Հավատարմագրում
ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Սույնով սահմանվում է ԱԳՆ-ում՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների և օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա Հայաստանում գործող ԶԼՄ թղթակիցների տարեկան, ինչպես նաև Հայաստան այցելող օտարերկրյա լրագրողների կարճաժամկետ հավատարմագրման ընթացակարգը:
Տարեկան հավատարմագրում
Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» դրույթների` ՀՀ ԱԳՆ գործունեության լուսաբանման համար յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին իրականացվում է հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների, Հայաստանում օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող ԶԼՄ թղթակիցների տարեկան հավատարմագրում, որի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է առնվազն մեկ ամիս առաջ:
Տարեկան հավատարմագրման ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին:
Ստորև ներկայացված հավատարմագրման հայտը պետք է լրացնել առցանց՝ դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը.
- համառոտ ինքնակենսագրություն (.pdf կամ .jpg ձևաչափով, հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներից մեկով),
- անձը հաստատող վավեր փաստաթուղթ` նույնականացման քարտ կամ անձնագիր: Եթե անձնագրի ժամկետը երկարացված է՝ նաև վավերականությունը հաստատող էջի պատճենը (.pdf կամ .jpg ձևաչափով),
- փաստաթղթային լուսանկար` հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով),
- պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ կնիքով (.pdf կամ .jpg ձևաչափով, հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներից մեկով):
Հավատարմագրման հայտը դիտարկվում է հայտը ստանալու պահից սկսած 7 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո ԶԼՄ կոնտակտային տվյալներին ուղարկվում է որոշման մասին գրություն: Անհրաժեշտության դեպքում, հայտի դիտարկման ժամկետը կարող է երկարաձգվել, որի մասին լրագրողին կտեղեկացվի հավելյալ: Հայտի հաստատումից հետո ԶԼՄ ներկայացուցչին տրամադրվում է անվանական հավատարմաքարտ, որը հանդիսանալու է ԶԼՄ տվյալ ներկայացուցչի՝ ԱԳՆ մուտք գործելու պաշտոնական փաստաթուղթ:
ԱԳՆ կողմից կազմակերպված միջոցառումները լուսաբանելու հրավիրվելու են բացառապես ԱԳՆ տարեկան հավատարմագրման քարտ ունեցող ԶԼՄ ներկայացուցիչները:
Կարճաժամկետ հավատարամագրում
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող, կարճատև ժամանակահատվածով Հայաստան այցելող օտարերկրյա լրագրողների գործունեությունը Հայաստանում իրականացվում է միայն ԱԳՆ համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում։
Կարճաժամկետ հավատարմագրում անցնելու համար անհրաժեշտ է նկարահանումներ սկսելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ առցանց լրացնել ստորև ներկայացված հավատարմագրման հայտը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
- համառոտ ինքնակենսագրություն (.pdf կամ .jpg ձևաչափով, հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներից մեկով),
- անձը հաստատող վավեր փաստաթուղթ` նույնականացման քարտ կամ անձնագիր: Եթե անձնագրի ժամկետը երկարացված է՝ նաև վավերականությունը հաստատող էջի պատճենը (.pdf կամ .jpg ձևաչափով),
- պաշտոնական լուսանկար` հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով),
- պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ կնիքով (.pdf կամ .jpg ձևաչափով), որում հստակ պետք է նշված լինեն լրագրողի (լրագրողական խմբի պարագայում՝ խմբի բոլոր անդամների) անուն-ազգանունները, ինչպես նաև նկարահանումների սկիզբը և ավարտը: Ազատ լրագրողները (ֆրիլանսեր) կարող են ներկայացնել իրենց իսկ կողմից ստորագրված նամակ` նույնանման բովադակությամբ:
- Այցի ծրագիրը, նկարահանումներ կատարելու դեպքում՝ նկարահանումների վայրերը՝ ըստ նախատեսվող օրերի, նկարահանման միջոցը (անօդաչու թռչող համակարգ՝ դրոն (այսուհետ՝ ԱԹՀ), տեսախցիկ և այլն), ինչպես նաև պետական պաշտոնյաների հետ հարցազրույցների նախատեսումը:
Ներմուծվող սարքավորումների տեխնիկական բնութագիրն անհրաժեշտ է ուղարկել media@mfa.am հասցեին՝ վերնագրում նշելով «accreditation_tech_pass»: Այն պետք է ներառի`
- նկարահանման սարքավորման անվանումը և մոդելը,
- ֆոտոխցիկի և տեսախցիկի տեխնիկական անձնագրերի պատճենները՝ առանց մաքսատուրքի ներմուծման նպատակով,
- ԱԹՀ-ի տեխնիկական անձնագրի պատճենը (որում նշված կլինի թռիչքի առավելագույն բարձրությունը, ԱԹՀ-ի վրա ամրացված տեսախցիկի հզորությունը և այլն),
- ԱԹՀ-ի` Հայաստանում գործող ապահովագրության պատճենը,
- ԱԹՀ-ով նկարահանումներ իրականացնելու թույլտվության ստացման հայտը:
Օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների կարճաժամկետ հավատարմագրումը կատարվում է Հայաստան մուտքի արտոնագրի ժամկետին համապատասխան:
Եթե լրագրողը հանդիսանում է ՀՀ-ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող պետության քաղաքացի, ապա հավատարմագրումը կատարվում է լրագրողի կողմից ներկայացված պաշտոնական նամակում նշված ժամկետով, որը, սակայն, չպետք է գերազանցի 3 (երեք) ամիսը:
Անհրաժեշտության դեպքում, համապատասխան վիզայի առկայության պարագայում, ԱԳՆ հասցեագրված գրավոր դիմումի հիման վրա կարող է դիտարկվել հավատարմագրման ժամկետի երկարաձգման հնարավորությունը:
Մուտքի արտոնագրերի տրամադրման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հավատարմագրման հայտը բավարարելու կամ մերժելու մասին տեղեկությունը տրամադրվում է հայտը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել, որի մասին լրագրողին կտեղեկացվի հավելյալ:
Հավատարմագրման մերժման և դադարեցման հիմքերը.
ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հայտերը կարող են մերժվել հետևյալ հիմքերով՝
- դիմումը ներկայացնելու համար նախատեսված ժամկետները չպահպանելը,
- անձնական ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելը,
- դիմում ներկայացնելու համար պարտադիր փաստաթղթերի ոչ լիարժեք և/կամ ոչ ճշգրիտ ներկայացնելը և անգամ ԱԳՆ ներկայացուցչի կողմից դրանք լրացուցիչ հայցելուց հետո դրանց չշտկելը,
- անհրաժեշտության դեպքում ՀՀ մուտքի արտոնագիր դիմումի չներկայացնելը կամ դրա մերժելը:
Համաձայն ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի՝ ԱԳՆ-ն լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`
- Նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով,
- Դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,
- Նա տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով,
- Հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը,
- Դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և/կամ դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը,
- Լրագրողը խախտել է ԱԳՆ կամ պետական այլ կառույցում ներքին կանոնակարգի՝ իրեն նախապես ներկայացված դրույթները,
- Խախտել է ՀՀ տարածքում նկարահանումների համար գործող իրավական սահմանափակումները:
Լրատվամիջոցների ներկայացուցչի, բլոգերի, անկախ լրագրողի հավատարմագրումը կարող է մերժվել, եթե տվյալ անձի կողմից նախկինում խախտվել է ԱԳՆ հավատարմագրման կարգը: