդակով, այսինքն, կոնկրետ երկրների հետ: Այդ ուղղությամբ այսօր արձանագրվել են տպավորիչ արդյունքներ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվը օրեցօր աճում է:

Երկրորդ ուղղությունը՝ միջազգային ատյաններում, միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքն է, որի նպատակն է վերջիններիս կողմից այդ փաստի ճանաչումը եւ դատապարտումը: Դրա հիմքը ՄԱԿ-ի 1986թ. զեկույցն է, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ նման ատյաններում Ցեղասպանությունը ճանաչելու համար: Միջազգային կազմակերպություններում Հայաստանն արդեն սկսել է ընկալվել որպես մի երկիր, որը բարոյական իրավունք ունի նման հարցեր բարձրացնելու: Մենք ներկայացնում ենք մի ժողովրդ, որը 20-րդ դարի սկզբին ցեղասպանության է ենթարկվել եւ կորցրել է իր լավագույն զավակներին՝ ազգի սերուցքի հետ մեկտեղ: Եւ այդ բարոյական իրավունքը մենք օգտագործում ենք հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու որպես մարդու իրավունքների խախտման ծայրագույն դրսեւորում, խնդիրը դնելու եւ քննարկելու Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում` որպես դրա կանխարգելման եւ պատժելիության հարց: Այդ առումով Հայաստանը բավականին մեծ հեղինակություն է ձեռք բերել, հատկապես Ժնեւում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում, որի անդամն էինք երեք տարի եւ վերջերս կրկին վերընտրվեցինք:

Երրորդ ուղղությունը Թուրքիայի հետ աշխատանքներն են: Անշուշտ, դա ամենաբարդ ուղղությունն է: Դեռեւս հնարավոր չէ պնդել, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում մեծ առաջընթաց կա, բայց համենայնդեպս մի շատ կարեւոր հանգամանք անհերքելի է. այսօր Թուրքիայում Ցեղասպանության քննարկումների վրա արդեն տաբու չի դրվում, եւ այս հարցը Թուրքիայում շատ ավելի ազատ է քննարկվում, քան երբեւիցե: Ճիշտ է, դեռեւս ժխտման կոնտեքստում, բայց արդեն իսկ այն փաստը, որ այս հարցի շուրջ ազատ քննարկում է ծավալվում ՝ ինքնին դրական տեղաշարժ է: Թուրքիայի իշխանությունները համեմատաբար ավելի հանդուրժողական են դառնում Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող հրատարակությունների, ֆիլմերի եւ քարոզչության այլ աղբյուրների նկատմամբ: Այնուամենայնիվ, այս տեղաշարժը բավարար չէ եւ դեռեւս շատ ճանապարհ ունենք անցնելու:

2005 թվականին մենք նշելու ենք Ցեղասպանության 90-ամյակը: Երեւանում գումարվելու է միջազգային մեծ գիտաժողով, ուր Հայոց Ցեղասպանության հարցը քննարկվելու է համամարդկային լայն կոնտեքստի մեջ, մարդու իրավունքների խախտման շրջանակներում:

Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված, կուզենայի նշել, որ մենք այն չենք առաջադրում որպես նախապայման Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու: Նույնը ակնկալում ենք Թուրքիայից, որպեսզի նա նույնպես որեւէ նախապայման չդնի մեր հարաբերությունները կարգավորելու հարցում: Մենք պատրաստ ենք եւ բաց ենք ցանկացած երկխոսության այդ երկրի իշխանությունների հետ, քանի որ գտնում ենք, որ հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է շրջանային զարգացումներին, ավելին, այն որեւէ օգուտ չի տալիս հենց իրեն` Թուրքիային: Սակայն, ցավոք, հակառակ սպասելիքների, այս պահին թուրքական կողմը դեռեւս պատրաստ չէ էական քայլերի, նույնիսկ հայ-թուրքական սահմանի մասնակի բացման: 

ՀԱՐՑ.- Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հետ բանակցությունները եւ ինչպե՞ս եք տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Արդյոք հնարավո՞ր են ԼՂՀ եւ Ադրբեջանին բավարարող որեւէ նոր առաջարկությունների առաջ քաշումը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ հանդիպել եմ երեք անգամ: Հունիսի 21-ին Պրագայում մեր հանդիպումը երրորդն էր, որ կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ: Գիտեք, Հեյդար Ալիեւի մահվանից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով փաստորեն ստեղծվել է նոր վիճակ: Դեռեւս լիովին պարզ չէ, թե այս հարցում ինչ դիրքորոշում է որդեգրել Ալիեւ կրտսերը: Մեզ համար կարեւոր է շարունակականության հարցը, քանի որ հայր Ալիեւի հետ բավականին ճանապարհ էինք անցել եւ ձեռք բերել էական պայմանավորվածություններ:

Ադրբեջանի նոր արտգործնախարարի հետ մեր հանդիպումները նպատակ ունեն վերաճշտել դիրքորոշումները, մտքեր փոխանակել կարգավորման այս կամ այն ասպեկտների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ այս հանդիպումները գնահատվում են օգտակար եւ դրական: Դրանք հույս են ներշնչում բուն կարգավորման խնդիրը վերսկսելու:

Մենք կարծում ենք, որ հիմնահարցի էությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Մնացած բոլոր խնդիրներն արդյունք են, հետեւանք են այդ խնդրին լուծում չտալուն: Եթե մենք ուզում ենք գրանցել առաջընթաց բանակցություններում, պետք է կենտրոնանանք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա, որից հետո հնարավոր կլինի քննարկել մնացած հարցերը:

Ինչ վերաբերում է նոր առաջարկություններին, նշեմ, որ վերջին բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահների կողմից որեւէ նոր բան չի առաջարկվել: Այս պահի դրությամբ հիմնական քննարկումները գնում են կողմերի միջեւ եւ Մինսկի խումբը փորձում է համատեղել բարձրացվող հարցերը:

ՀԱՐՑ .- Ինչպիսի՞ք են ԱԳՆ-ի կողմից Սփյուռքի հետ տարվող աշխատանքները:  

ՊԱՏԱՍԽԱՆ .- Գիտեք, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առաջացավ լիովին նոր վիճակ: Փոխվեցին փոխհարաբերությունների բնույթը եւ խնդիրները: Հայապահպանությունից եւ որոշ առումով խորհրդային ապրելակերպի եւ գաղափարախոսության քարոզչությունից այն ստացավ նոր բովանդակություն: Այս պահին, պատմական իրադարձությունների զարգացման տրամաբանությամբ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում օրվա անհետաձգելի եւ առաջնային հարց է դարձել Հայաստանի զարգացումը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնուրույն գոյությունն ու ապահովությունը, որոնց էլ հիմնականում ուղղված են Սփյուռքի ջանքերը:

Նոր իրավիճակի դրսեւորումներից մեկը հետխորհրդային Սփյուռքի առաջացումն է: Ինչքան էլ դեռեւս խորթ է հնչում, սակայն ռուսահայության վիթխարի զանգվածն այսօր համարվում է Սփյուռք: Գրեթե նույնն է Վրաստանի դեպքում, էլ չեմ խոսում Ուկրաինայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մասին: Այդ համայնքներում տեղի է ունենում վերակազմավորում. ձեւավորվում են համայնքային կառույցներ, միություններ, մշակութային եւ կրթական օջախներ, սահմանվում են ներհամայնքային, Հայրենիքի հետ հարաբերությունների եւ համահայկական խնդիրներ:

Իր հերթին ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է հետեւողական աշխատանքները Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդման եւ տարբեր բնագավառներում գործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ:

Ամփոփելով 2002թ. Երեւանում կայացած Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովի քննարկումներն ու արված առաջարկությունները՝ 2003-2004թթ. կազմակերպվել ու կազմակերպվելու են մասնագիտական բնագավառների համաժողովներ, կոնֆերանսներ, հավաքներ, հանդիպումներ եւ այլ միջոցառումներ, որոնց ընդհանուր նպատակը մեկն է. ստեղծել համապատասխան պայմաններ ու միջավայր՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի եւ Սփյուռքի նույն բնագավառի գործիչներին համատեղ քննարկելու առկա խնդիրներն ու միասնական ջանքերով գտնելու դրանց լուծման ուղիներն ու միջոցները:

Հաշվի առնելով, որ ձեր թերթը լայն տարածում ունի հետխորհրդային երկրներում, կուզենայի մանրամասներ նշել արդեն կայացած եւ կայանալիք մի շարք միջոցառումների մասին. 2003թ. հունիսին Երեւանում անց է կացվել հայոց լեզվի եւ գրականության օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օգոստոսին անց են կացվել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական դասընթացներ, իսկ տարվա ընթացքում տարբեր երկրների հայ համայնքներ են առաքվել անհրաժեշտ դասագրքեր, մեթոդական ու հայագիտական գրականություն: 2003թ. հուլիս ամսին կայացել է Հայաստան-Սփյուռք միջազգային բժշկական առաջին համաժողովը, որին մասնակցել են աշխարհի շուրջ 30 երկրների հայ համայնքների 250 մասնակիցներ:

Սեպտեմբերին կայացավ ՀՀ Ազգային ակադեմիայի եւ պետական համալսարանի նախաձեռնությամբ իրականացված հայագիտական համաժողովը, որին մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած ավելի քան 130 հայագետներ: Նույն ամսին տեղի ունեցավ նաեւ Հայաստան–Սփյուռք Տնտեսական առաջին համաժողովը:

2003թ. նոյեմբերին Ծաղկաձորում անցկացվեց Տեղեկատվության միջոցների Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը: Առաջարկներ արվեցին ստեղծելու համահայկական տեղեկատվական դաշտ, Հայաստան-Սփյուռք տեղեկատվական միջոցների հետագա զարգացման մեխանիզմներ, աշխատանքային խումբ, ինչպես նաեւ համաժողով հրավիրել ամեն տարի:

Այս տարվա հունիսի 18-19-ին Երեւանում կայացավ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովը, որին մասնակցեցին 25 երկրների 70 հայազգի պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի հետ բարեկամական պատգամավորական խմբերի ղեկավարներ: Առաջիկայում նախատեսված է Տեղեկատվական տեխնոլոգիաների համահայկական առաջին համաժողովը:

Հուլիսին Երեւանում կկայանա Գրողների համահայկական երկրորդ համաժողովը: Օգոստոսին տեղի կունենա Համահայկական կրթական առաջին համաժողովը, ինչպես նաեւ՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացները: Օգոստոսի 14-25-ը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» մշակույթի համահայկական փառատոնը:

Անցած տարիները հագեցած են եղել երիտասարդական միջոցառումներով: Տեղի են ունեցել Համահայկական մարզական առաջին, երկրորդ եւ երրորդ խաղերը: Անց են կացվում «Բազե» համահայկական երիտասարդական ամառային եւ ձմեռային հավաքներ: Նման միջոցառումները Սփյուռքի երիտասարդությանն առավել մեծ հնարավորություն են ընձեռում հաղորդակցվելու Հայրենիքի, շփվելու եւ սերտ կապեր հաստատելու հասակակիցների հետ:

Տպել էջը