ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները «Դե-ֆակտո» գործակալության հարցերին

28 հունիսի, 2004

ՀԱՐՑ. - Դուք գլխավորելու եք Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Հայաստանի պատվիրակությունը: Ինչպիսի՞ք են Երեւանի սպասումներն այդ գագաթաժողովից: Մտադի՞ր է արդյոք Հայաստանն այդ գագաթաժողովում հարցեր բարձրացնել: Եթե` այո, ապա` ինչպիսի՞:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Սովորաբար Եւրոատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) գագաթաժողովների ընթացքում նախատեսված չի փաստաթղթերի կամ ծրագրերի քննարկում: Պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հաստատմանը ներկայացվող փաստաթղթերը վաղօրոք քննարկվում եւ համաձայնեցվում են ԵԱԳԽ դեսպանների ամենամսյա հանդիպումների ընթացքում:

Օրակարգը նույնպես վաղօրոք հայտնի է, ուստի պետությունների ղեկավարների ֆորմատով ԵԱԳԽ նիստից հատուկ սպասումներ չեն կարող լինել: Նույնը կարելի է ասել նաեւ Հյուսիատլանտյան խորհրդի վերաբերյալ՝ այսինքն որեւէ անակնկալներ չեն սպասվում:

Մեզ համար ամենանշանակալի իրադարձությունն այն է, որ Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի կողմից հայտարարվել է հատուկ ուշադրության գոտի: Կարելի է ասել, որ տեղի է ունենում որոշակի փոփոխություն ՆԱՏՕ-ի առաջնայություններում՝ ուղղված դեպի մեր տարածաշրջան: Այդ մասին մեզ հայտնի էր դեռեւս կես տարի առաջ, երբ հարցը քննարկվում էր ԵԱԳԽ շրջանակներում:

Հայաստանը գագաթաժողովի ընթացքում մտադիր չէր բարձրացնելու որեւէ հատուկ հարց: Միեւնույն ժամանակ մենք պաշտոնապես հայտարարեցինք, որ մտադիր ենք խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

ՀԱՐՑ. - Որքանո՞վ է նպատակահարմար ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի համագործակցության համատեղումը ՆԱՏՕ-ի հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Այստեղ ես որեւէ հակասություն չեմ տեսնում: Այդ հարցում մենք միայնակ չենք: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ այլ պետություններ` Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը նույնպես ակտիվորեն զարգացնում են իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Մասնավորապես Ռուսաստանն այն հաջողությամբ իրականացնում է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի միջոցով:

Հայաստանը, ինչպես հայտնի է, իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է փոխլրացման սկզբունքով: Ելնելով դրանից, մենք ձգտում ենք անհրաժեշտ մակարդակի հարաբերություններ ունենալ բոլոր այն հիմնական դերակատարների հետ, որոնք որոշակի շահեր են հետապնդում մեր տարածաշրջանում եւ որոշակի ազդեցություն ունեն Հարավային Կովկասում ընթացող զարգացումների վրա: Այդ իսկ պատճառով, մենք ձգտում ենք ներգրավված լինել բոլոր այն գործընթացներում, ծրագրերում եւ նախագծերում, որոնք մշակվում են մեր տարածաշրջանի պետությունների համար:

ՀԱՐՑ. - Որոշ փորձագետներ գտնում են, որ Վրաստանում ռուսական ռազմակայանի դուրսբերումից հետո առաջ կգա Հայաստանի տարածքում վերջինիս տեղակայման նպատակահարմարության հարցը: Դուք դիտարկու՞մ եք այդպիսի հեռանկարի գոյություն:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցը քաղաքական առումով անմիջականորեն կապված չէ նման ռազմակայանների Վրաստանում տեղակայված լինելու կամ չլինելու հետ: Այս ուղղությամբ Ռուսաստանի հետ մենք ունենք երկարամյա պայմանագիր, որը չեղյալ համարելու կամ որից հրաժարվելու հիմքեր մոտ ապագայում ես չեմ տեսնում:

ՀԱՐՑ. - Նախատեսու՞մ եք, արդյոք, ղարաբաղյան կարգավորման հարցում նոր միտումներ եւ գաղափարներ` կապված այդ գործընթացում եվրոպական կառույցների ակտիվացման հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի վարույթում, որի համանախագահողները նախաձեռնել են վերջին շրջանում իմ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումները: Հուլիսին նախատեսվում է համանախագահողների հերթական այցը տարածաշրջան, որտեղ նրանց կներկայացվեն կողմերի մոտեցումները կարգավորման արդի փուլի վերաբերյալ:

Մյուս կողմից, Հայաստանը դրական է վերաբերվում Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի նախաձեռնություններին, որոնք արտահայտվում են Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի պարբերական դարձած եւ ԵԽ Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող, այսօր արդեն ԵԽ Գլխավոր քարտուղար ընտրված Թերի Դեւիսի տարածաշրջան կատարվող այցելություններով: Կարծում ենք, որ եւրոպական այս հեղինակավոր կառույցների ակտիվությունն ու նախաձեռնությունները կարող են լրացնել, ոչ թե փոխարինել Մինսկի խմբի համանախագահողների ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

ՀԱՐՑ. - Ադրբեջանում ԼՂ հակամարտության չկարգավորվածության մեղքը, որպես կանոն, բարդվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի` Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիա, վրա: Ձեր կարծիքով, ինչպիսին է այդօրինակ մեղադրանքների իրավացիության աստիճանը:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Իրոք, ադրբեջանական կողմից երբեմն հնչեցվում են մեղադրանքներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հասցեին` հակամարտության կարգավորված չլինելը համարելով նրանց անգործության արդյունք: Ադրբեջանցիները տեսնում եւ գնահատում են միայն այն, ինչ տվյալ պահին իրենց է ձեռնտու:

Մինչդեռ համանախագահողների կողմից այս տարիների ընթացքում արվել են կարգավորման մի քանի առաջարկներ: Վերջին երկուսն ընդունվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, սակայն հենց Ադրբեջանն է մերժել դրանք: Համանախագահների այսօրվա մարտավարությունն այն է, որ հակամարտող կողմերի միջեւ բարձր մակարդակով անցկացվող շփումներում ի հայտ գան այն եզրերն ու հեռանկարները, որոնց վրա հենվելով հնարավոր կլինի նոր առաջարկների մշակումը, որոնք էլ կարգավորման տանող բանակցությունների հիմք կհանդիսանան:

ՀԱՐՑ. - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը մոտակա մեկուկես-երկու տարիների ընթացքում վերջնական կարգավորման հասնելու մաղթանք հղեց: Որոշ փորձագետներ համարում են, որ հակամարտության կարգավորման մասին դժվար թե խոսվի մոտակա 20-25 տարիների ընթացքում: Ձեր կարծիքով, ու՞մ դիքորոշումն է իրականությանն առավել մոտ:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ վարվող բանակցությունները նպատակ ունեն օր առաջ հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որոնք թույլ կտան մոտեցնել կողմերի տեսակատները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Իհարկե, ցանկալի է, որ կարգավորման ժամկետների վերաբերյալ ԱՄՆ դեսպանի լավատեսական մոտեցումն իրականություն դառնա, ինչը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին ձեռնամուխ լինել տարածաշրջանային լիակատար համագործակցությանը:

ՀԱՐՑ. - Միջնորդները հաճախ կրկնում են, որ հակամարտության կարգավորման հասնելը ամբողջովին կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից եւ ցանկությունից: Ինչպե՞ս եք կարծում, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան միանշանակ կընդունեն կարգավորման ցանկացած տարբերակ, որի շուրջ հակամարտող կողմերը համաձայնության կգան:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Ես արդեն նշեցի, որ համանախագահները ջանքեր են գործադրում կազմակերպելու հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումներ, որոնցում հնարավոր կլինի գտնել կարգավորման ընդհանուր մոտեցումներ ու եզրեր: Այս ենթատեքստում, կարծում եմ, որ հակամարտության կողմերին ընդունելի ցանկացած կարգավորման առաջարկ ընդունելի կլինի միջնորդների համար:

ՀԱՐՑ. - Որոշակի ժամանակից ի վեր, Ադրբեջանի ղեկավարները, կիրառելով իրենց համար ավանդական դարձած «հայ-ադրբեջանական հակամարտություն» արտահայտությունը, ստորակետով ավելացնում են նաեւ «լեռնային-ղարաբաղյան»: Նախկինում նման բան չէր նկատվում: Ինչպե՞ս եք կարծում, ինչի հետ է դա կապված:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Մենք բազմիցս ասել ենք, որ հակամարտությունն Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ է: Կարծում եմ, որ ադրբեջանական ձեւակերպումը նպատակ է հետապնդում հակամարտությունը ներկայացնելու իրեն հարմար ձեւով: Հիշեցնեմ, որ միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբում օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը:

Տպել էջը