Միջազգային կազմակերպություններ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր տվյալներ

1970թ. մարտի 20-ին 21 երկրներ և կառավարություններ՝ Բելգիան, Բուրունդին, Կամերունը, Կանադան, Կոտ դ’Իվուարը, Դահոմեան (1620-1900, ներկայիս Բենինը), Ֆրանսիան, Գաբոնը, Հայիթին, Վերին Վոլտան (1958–1984, ներկայիս Բուրկինա Ֆասոն), Լյուքսեմբուրգը, Մադագասկարը, Մալին, Մավրիկիոսը, Մոնակոն, Նիգերը, Ռուանդան, Սենեգալը, Տոգոն, Թունիսը, Վիետնամը և Քվեբեկը 1970թ. Նիամեյում (Նիգեր) ստորագրված կոնվենցիայով ստեղծել են Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալությունը, որը 1998թ. վերափոխվել է՝ դառնալով Ֆրանկոֆոնիայի միջկառավարական գործակալություն, իսկ 2005թ.՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն (ՖՄԿ):

Ֆրանկոֆոնիայի առանցքային նպատակները հետևյալն են.

  • ֆրանսերենի, լեզվական և մշակութային բազմազանության խթանումը,
  • խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանումը,
  • կրթությանը, վերապատրաստմանը, բարձրագույն կրթությանը և հետազոտական գործընթացին աջակցության ցուցաբերումը,
  • հանուն կայուն զարգացման տնտեսական համագործակցության խթանումը:

Կազմակերպությանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցում է 56, ասոցացված կարգավիճակով՝ 5 և դիտորդի կարգավիճակով՝ 32 երկիր և կառավարություն:

2004թ. Ուագադուգուում (Բուրկինա Ֆասո) կայացած գագաթնաժողովին Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ստացել է դիտորդի կարգավիճակ, 2008թ. հոկտեմբերին Քվեբեկում (Կանադա) կայացած գագաթնաժողովին՝ ասոցացված անդամի կարգավիճակ, իսկ 2012թ. Կինշասայում (Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի որոշմամբ դարձել է լիիրավ անդամ։

Դեռևս ասոցացված անդամի կարգավիճակ ստանալուց հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական է նշանակվել Քրիստիան Տեր-Ստեփանյանը՝ Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները համակարգելու նպատակով: Վերջինս 2013-2023թթ. ներկայացրել է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում: 2025 թվականից Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչն է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության որոշում կայացնող երեք ատյաններն են Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, նախարարական համաժողովը և գագաթնաժողովը, որոնց գործառույթները սահմանված են Ֆրանկոֆոնիայի կանոնադրությամբ:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որտեղ անդամ երկրները ներկայացված են պետության կամ կառավարության ղեկավարի մակարդակով, սահմանում է Ֆրանկոֆոնիայի առաջնայնությունները, Կազմակերպության արդյունավետության բարձրացման և նպատակների իրագործման նպատակով ընդունում է բանաձևեր, որոշումներ է կայացնում անդամակցության և կարգավիճակի փոփոխության հայտերի վերաբերյալ, ընտրում է գլխավոր քարտուղարին՝ որի մանդատի տևողությունը 4 տարի է:

Ներկայիս գլխավոր քարտուղարը Լուիզ Մուշիկիվաբուն (Ռուանդա) ընտրվել է 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և վերընտրվել 2022թ. Ջերբայում (Թունիս) կայացած 18-րդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովը հյուընկալող երկիրը ստանձնում է դրա նախագահությունը մինչև հաջորդ նստաշրջան: Հերթական նստաշրջանները գումարվում են երկու տարին մեկ անգամ:

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին անդամ երկրները ներկայացված են պետության կամ կառավարության՝ ոլորտը համակարգող նախարարի մակարդակով: Տվյալ ատյանը հետևում է գագաթնաժողովի կողմից կայացված որոշումների կատարմանը և նախապատրաստում գագաթնաժողովի նստաշրջանները, հաստատում է Կազմակերպության բյուջեն և ֆինանսական հաշվետվությունները: Համաժողովը նույնպես կարող է առանձին թեմաների շուրջ բանաձևեր ընդունել:

Հերթական նստաշրջանները գումարվում են տարին մեկ անգամ:

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում անդամ երկրները ներկայացված են պետությունների կամ կառավարությունների ղեկավարների կողմից նշանակված մշտական ներկայացուցիչների կողմից: Տվյալ ատյանը հետևում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կողմից կայացված որոշումների կատարմանը, մշտադիտարկում է իրականացնում անդամ երկրնրում քաղաքական իրավիճակի և ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության շուրջ։ Ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված իշխանությունների դեմ ռազմական հեղաշրջման դեպքում նախաձեռնում է պատժամիջոցների կիրառման կամ անդամակցության կասեցման գործընթաց։

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի շրջանակներում գործում են նաև քաղաքական, տնտեսական, համագործակցության և ծրագրավորման, վարչական և ֆինանսական հանձնաժողովները:

ՖՄԽ նիստերը նախագահում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը: Տարվա ընթացքում կարող են գումարվել բազմաթիվ հերթական նիստեր, իսկ արտակարգ իրավիճակներում՝ անհրաժեշտ թվով արտահերթ նիստեր: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է առանձին ոլորտներ համակարգող օպերատորների և կառույցների հետ համագործակցաբար:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը (APF), որը Ֆրանկոֆոնիայի խորհրդատվական մարմինն է, կազմված է խորհրդարաններ կամ միջխորհրդարանական կազմակերպություններ ներկայացնող խմբակցություններից: Հայաստանը վեհաժողովին անդամակցել է 2003թ. դիտորդի կարգավիճակով, 2009թ. դարձել է ասոցիացված, իսկ 2014թ.՝ լիիրավ անդամ:

Առանձին ոլորտներ համակարգող օպերատորներն են Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (AUF), TV5 ֆրանսալեզու միջազգային հեռուստաընկերությունը, Ալեքսանդրիայի Սենգոր համալսարանը (Université Senghor d’Alexandrie), Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիան (AIMF):

Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի բարձր հեղինակության և աշխատանքներում ակտիվ ներգրավվածությունը գնահատելու մասին կարող են վկայել քարտուղարության և անդամ երկրների ու կառավարությունների կողմից Հայաստանի նկատմամբ դրսևորած համերաշխությունը, ինչպես նաև՝ Կազմակերպության որոշում կայացնող ատյանների և այլ կարևոր միջոցառումների կազմակերպումը Հայաստանին վստահելու որոշումները:

2011թ. հոկտեմբերի 25-ից 26-ը Երևանում կայացել է Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 31-րդ նստաշրջանը՝ ավելի քան 150 քաղաքապետերի մասնակցությամբ: Նստաշրջանին Հայաստանի համայնքների միությունը դարձել է Ասոցիացիայի անդամ:

2015թ. հոկտեմբերի 10-ից 11-ը Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանը: Համաժողովին ընդունված բանաձևերի շարքում էր նաև Հայաստանի նախաձեռնությամբ մշակված «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևը, որտեղ հղում է արվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հայտարարությանը:

2018թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որն աչքի է ընկել մասնակցության բարձր մակարդակով և պատվիրակությունների մեծ քանակով։ Գագաթնաժողովին մասնակցել են 75 պետություն և կառավարություն, այդ թվում՝ 29 պատվիրակություններ մասնակցել են նախագահի և վարչապետի մակարդակով, 6 պատվիրակություն` փոխնախագահի և փոխվարչապետի մակարդակով, 21 պատվիրակություն՝ նախարարների մակարդակով: Մասնակիցների շարքում էին նաև 17 միջազգային կազմակերպություններ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օպերատորներ և այլ գործիչներ:

Անդամ երկրների և կառավարությունների որոշմամբ ՖՄԿ անդամների քանակը համալրվել է 3 նոր ասոցացված (Սերբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կոսովո) և 4 նոր դիտորդ անդամներով (Իռլանդիա, Մալթա, Գամբիա, ԱՄՆ Լուիզիանա նահանգ):

Գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպվել են հետևյալ հարակից միջոցառումները.

  • հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանի Ազատության հրապարակում գործել է Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ ողջ ընթացքում կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ:
  • հոկտեմբերի 10-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է տնտեսական ֆորում և Թվային տեխնոլոգիաներին նվիրված ֆորում:
  • հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայացել է հանրահայտ երգիչների մասնակցությամբ գալա-համերգ, որի եզրափակիչ հատվածը նվիրված է եղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց կազմակերպության նախագահությունը, սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020թ. նախատեսվող 18-րդ գագաթնաժողովը հետաձգվեց և Հայաստանը շարունակեց նախագահությունը:2022թ. նոյեմբերի 19-ից 20-ը Ջերբայում (Թունիս) կայացել է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի մեկնարկին գագաթնաժողովի նախագահությունը Հայաստանի Հանրապետությունից փոխանցվել է Թունիսի Հանրապետությանը։

Նոյեմբերի 18-ին գագաթնաժողովի շրջանակներում կայացած Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման արդյունքները և չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը

Կազմակերպությունում։

2023թ. Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով:

2023թ. դեկտեմբերի 15-ին Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) հրավերով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել է ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի շրջանակներում քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված թեկնածության հայտը։

ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի կողմից փոխանցված դրական եզրակացության հիման վրա Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն կերպով աջակցություն է հայտնել Հայաստանի թեկնածությանը՝ ընդունելով համապատասխան որոշում։ Ըստ այդմ, 2027թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը։

1989 թվականից յուրաքանչյուր չորս տարին մեկ ՖՄԿ անդամ ո­րևէ երկրում կայացող Ֆրանկոֆոնիայի խաղերի շրջանակներում մարզական և մշակութային մրցումների շուրջ համախմբվում են ՖՄԿ անդամ երկրներից հազարավոր արտիստներ և մարզիկներ:

Հայաստանը պարբերաբար հանդես է գալիս տարաբնույթ փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ և ակտիվորեն ներգրավված է ՖՄԿ ատյանների կողմից մշակվող փաստաթղթերի խմբագրական աշխատանքներին՝ կարևորելով ինչպես ազգային առաջնայնությունների, այնպես էլ՝ Կազմակերպության առաջնահերթությունների և ուշադրության արժանի զարգացումների արտացոլման վրա:

2018թ. Երևանում «Ապրել միասին» խորագրի ներքո կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, մասնավորապես՝ Երևանի հռչակագիրը` «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածքում» թեմայով և Հայաստանի նախաձեռնությամբ մշակված «Ապրել միասին» ֆրանկոֆոն կոչը:

2022թ. Ջերբայում (Թունիս) կայացած Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի հռչակագրում անդամ երկրներն ու կառավարությունները խորին երախտագիտություն են հայտնել Հայաստանին չորս տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նախագահելու համար և համերաշխություն հայտնել անվտանգային մարտահրավերների առերեսվելու համատեքստում։

Նույն գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները ողջունել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորում գտնելու ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գործադրվող ջանքերը, համերաշխություն հայտնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը: Անդամ երկրներն ու կառավարությունները նաև մտահոգությունն են հայտնել լուծում չստացած այնպիսի մարդասիրական խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են ռազմագերիների և դեռևս ձերբակալված անձանց, անհետացած անձանց և տեղահանված բնակիչների ճակատագիրը, մտահոգություն են հայտնել նաև տարածաշրջանում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ուղարկմանը։

2024թ. հոկտեմբերի 5-ին Վիլեր Կոտրեում (Ֆրանսիա) կայացած Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևում անդամ երկրները համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ, երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024թ. ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա: Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որոնք կարող են խոչընդոտել խաղաղության գործընթացին։ Շեշտվել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) կարևորությունը և սահմանամերձ տարածքներում կայունության գործում վերջինիս ներդրումը։ Կարևորվել է Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը։ ՖՄԿ-ն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։

 

Համագործակցություն Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև

Շարունակաբար աշխատանքներ են տարվում ոլորտային համագործակցության ակտիվացման և ուղղությունների բազմազանեցման նպատակով:

1998թ. Երևանը անդամակցել է Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիային (AIMF)՝ առաջին անգամ հիմք դնելով Ֆրանկոֆոնիայի հետ ինստիտուցիոնալ բնույթի համագործակցությանը: Ասոցիացիան աջակցություն է ցուցաբերում Երևան քաղաքի մշակութային և կրթական հաստատություններին՝ մասնավորապես Երևանի մի շարք հիմնական և ավագ դպրոցներին` ապահովելով լեզվի լաբորատորիաներով:

Ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, 2011թ. Հայաստանի Լոռու մարզը դարձել է Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամ:

2009թ. մայիսից Հայաստանն անդամակցում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնին (CREFECO): Կենտրոնի ծրագրերի շնորհիվ ֆրանսերեն դասավանդող բազմաթիվ հայ ուսուցիչներ մասնակցում են ազգային կամ տարածաշրջանային մակարդակով կազմակերպվող դասընթացների և վերապատրաստումների՝ միտված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով դասավանդվող առարկաների բարելավմանը:

2009թ. հունիսին ՀՀ ԱԳ նախարարության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների և Բելգիայի ֆրանսախոս համայնքի ղեկավարության միջև ստորագրվել է ՀՀ պետական համակարգի պաշտոնյաների ֆրանսերենի ուսուցման վերաբերյալ հուշագիր։

Հայաստանը հանդիսանում է նաև 2013թ. սեպտեմբերին ստեղծված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգողների ցանցի (RESIFECO) անդամ։ Ցանցին անդամակցում են Հայաստանը, Բուլղարիան, Մակեդոնիան, Մոլդովան, Ռումինիան և Ալբանիան։

2015թ. հոկտեմբերին, «Ֆրանսերենը միջազգային հարաբերություններում» ծրագրի շրջանակներում ՖՄԿ-ի, Հայաստանի և ՖՄԿ անդամ և դիտորդ 17 երկրների կողմից Ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությունների վերաբերյալ Գործընկերության հուշագիր է ստորագրվել՝ ուղղված միջազգային հարաբերությունների հարցերով ՀՀ վարչական համակարգի պաշտոնյաների՝ ֆրանսերենով արտահայտվելու հմտություններն ամրապնդմանը:

Հայաստանը 2012թ. ի վեր մասնակցում է Ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությանը, որի շրջանակներում ՖՄԿ-ն և ՀՀ ԱԳ նախարարությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում են մասնագիտական ֆրանսերենի դասընթացներ: Դասընթացներին մասնակցում են ԱԳՆ դիվանագետներ և պետական ծառայողներ ՀՀ գերատեսչություններից:

Միջբուհական համագործակցություն

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանն (AUF) անդամակցում են Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: Գործակալության օժանդակությամբ

Երևանում բացվել է համալսարանական նվաճումների 2 կենտրոն:

2011թ. մարտին Հայաստանում ֆրանսիական համալսարանում բացվել է Ֆրանկոֆոնիայի Սենգորի ամբիոնների միջազգային ցանցի հայկական մասնաճյուղը, որը նպատակ ունի խրախուսելու ֆրանսերենի ուսուցանումը և ճանաչելի դարձնելու ֆրանկոֆոնիան իր տարբեր կողմերով՝ ինստիտուցիոնալ, քաղաքական, մշակութային և տնտեսական:

2010թ. հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (ՖՀԳ/AUF) ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնագիր է ստորագրել ֆրանսերենով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին, որը տեղակայվաում է Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

2014թ․ մեկնարկած «Ֆրանկոֆոն գրքի անկյուն» ծրագրի շնորհիվ Երևանի և ՀՀ մարզային մի շարք գրադարաններ համալրվել են ֆրանսալեզու գրականությամբ:

2015թ. հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցաբար Երևանում կազմակերպվել է տարածաշրջանային առաջին սեմինարը՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակությունում կին-տղամարդ իրավահավասարության խթանման վերաբերյալ: Սեմինարին մասնակցել են Ալբանիայի, Բուլղարիայի, Հայաստանի, Մակեդոնիայի և Ռումինիայի կառավարությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Միջխորհրդարանական համագործակցություն

Խորհրդարանական մակարդակում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ (APF): 2009թ. հուլիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովը դարձել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ, իսկ 2014 թվականից ՖԽՎ-ին անդամակացում է որպես լիիրավ անդամ:

Մինչ 2014թ. Հայաստանն օգտվել է ՖԽՎ «ՆՈՐԻԱ» ծրագրից, որի շրջանակներում ՀՀ պատգամավորների և խորհրդարանի պաշտոնյաների համար կազմակերպվել են ֆրանսերենի դասընթացներ, կատարվել են նվիրաբերություններ, ԱԺ կայքի ֆրանսերեն թարգմանության նպատակով տրամադրվել է աջակցություն:

2010թ. մայիսի 4-ից 7-ը ՀՀ Ազգային ժողովում կայացել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ նստաշրջանը, որին՝ ավելի քան 20 երկրներից, մասնակցել են 80 ներկայացուցիչներ:

2016թ. գիտական և համալսարանական համատեղ նախագծերի իրականացման նպատակով Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև:

2021թ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դարձել է ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ասոցիացիայի անդամ:

 2021թ. հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցել է ՖՄԿ դիտորդական առաքելություն: Դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցում արձանագրվել է, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցել են ազատ և արդար պայմաններում՝ միջազգային նորմերին, չափանիշներին և ժողովրդական սկզբունքներին համապատասպան:

2022թ․ հոկտեմբերի 7-ին Փարիզում կայացած Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների ֆորումի (REFRAM) 7-րդ համաժողովին Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրվել է Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների ֆորումի լիիրավ անդամ։

Ֆրանկոֆոնիայի երկամսյակ

Յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ, ՀՀ պետական գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների դեսպանությունների և ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ջանքերով կազմակերպվում է Ֆրակոֆոնիայի երկամսյակ, որն ընդգրկում է հարյուրավոր մշակութային և ուսումնական միջոցառումներ՝ նվիրված ֆրանոկֆոնիայի արժեքներին և ֆրանսերեն լեզվին:  2025 թվականի երկամսյակի ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով:

Բարձրաստիճան երկխոսություն

2010թ. ապրիլի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ:

2015թ. հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։

2018թ. սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Միկայել Ժանը նաև հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

2019թ. հոկտեմբերի 30-ին Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Մոնակոյում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

2019թ. նոյեմբերի 12-ին աշխատանքային այվով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

2020թ. դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

2021թ. հոկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

2023թ. հոկտեմբերի 17-ից 19-ը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ի նշան համերաշխության: Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

2024թ. հունիսի 27-ին Ֆրանկոֆոնիայի ադմիստրատոր Կարոլին Սենտ Իլերը հրավերով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 27-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշի փոխանցման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը Ա․ Հարությունյանը և Կ․ Սենտ Իլերը ստորագրել են Ֆրանկոֆոնիայի խաղերի 10-րդ թողարկման կազմակերպման վերաբերյալ համաձայնագիր։

 

Թարմացված է՝ 15.10.2025թ.

Տպել էջը