Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի էլեկտրոնային հարցազրույցը Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի լրատվամիջոցների համար
20 հոկտեմբերի, 2003«Ռեգիոն» հետազոտական կենտրոն,
Հայաստանի հետաքննող լրագրողների ընկերակցություն
Հարց /Ուտիաշվիլի Շ.Ա. «24 ժամ»(Վրաստան)/
Արդյոք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ազդեցություն ունեցե՞լ են Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Պատասխան: Հիմա, երբ բավականին ժամանակ է անցել, կարող եմ ասել, ոչ, ընտրությունները ոչ մի զգալի ազդեցություն չեն ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Հիմնականում հետեւյալ պատճառով. բոլորը քաջ գիտակցում են, որ մեր երկրներում, ուր ժողովրդավարության կայացումը լուրջ առաջընթաց է ապրում, բայց դեռ չի հասել իր ավարտին, միշտ էլ կարող են լինել թերություններ: Միեւնույն ժամանակ, կարեւոր է այդ երկրների ձգտումը եւ որոշումը` շարունակել ճանապարհը դեպի ժողովրդավարություն:
Հարց /Ուտիաշվիլի Շ.Ա. (Վրաստան)/
Պատրաստվո՞ւմ է արդյոք Հայաստանը անդամակցել Միասնական տնտեսական տարածությանը: Առաջնայի՞ն է, արդյոք, Հայաստանի համար ԱՊՀ կառույցներին ինտեգրվելը:
Պատասխան: Այսօր ԱՊՀ անդամ պետությունների ընդահուր խնդիրներից է միասնական տնտեսական տարածության ստեղծումը: Այդ ուղղությամբ բավական մեծ աշխատանք է տարվել, բայց մենք դեռեւս հեռու ենք այդ խնդրի լուծումից: Չնայած ԱՊՀ բազմակողմանի օգտակարությանը, այդ կազմակերպությունը դեռեւս չի կարող լիակատար ինեգրման համակարգ համարվել, քանի դեռ չի կարողանում ապահովել լուրջ տնեսական շահեր իր անդամների համար:
Հարց /Հակոբյան Ա. Վ.(Հայաստան)/
Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հայաստան ժամանող գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պարտադիր կերպով հանդիպում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Պատասխան: Կարծում եմ, դա լավ ավանդույթ է: Պետք է նշեմ, որ հենց իրենք` բարձրաստիճան պաշտոնյաններն են ցանկություն հայտնում այցելել Էջմիածին եւ հանդիպել Կաթողիկոսի հետ: Չնայած մեզ մոտ եկեղեցին եւ պետությունն առանձնացված են, կարծում եմ, մեր հյուրերի այցելությունը Էջմիածին եւ հանդիոպումը Կաթողիկոսի հետ օգնում է վերջիններիս ավելի լիարժեք պատկերացում կազմել հայերի եւ Հայաստանի մասին առհասարակ:
Հարց /Ուտիաշվիլի Շ.Ա.(Վրաստան)/
Վերջին ժամանակաշրջանում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը բավական խորացել է: Արդյոք Հայաստանը մտադի՞ր է էլ ավելի խորացնել այդ համագործակցությունը եւ ինչպես եք Դուք տեսնում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ապագան:
Պատասխան: Իսկապես, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում եւ խորանում են Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում: Չնայած մեր անվտանգության համակարգի հիմքում հայ-ռուսական համագործակցությունն է, բազմաթիվ այլ բաղադրիչներ դարձնում եմ այն ավելի լիարժեք: Այդ բաղադրիչներից ուզում եմ շեշտել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի կիրառումը, Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին, ինչպես նաեւ ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը այլ երկրների հետ, որոնցից կարեւորում ենք համագործակցությունը ԱՄՆ եւ Հունաստանի հետ: Այս ամենը համահունչ է Հայաստանի փոխլրացման արտաքին քաղաքականության սկզբունքին:
Հարց /Մարտիրոսյան Ս. Վ. (Հայաստան)/
Բարեւ Ձեզ, պրն. նախարար: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի վրա Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները եւ Իրանի շուրջ իրավիճակի սրումը: Սամվել Մարտիրոսյան «ՌոսԲալթ» գործակալություն:
Պատասխան: Այդ երկու հարցը մեզ շատ են հուզում, հատկապես Իրանը, որովհետեւ դա մեր հարեւան պետությունն է: Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, դա կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա: Այս պահին մենք միայն կարող ենք հույս հայտնել, որ եւ Իրանը, եւ մյուս կողմը կկարողանան այնպես կողմնորոշվել, որպեսզի խուսափեն որեւէ բացասական զարգացումից:
Հարց /Ուտիաշվիլի Շ.Ա. (Վրաստան)/
Ներկայումս ակտիվորեն քննարկվում է Աբխազիայով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացումը:Քննարկվում է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջով իրանական գազատարի կառուցման հնարավորությունը: Ինչքանո՞վ են այս նախագծերը կարեւոր Հայաստանի համար եւ ինչպիսի՞ հեռանկարներ եք Դուք տեսնում:
Պատասխան: Այսօրվա դրությամբ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը երկկողմանի նպատակ է հետապնդում. այդ գազատարը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար մեր էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Ինչ վերաբերում է Աբխազիայի երկաթուղուն, ապա մենք հասկանում ենք, որ դրա բացումը կախված չէ Հայաստանից, եւ այնուամենայնիվ կարծում ենք, որ այն օգտակար կլինի բոլոր կողմերի համար:
Հարց /Մարտիրոսյան Ս. Վ. (Հայաստան)/
Պրն. նախարար, ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը: Ո՞րն է պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այդ հարցում:
Պատասխան: Մենք չենք ցանկանում պաշտոնական մենկաբանություններ անել կատարվածի առնչությամբ: Այնուամենայնիվ, այն, ինչ դիտում ենք հեռուստատեսությամբ եւ կարդում մամուլում, այդ թվում եւ միջազգային տեղեկատվական ամփոփագրերում, զարհուրելի է եւ դատապարտելի:
Հարց /Սալմանով Խ. Յա. (Ադրբեջան)/
Բարեւ Ձեզ, պրն. նախարար: Նախ ներկայանամ՝ Ադրբեջան, "Էքսպրես" թերթ, Հյուգուգ Սալմանով: Ամռանը մենք կոլեգաներով Սեւան քաղաքում էինք: Օգոստոսի 4-ին ռադիոյով հայտարարեցին Իլհամ Ալիեւի վարչապետի պաշտոնին նշանակվելու մասին: Մեր հայ կոլեգաների արձագանքները բավականին դրական էին: Դուք նույնպե՞ս համարում եք, որ այդ թեկնածում (մասնավորապես նախագահական ընտրություններից հետո) առավելագույնս համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքակության ռազմավարությանը:
Պատասխան: Մեր գնահատականը մենք կարող ենք տալ միայն որոշ ժամանակ անց, երբ կոնկրետ շփումներ կունենանք պրն. Ալիեւի հետ: Համենայն դեպս, արդեն ասել եմ եւ այսօր էլ ուզում եմ նշել, որ հետագա առաջընթացը ղարաբաղյան հակամարտության մեջ շատ բանում կախված կլինի Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցությունների ոգին պահպանելուց:
Հարց /Ուտիաշվիլի Շ.Ա. (Վրաստան)/
Վերջերս Դուք մի քանի անգամ հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ: Ինչպիսի՞ն եք տեսնում ձեր երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման հեռանկարները:
Պատասխան: Այդ հարցին ես վերաբերվում եմ զգուշավոր լավատեսությամբ: Կարծում եմ, որ կարելի է արձանագրել դրական առաջխաղացումներ: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ուժեղ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կախվածությունը այլ հարցերից (օրինակ, ղարաբաղյան հակամարտությունից): Իմ կոլեգայի հետ երկու հանդիպումից հետո ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ մենք կարող ենք մեր ջանքերն ուղղել հիմնականում հենց հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների բարելավմանը:
Հարց /Խ. Յա. Սալմանով (Ադրբեջան)/
Ակնհայտ է Կովկասի նոր վերաբաժանումը: Հավանաբար, կրկին աշխարհի հզորները, թեեւ խոսում են ժամանակակից իրողությունների մասին, բայցեւայնպես կարճ ժամանակով Հարավային Կովկասը «նետում են» Ռուսաստանի գիրկը: Այդպիսին է ադրբեջանական հասարակության զգացողությունը: Ի՞նչ է դա նշանակում՝ հին հարաբերությունները նոր ձեւով հետխորհրդային տարածությունում, թե՞ երկպառակություններ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Պատասխան: Տարածաշրջանում կատարվող գործընթացների մասին մեր կարծիքը հետեւյալն է. իհարկե, գերտերությունների կողմից մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց կա նաեւ մրցակցություն: Այդ մրցակցության որակը եւ ձեւը զգալի տարբերվում են «սառը պատերազմի» ժամանակաշրջանի իրավիճակից: Տարբերությունը նրանում է, որ շատ բան կախված է կովկասյան պետություններից, ինքանով ճիշտ նրանք կկարողանան կողմնորոշվել այդ նոր մրցակցության հենքի վրա: Հայաստանն իր փոխլրացման քաղաքակնությամբ փորձում է գնալ այդ շահերի մերձեցման ճանապարհով: Մեր տարածաշրջանի ապագան կախված կլինի նաեւ երեք անդրկովկասյան հանրապետությունների համագործակցությունից եւ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ փոխհամաձայնությունից:
Հարց /Ե.Ա. Կրիշտալյով (Ադրբեջան)/
Բարեւ ձեզ, պարոն նախարար: Ընտրություններն ավարտվել են: Ե՞րբ կարելի է սպասել բանակցությունների հերթական փուլին, ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների անձնական շփումների միջոցով:
Պատասխան: Ես գիտեմ, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկություն են հայտնել այցելելու մեր տարածաշրջան առաջին իսկ հնարավորության դեպքում: Հայաստանն իր համաձայնությունն է տվել այդ «առաջին հնարավորությանը», եթե այն համընկնում է այն մարդկանց գրաֆիկին, որոնց հետ նրանք կուզենային հանդիպել: Հետեւաբար, գնդակը մյուս դաշտում է:
Հարց /Ե.Ա Կրիշտալյով (Ադրբեջան)/
Որքանո՞վ Հայաստանը կարող է իրեն համարել անկախ պետություն, երբ նրա արտաքին սահմանները պաշտպանվում են այլ պետության սահմանապահների կողմից, իսկ ձեռնարկություններից շատերը դուրս են եկել պետության սեփականությունից ու անցել օտարերկրյա ընկերությունների վերահսկողության տակ: Արդյոք Հայաստանի կառավարությունն ունի՞ որեւէ ծրագիր նման քաղաքական եւ տնտեսական կախվածությունից խուսափելու համար:
Պատասխան: Հայաստանը անկախ է այնքան, որ ինքն է որոշում` թե ով է պաշտպանելու իր սահմանները: Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն ու խնդրանքն էր, որոնք բխում էին իր անվտանգության պահանջներից: Տնտեսական առումով Հայաստանի ներդրու-մային դաշտը խիստ տարբերակված է, եւ տարբեր պետություններ ունեն իրենց զգալի ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ: Այդուհանդերձ որեւէ պետության անկախության մակարդակի որոշումը մեկ այլ պետության տնտեսական ներկայության աստիճանով չի համընկնում գլոբալիզացման եւ ինտեգրման տրամաբանության հետ: Եթե Ձեր ասածը ճիշտ համարվեր, ապա այդ դեպքում կարելի կլիներ ենթադրել, թե Ադրբեջանը ղեկավարվում է նավթային ընկերությունների կողմից:
Հարց /Շ.Ա. Ուտիաշվիլի (Վրաստան)/
Ինչպիսի՞ն է Երեւանի պաշտոնական դիրքորոշումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Էրզրում նավթա-գազամուղների կառուցման հարցում:
Պատասխան: Նման հատուկ պաշտոնական դիրքորոշում չկա: Սակայն մենք դրական ենք գնահատում ցանկացած տարածաշրջանային տնտեսական նախաձեռնություն այնքան ժամանակ, քանի դեռ դրա հետ կապված տնտեսական լծակները չեն օգտագործվում որեւէ երրորդ երկրի դեմ:
Հարց /Ե. Ա. Կրիշտալյով (Ադրբեջան)/
Ի՞նչ եք մտածում քաղաքական այն կոնֆիգուրացիայի մասին, որը ձեւավորվել է Կովկասի երկրներում անցկացված ընտրություններից հետո:
Պատասխան: Իմ կարծիքով մեր տարածաշրջանում տեղի ունեցած ընտրությունները չեն հանգեցնիկտրուկ փոփոխությունների: Բոլոր դեպքերում նկատվում է շարունականությունը:
Հարց /Ս.Վ. Մարտիրոսյան (Հայաստան)/
Արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունը:
Պատասխան: Չնայած Ադրբեջանի մշտական ռազմատենչ հայտարարություններին, դատելով այսօր ուժերի հարաբերակցությունից եւ երկու երկրների ռազմական հնարավորություններից, քիչ հավանական եմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը: Համենայն դեպս, մենք շարունակում ենք օրըստօրե բարձրացնել մեր բանակի մարտունակությունը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին հետաքրքիր հարցերի համար: Մինչ նոր հանդիպում: