ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները «Ռիա-Նովոստի» գործակալության հարցերին

05 հուլիսի, 2004

ՀԱՐՑ.- Մոսկվա կատարելիք այցի ընթացքում ի՞նչ հարցեր եք նախատեսում քննարկել:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մոսկովյան այցի ընթացքում առանցքային հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ է:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ ձեւավորվել է արդյունավետ համագործակցության, որը բխում է ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմավարական գործընկերության խորացմանը նպաստելու երկու երկրներում ամենաբարձր մակարդակով դրսեւորվող հանձնառությունից:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դրանցից կառանձնացնեի ՌԴ նախագահ Վ.Պուտինի 2004թ. աշնանը ՀՀ նախագահի հրավերով Հայաստան պաշտոնական այցի հետ առնչվող հարցերի համալիրը, հայ-ռուսական տնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում, միջազգային եւ տարածաշրջանային այլ կազմակերպություններում հայ-ռուսական փոխշահավետ համագործակցության խորացման հնարավորությունները, ՌԴ տարբեր ուսումնական հաստատություններում հայ մասնագետների պատրաստման եւ վերապատրաստմանն առնչվող խնդիրները:

Ռուսաստանի իմ գործընկերների հետ քննարկումների առանցքում է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հատկապես վերջին շրջանում ակտիվացած հայ-ադրբեջանական երկխոսության լույսի ներքո:

Խոսվելու է Հայաստանի եւ Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի միջեւ ծավալվող հարաբերություններում վերջին զարգացումների մասին, մտքեր կփոխանակվեն վերջին շրջանում Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

ՀԱՐՑ.- Որչա՞փ հաջողված եք համարում ռուս-հայկական տնտեսական համագործակցությունը: Կա՞ն արդյոք մի կողմից նոր նախագծերի իրականացման ծրագրեր, իսկ մյուս կողմից` ինչ-ինչ հարցերում տարաձայնություններ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Գոհունակությամբ կնշեի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ողջ սպեկտրով համագործակցության բարձր մակարդակը, ընդգծելով վերջին շրջանում առեւ տրատնտեսական ոլորտում առկա որոշակի առաջխաղացումը: Այն վերջերս ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում բարձր գնահատականի է արժանացել երկու երկրների նախագահների կողմից:

Երկկողմ տենտեսական հարաբերությունների այս փուլում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում այսպես կոչված «Պարտք գույքի դիմաց» համաձայնագրով արդեն իսկ ռուսական կողմի սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հնարավորինս արագ վերակենդանացումը, ինչը կնպաստի թե ռուսական կողմի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալի աճին եւ թե Հայաստանի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կարծում եմ, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի նշանակումով նոր լիցք կհաղորդվի երկկողմ փոխհարաբերություններին, հատկապես տնտեսական ոլորտում: Հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանն իր նպաստը կարող է բերել մի շարք հայ եւ ռուս գործարարների կողմից վերջերս հիմնված «Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիան»:

ՀԱՐՑ.- Որո՞նք են, Ձեր կարծիքով, Կովկասյան տարածաշրջանում կայունության աճի առավել արդյունավետ մեղանիզմներն ու ինստիտուտները:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Իմ կարծիքով, Կովկասում կայունության պահպանման մեխանիզմը առավել արդյունավետ կլինի այն դեպքում, երբ նրանում ներառված լինեն տարածաշրջանի անմիջական հարեւանները եւ նրա զարգացման արդի գործընթացներում ներգրավված համաշխարհային ուժային կենտրոնները:

Այս առումով Ռուսաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացումներում անհրաժեշտ է դիտարկել երկու հարթություններում: Մի կողմից նա, որպես Հարավային Կովկասի անմիջական հարեւան, Իրանի եւ Թուրքիայի հետ մեկտեղ, հանդես է գալիս որպես տարածաշրջանային տերություն եւ պաշտպանում այստեղ իր ունեցած շահերը: Մյուս կողմից, ինչպես ԱՄՆ-ը ու ԵՄ-ը, Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում եւ ունի իր որոշակի շահագրգռվածությունը նրա զարգացման հեռանկարի հանդեպ:

ՀԱՐՑ.- Ինչպիսի՞ դեր եք ընձեռում երկու երկրների հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակություններին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման կարեւոր գործոնների թվում երկու երկրների ժողովուրդների միջեւ դարերով ձեւավորված պատմամշակութային կապերն են: Մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում ներկայիս համագործակցության լայն հնարավորությունները պայմանավորված են նաեւ խորհրդային շրջանում նրանց զարգացման միասնականությամբ:

Այս ամենի շարժիչ ուժը երկու երկրների հասարակական կազմակերպություններն են, մտավորական շրջանները, ստեղծագործական միավորումները, Ռուսաստանում հայերի եւ Հայաստանում ռուսների համայնքային կառույցները: Նրանց ներդրումը հայ-ռուսական փոխհարաբերությունների զարգացման գործում շարունակելու է աճել երկու երկրներում քաղաքացիական հասարակությունների հետագա կայացմանը զուգընթաց:

Տպել էջը