ԱՐԱԳԱՑՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Միջազգային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները, ովքեր ընթացիկ հակամարտությունը լուսաբանելու նպատակով ցանկանում են մուտք գործել Արցախ, պետք է հավատարմագրվեն ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից:
Դա անելու համար խնդրում ենք հետևել ստորև ներկայացվող ուղեցույցում նշված քայլերի հաջորդականությանը՝
1. Ուղարկեք նշված փաստաթղթերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ media@mfa.am և press@mfa.nkr.am.
ա․ Գործակալության ղեկավարի կամ գլխավոր խմբագրի կողմից ստորագրված, պաշտոնական կնիքով նամակ՝ ուղղված Հայաստանի արտաքին գործերի նախարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությանը (.pdf ձևաչափով)՝ ներառելով․
- լրատվական կազմակերպության կամ լրատվամիջոցի անվանումը,
- Հայաստան ժամանող թիմի անդամների անունը, ազգանունը և պաշտոնը։
բ. Գործակալության ղեկավարի կամ գլխավոր խմբագրի կողմից ստորագրված, պաշտոնական կնիքով նամակ՝ ուղղված Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը (.pdf ձևաչափով)՝ ներառելով.
- լրատվական կազմակերպության կամ լրատվամիջոցի անվանումը,
- Արցախ մեկնելու ցանկություն ունեցող թիմի բոլոր անդամների անունը, ազգանունը և պաշտոնը,
- Արցախ մուտքի և ելքի ակնկալվող ժամկետները։
գ. Թիմի՝ Հայաստան և Արցախ մեկնել ցանկացող բոլոր անդամների անձնագրերի պատճենները (.pdf կամ ․jpg ձևաչափով),
դ. սահմանված չափի լուսանկար (51x51 մմ ․jpg ձևաչափով), որը կօգտագործվի Հայաստան և Արցախ մեկնել ցանկացող բոլոր անդամների հավատարմաքարտերի պատրաստման համար:
ե. Արցախի վիզայի ստացման համար լրացված հայցադիմում (սեղմեք այստեղ հայտի ձևի համար):
2. ՀՀ արտաքին գործերի նախարարության և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրման հաստատումից հետո կարող եք ամրագրել Ձեր տոմսը և ուղարկել թռիչքի մանրամասները media@mfa.am էլ. հասցեին։
3. Հայաստան ժամանելուն պես անհրաժեշտ է հանձնել COVID-19 ախտորոշիչ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստ: Այդ պարտադիր թեստը հնարավոր է հանձնել երկու վայրում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «ԷկոՍենս լաբորատորիայում» և «Ռեֆերանս լաբորատորիայում» (Երևան, Դավիթ Մալյան 37 հասցեում): Արդյունքները հասանելի կլինեն 8-12 ժամվա ընթացքում:
4. Թեստի Ձեր բացասական արդյունքները ստանալուց հետո այցելեք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2), որտեղ Դուք կստանաք.
- ՀՀ ԱԳՆ հավատարմաքարտ,
- վարորդ, ֆիքսեր ձեռք բերելու և ցանկացած այլ նյութատեխնիկական խնդիրների հարցում օժանդակություն։
5. ՀՀ ԱԳՆ հավատարմաքարտը ստանալուց հետո այցելեք Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության գրասենյակ (Երևան, Նաիրի Զարյան փ. 17/2), որտեղ Դուք կստանաք Արցախ մուտքի վիզա։
6. Դուք կարող եք մեկնել Արցախ հետևյալ փաստաթղթերի առկայության պարագայում՝
- Հայաստանի ԱԳՆ հավատարմաքարտ,
- Արցախի ԱԳՆ հավատարմաքարտ,
- Արցախ մուտքի վիզա,
- Տեղացի ֆիքսեր։
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄՆԵՐ
ՀՀ արտաքին գործերի նախարարության հավատարմագրումը Ձեզ թույլ չի տալիս մուտք գործել Արցախ և կարող է նաև սահմանափակել Ձեր տեղաշարժը Հայաստանի Հանրապետության ներսում` ռազմական դրության պայմաններին համապատասխան: Խնդրում ենք համոզվել, որ հետևում եք վերոնշյալ քայլերին.
- Ձեր դիմումի հնարավորինս արդյունավետ ընթացքն ապահովելու համար խնդրում ենք դիմել մինչև Ձեր ժամանումը, միաժամանակ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարություններ:
- Արցախ մուտք գործող միջազգային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներին պետք է ուղեկցի տեղացի ֆիքսեր, ով վերապատրաստվել է Հայաստանի ԱԳՆ-ի կողմից՝ ապահովության և անվտանգության կանոններին և ռազմական դրության ներկա պայմաններին համապատասխան:
- Մամուլի ազատության առավելագույն ապահովման նպատակով տեղացի ֆիքսերները կարող են առաջարկվել Ձեր նախաձեռնությամբ՝ Ձեր կապերի, տեղական մամուլի ակումբների կամ լրատվական ՀԿ-ների միջոցով և վերջիններիս համար, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի համապատասխան վերապատրաստում: Եթե չի հաջողվում պայմանավորվածություն ձեռք բերել տեղացի ֆիքսերի հետ, խնդրում ենք դրա մասին հայտնել Ձեր նամակում՝ այդ հարցում ԱԳՆ կողմից աջակցության ստացման նպատակով։
- COVID-19 ախտորոշիչ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտությունը պարտադիր բնույթ է կրում Հայաստան ժամանելուն պես: Եթե ձեր թեստի արդյունքը դրական է, ապա Ձեր նկատմամբ կկիրառվի երկշաբաթյա կարանտին, որի ավարտից հետո կարող եք ծավալել մասնագիտական գործունեություն։
- Ելնելով անվտանգության նկատառումներից՝ միջազգային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներից պահանջվում է անձնական պաշտպանական սեփական միջոցները բերել Արցախ: Բացառիկ դեպքերում, եթե Ձեր լրատվական կազմակերպությունը չի կարող դրանք Ձեզ տրամադրել (այսինքն՝ եթե Դուք ֆրիլանս եք), խնդրում ենք այդ մասին նշել Ձեր նամակում, և Հայաստանի ԱԳՆ-ն կարող է Ձեզ տրամադրել նման միջոցներ։ Առանց այդ միջոցների Ձեր մուտքն Արցախ կարող է հետաձգվել կամ սահմանափակվել: Այդ պատճառով խորհուրդ է տրվում անպայման ձեռք բերել անձնական պաշտպանական միջոցներ։