Վարդան Օսկանյան. Սլովենիայի եւ Խորվաթիայի փորձը օգտակար է Հայաստանի համար
23 հոկտեմբերի, 2003ՊԱՏԱՍԽԱՆ.- Դա իմ առաջին այցն էր այդ երկրներ: Հայաստանը տարեցտարի ձգտում է ընդլայնել իր արտաքին քաղաքականությունը եւ կապեր հաստատել հատկապես այն երկրների հետ, որոնց հետ վերջին 10-ամյակի ընթացքում դրանք չեն եղել կամ առնչությունները կրել են դիպվածային բնույթ: Խոսքը հատկապես վերաբերում է եվրոպական տարածաշրջանի այն երկրներին, որոնք անկախություն ստացան եւ դարձան միջազգային սուբյեկտներ մեզ հետ միասին, այսինքն` նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին:
Այցը հետապնդում էր երկու նպատակ` այդ երկրների հետ զարգացնել երկկողմ հարաբերությունները եւ ընդլայնել եվրաինտեգրացման շրջանակներում փոխգործակցությունը:
ՀԱՐՑ.- Ինչո՞վ կարող են Բալկանյան այդ երկրները հետաքրքիր լինել Հայաստանի համար: Նրանց հետ համագործակցության ի՞նչ հնարավորություններ եւ հեռանկարներ կան:
ՊԱՏ.- Այդ երկրները համակարգային նմանություններ ունեն Հայաստանի եւ նախկին խորհրդային մյուս երկների հետ եւ զարգացման նույն ճանապարհն են անցել, նույն խնդիրներն ունեցել: Նրանք էլ են ապրել սոցիալիստական կարգերի փլուզում, տնտեսական ճգնաժամ, տեսել արյունալի հակամարտություններ եւ պատերազմական իրավիճակներ: Սակայն նրանք սեփական ինքնակազմակրպվածության եւ հստակ նպատակադրվածության շնորհիվ կարողացել են կարճ ժամանակահատվածում արմատապես վերափոխել իրենց հասարակության հիմքերը, այն համապատասխանեցնել կայուն եւ կանխատեսելի զարգացում ապահովող եվրոպական նորմերին եւ չափանիշներին:
Հատկապես Սլովենիայի պարագայում տնտեսական ձեռքբերումները խիստ տպավորիչ են: Ունենալով Հայաստանից փոքր տարածք եւ նվազ բնակչություն, նա իր ներքին կազմակերպվածության շնորհիվ հաջողել է արձանագրել այնպիսի տնտեսական աճ եւ բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտի ցուցանիշներ, որոնք այսօր վերջինիս թույլ են տալիս առաջ անցնել նույնիսկ ԵՄ անդամներ Հունաստանից եւ Պորտուգալիայից:
Հայաստանը, հեռահար նպատակ հայտարարելով անդամակցությունը ԵՄ-ին, գնահատում է դեպի այդ նպատակի իրականացմանը տանող ուղին իսկ որպես գործընթաց, որ նպաստում է մեր երկրում բարեփոխումների իրականացմանը եւ հասարակության ձեւավորմանը, առհասարակ հասարակական մտայնության փոփոխությանը: Այս իմաստով դարձյալ Հայաստանին հետաքրքրում է Սլովենիայի եւ Խորվաթիայի փորձը, որոնք հերթի են կանգնած եւ մոտ ապագայում` Սլովենիան ավելի շուտ, դառնալու են ԵՄ անդամ եւ այդ փորձի կիրառման որոշակի հնարավորությունները մեր իրականությունում: Ընդ որում, այս երկրները պատրաստակամություն են հայտնում մեզ փոխանցել իրենց փորձը` համապատասխան դասընթացների կազմակերպման, մասնագետների վերապատրաստման եւ իրենց եվրաինտեգրացման գործընթացները ուղղորդած փաստաթղթերի տրամադրման միջոցով:
Հաջորդ տարվա մայիսի 1-ից, երբ Սլովենիան կդառնա ԵՄ լիիրավ անդամ, Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված Գործընկերություն հանուն համագործակցության համաձայնագիրը կտարածվի նաեւ Սլովենիայի վրա` դրանով իսկ նոր հեռանկարներ բացելով երկու երկրների փոխգործակցության համար:
Բացի դա, 2005 թ. Սլովենիան դառնալու է ԵԱՀԿ նախագահող երկիր, եւ այդ հանգամանքով արդեն իսկ 2004 թ. հունվարի 1-ից սկսած` ներգրավված լինելով ԵԱՀԿ Տրոյկայի մեջ, իր մասնակցությունն է բերելու Հարավային Կովկասում հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքին:
ՀԱՐՑ.- Պարոն նախարար, կոնկրետ ինչպիսի՞ այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Ձեր այցելության ընթացքում:
ՊԱՏ.- Սլովենիայի հետ որպես առաջին քայլ նախատեսվում է երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների համագործակցության նախաձեռնում, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ տրանսպորտի ոլորտներում համաձայնագրերի կնքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ անդամակցության շեմին կանգնած Սլովենիայի եւ Խորվաթիայի աջակցության ապահովում ԵՄ ներսում ընթացող քաղաքական քննարկումների եւ որոշումների մշակման ընթացքում, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի առավել ընդգրկուն ներառմանը եվրաինտեգրացման գործընթացներում:
Կարծում եմ, որ այս երկրների հետ կոնկրետ փոխգործակցությունն առավել կակտիվանա առաջիկայում, որովհետեւ Հունաստանում մեր դեսպանին համաժամանակյա կարգով արդեն իսկ հավատարմագրել ենք Լյուբլյանայում եւ պատրաստվում ենք նույնն անել Զագրեբում: Խորվաթիան եւ Սլովենիան իրենց հերթին Աթենքում իրենց դեսպաններին հավատարմագրել են Հայաստանում:
Իսկապես, լավ աշխատանքի դեպքում մենք կարող ենք հասնել լավ արդյունքների: Այս իմաստով ես գոհ եմ այս այցից, որը համագործակցության բարենպաստ նախադրյալներ է ստեղծում: