Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին

25 հունիսի, 2020

 

Հարց. Բելառուսն աշխարհի այն քիչ պետություններից մեկն է, որը համավարակի դեմ պայքարում խիստ սահմանափակումներ չկիրառեց։ Այդ իսկ պատճառով, շատերն իբրև ազատության օրինակ բերում են Բելառուսը, բայց մյուս կողմից մոտ 60 հազար վարակվածների թիվը ցույց է տալիս, որ թերևս պետք էր այլ քաղաքականություն որդեգրել։ Որո՞նք էին Բելառուսի կառավարության հակահամաճարակային քաղաքականության հիմնական քայլերը և այս առնչությամբ բերվող փաստարկները։

Արմեն Ղևոնդյան. Առերեսվելով կորոնավիրուսին՝ յուրաքանչյուր պետություն որդեգրեց դիմակայման և կանխարգելման իր, ըստ էության, անհատական ռազմավարությունը՝ հիմնվելով երկրի հավաքական ներուժի, առանձնահատկությունների և, այս համատեքստում, կարևորվող այլ բազում ելքային հենակետերի վրա։ Անշուշտ, բացառություն չէ Բելառուսը ևս, որտեղ COVID19 վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ աշխատանքները մեկնարկեցին դեռ 2020թ․ հունվարի 20-ին՝ երկրի Առողջապահության նախարարության կողմից համապատասխան նորմատիվ  ակտի ընդունմամբ։

Համավարակի տարածման կանխարգելման մարտավարության առանցքը ձևավորվեց ոչ կարանտինային, բայց բավականին հետևողական թիրախային միջոցառումների շուրջ, որոնք նպատակաուղղված էին տրոհել վարակի փոխանցումն ապահովող կանխատեսվող շղթաները՝ չառաջացնելով միաժամանակ առողջապահության համակարգի գերծանրաբեռնում։

Սանիտարահամաճարակային ծառայությունը բերվել էր բարձր պատրաստվածության վիճակի, սահմանային բոլոր անցակետերում կազմակերպվել էր սանիտարական վերահսկողություն։ Այս միջոցառումների շրջանակներում Բելառուսի կառավարությունը նախաձեռնեց կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ունեցող անձանց առավելագույն մեկուսացումը՝ անկախ վարակի կլինիկական դրսևորումներից։ Բացի այդ, չնայած նրան, որ Բելառուսում առկա է մեծ մահճակալային ֆոնդ և երկիրը 10000 բնակչի հաշվարկով բժիշկների և այլ բուժաշխատողների հարաբերակցությամբ աշխարհում զբաղեցնում է սանդղակի վերին տողերը, այնուամենայնիվ որոշ բուժհաստատություններ վերակազմավորվեցին և սկսեցին ընդունել նաև վարակակիրների հետ առաջին մակարդակի կոնտակտ ունեցողներին։ Երկիր ժամանած անձանց տնային պայմաններում 14-օրյա ինքնամեկուսացման վերաբերյալ որոշումը, ինչպես նաև վարակակիրների և առաջին մակարդակի կոնտակտ ունեցողների տարանջատումը հնարավորություն ընձեռեցին հնարավորինս արագ հավաստանշել հնարավոր վարակակիրների հոսքերը։

Որոշակի անհրաժեշտ սահմանափակումներ կիրառվեցին նաև տնտեսական կյանքում։ Մասնավորապես, բոլոր կազմակերպություններում հորդորվեց, հնարավորության պարագայում, անցնել աշխատանքի հեռահար տարբերակների, ինչպես նաև արգելվեց շնչառական վարակների ախտանշաններ ունեցող անձանց հաճախել աշխատավայր և այլն։ Ըստ էության, տնտեսությունը շարունակեց գործել համապատասխան սահմանափակումների պայմաններում, քանզի վերջինիս դադարը կարող էր, ըստ երկրի ղեկավարության, ոչ պակաս ծանր նոր հետևանքների հանգեցնել։

Բելառուսի կառավարության կողմից իրականացվող հակահամավարակային ծրագիրը նախատեսում է COVID-19 տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք այլ միջոցառումներ ևս։ Առկախված է ցուցահանդեսների, ներկայացումների և տոնավաճառների կազմակերպումը։ Դպրոցականների ծնողներին իրավունք էր վերապահված ինքնուրույն որոշում կայացնել՝ իրենց երեխաների՝ կրթական հաստատություններ հաճախելու առումով։ Գրադարաններում դադարեցվել են ընթերցասրահների աշխատանքները։ Հանրային սննդի կետերում պարտադիր է հաճախորդների միջև սոցիալական տարածության պահպանումը։ Առևտրի և զվարճանքի կենտրոններում, ինչպես նաև վաճառքի կետերում ժամանակավորապես դադարեցվել է գովազդային ակցիաների, զանգվածային բնույթի այլ միջոցառումների անցկացումը։ Սահմանափակվել  է հարսանեկան, հոբելյանական և այլ միջոցառումների անցկացումը։ Վարսավիրանոցներում, գեղեցկության սրահներում, նմանօրինակ այլ հաստատություններում հաճախորդների սպասարկումն իրականացվում է միայն նախապես գրանցմամբ՝ համապատասխան ժամանակացույցով։ Տնտեսվարող սուբյեկտներին խորհուրդ է տրվում լրացուցիչ դիտարկել առկա պայմաններում պարահրապարակների և նմանատիպ զվարճանքի այլ կենտրոնների հետագա գործունեության նպատակահարմարության հարցը։

Կանոնավոր ախտահանումը պարտադիր է նաև եկեղեցիներում։

Բացի նշյալ միջոցառումներից, բնակելի շենքերում ու հանրային նշանակության ենթակառուցվածքներում մշտապես իրականացվում է հատուկ ախտահանում։

Հարց. Կառավարությունը նախատեսու՞մ է փոփոխություններ մտցնել համավարակի դեմ պայքարի մարտավարության մեջ, հատկապես, երբ բոլորը խոսում են աշնանը սպասվելիք երկրորդ փուլի մասին։

Արմեն Ղևոնդյան. Նախ և առաջ հարկ է ընդգծել, որ դեռևս 2020թ․ փետրվարի 18-ին Բելառուսում COVID-19 համավարակը դասվել է բնակչության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների շարքին։

Համավարակի ներթափանցման և տարածման կանխարգելման նպատակով դեռևս ապրիլի 4-ին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Բելառուսի փոխվարչապետի գլխավորությամբ։ Համավարակին հակազդման օրենսդրական շրջանակները սահմանվել են երկրի կառավարության մի շարք որոշումներով, որոնցում արտացոլվել են յուրաքանչյուր ժամանակահատվածում անհրաժեշտ այս կամ այն միջոցառումները՝ հաշվի առնելով համավարակի արձանագրվող դինամիկան և իրավիճակի զարգացման կանխատեսումները։ Բնականաբար, նշանակալի ծավալով համապատասխան կիրառական որոշումներ ու միջոցառումներ իրականացվել են առողջապահության նախարարության կողմից։

Բելառուսում՝ թե՛ կորոնավիրուսով վարակված, թե՛ հիվանդության հետևանքով թոքաբորբ տանող հիվանդների քանակի թվի անկման դինամիկան հանգեցրել է նրան, որ երկրի շատ շրջաններում արդեն իսկ մեկնարկել է մահճակալային ֆոնդի՝ սովորական աշխատանքային ռեժիմին վերադառնալու գործընթացը։

Միևնույն ժամանակ, առողջապահության մարմինները հասկանալի մտահոգությամբ նկատում են, որ ամառվա գալուն պես բնակչությունն ինչ-որ չափով թուլացրել է զգոնությունը՝ ոչ այդքան խստապահանջ կերպով հետևելով կանխարգելիչ հորդորներին, ինչը հատկապես արդիական է այն պարագայում, երբ համաշխարային մակարդակով չի բացառում համավարակի «երկրորդ ալիքի» հնարավոր մեկնարկը։

Ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում, նախանշելով ընտրված ռազմավարության ուժեղ կողմերն ու ձեռք բերելով արժեքավոր փորձ՝ Բելառուսը ձգտում է առավել ընդլայնել առողջապահության համակարգի ներուժը։

Այս ամենից զատ՝ հակահամավարակային պայքարում գնալով ավելի աշխուժորեն է ներգրավվում նաև գիտությունը։ Այսպես, 2020թ․ մայիսին ստեղծվել է COVID-19 հաղթահարման Հանրապետական միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կորոնավիրուսի հաղթահարման համալիր միջոցառումների իրականացմանն ուղղված գործունեության կազմակերպումն ու համակարգումը՝ Բելառուսի գիտական և բժշկական ներուժի ներգրավմամբ։

Հարց. Հայտնի է, որ բելառուսահայերի շրջանում նույնպես կային վարակվածներ։ Դեսպանությունն ունի՞ նման վիճակագրություն, թե որքա՞ն հայ է հիվանդացել կորոնավիրուսով, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Համագործակցե՞լ եք համայնքային կառույցների հետ։

Արմեն Ղևոնդյան. Բելառուսում համաճարակի տարածման առաջին իսկ պահից սկսած, դեսպանությունը մշտապես հետամուտ է եղել թե՛ երկրում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների, թե՛ հայ համայնքի ներկայացուցիչների առողջական վիճակի մշտադիտարկմանը։

Այս կապակցությամբ, կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, անկախ Բելառուսում գտնվելու կարգավիճակից, կորոնավիրուսով վարակման դեպքում, առանց որևէ տարբերակումների, միանգամայն անվճար հիմունքներով միևնույն բուժօգնությունն է ցուցաբերվում, ինչ Բելառուսի քաղաքացիներին՝ ընդհուպ մինչև հիվանդի կյանքին կամ շրջապատի առողջությանն սպառնացող վտանգի լիակատար վերացումը։

Հայ համայնքի, ինչպես նաև դեսպանընկալ երկրի առողջապահության նախարարության հետ անմիջական կապը հնարավորություն է ընձեռում տեղեկացված լինել մեր հայրենակիցների մասին և, անհրաժեշտության պարագայում, մեր հնարավորությունների սահմաններում, առավելագույնս օգտակար գտնվել։

Հարց. Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Բելառուսում  բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկացել են վերադառնալ Երևան։

Արմեն Ղևոնդյան. Նախ և առաջ պետք է նշել, որ «24/7» ռեժիմով գործում է դեսպանության թեժ գիծը, ինչը հնարավորություն է ընձեռել հատկապես երրորդ պետություններում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստան վերադառնալու հարցում։

Մեր իրավիճակն արմատապես տարբերվում է այն իրադրությունից, որին բախվել են այլ պետություններում հավատարմագրված մեր դեսպանությունները։ Առաջին հերթին չեն չեղարկվել Երևանը Մինսկին միացնող բելառուսական «Բելավիա» ավիաընկերության կողմից իրականացվող պարբերական չվերթները։ Ավելին, գրեթե 2,5 անգամ ավելացել է հիշյալ ավիաուղով իրականացվող չվերթների քանակը, ինչի շնորհիվ աշխարհագրորեն ամենատարբեր հեռավորության վրա գտնվող երկրներում բնակվող մեծ քանակությամբ մեր քաղաքացիներ Մինսկով կարողացան վերադառնալ Հայաստան՝ սկսած Ինդոնեզիայից, ԱՄՆ Արևելյան ափից մինչև Կենտրոնական Եվրոպայի երկրներ։ Հաշվի առնելով համաճարակի արդյունքում տեղաշարժի առումով առաջացած խնդիրները՝ դեսպանությունը հնարավոր առավելագույն ճկուն օգնությունն է ցուցաբերել Հայաստան վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցներին՝ ըստ այս կամ այն իրավիճակի։ Եվ այս գործում մենք մշտական և արդյունավետ կապի մեջ ենք գտնվում «Բելավիա» ավիաընկերության ղեկավարության հետ։

Որոշ դեպքերում, դեսպանությունն, առկա հնարավորությունների առավելագույնի չափով, քանիցս նաև նյութական աջակցություն է ցուցաբերել մեր հայրենակիցներին, ովքեր ստիպված են եղել առերեսվել ֆինանսական դժվարությունների՝ պայմանավորված աշխարհում տիրող համավարակային աննախադեպ իրավիճակով:

Հարց. Անցած մի քանի ամիսների ընթացքում Եվրոպական բոլոր օդային ճանապարհների փակ պայմաններում Մինսկը միակ քաղաքն էր, որը եվրոպական երկրները կապում էր ԱՊՀ երկրների ու Հայաստանի հետ։  Արդյո՞ք մտավախություն չկար, որ վարակն ավելի շատ կտարածվի։ Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի Մինսկով ճամփորդությունը լինի հնարավորինս անվտանգ։

Արմեն Ղևոնդյան. Դեռևս Չինաստանում COVID-19–ի տարածման սկզբնական ժամանակահատվածում Բելառուսի իշխանությունների կողմից մշակվել և կիրարկվել էին պետական սահմանների վարակաբանական անվտանգության առավել ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, Մինսկի օդանավակայանում տեղադրվել էին համապատասխան բժշկական սարքավորումներ, ընդլայնվել էին օդանավակայանում գործող բժշկական կետի հնարավորությունները, խստացվել էր տարանցման կարգը։ Այսպես՝ Մինսկի օդանավակայանում 48 ժամից ավել գտնվելու պարագայում, ուղևորները ենթակա են պարտադիր մեկուսացման։ Ավելին՝ «Բելավիա» ավիաընկերության կողմից իրականացվող թռիչքների ողջ ընթացքում, ինչպես նաև թռիչքին նախորդող և հաջորդող ընթացակարգերի ժամանակ (անվտանգային զննում, գրանցում և այլն), պարտադիր է դիմակ կրելը։

 

 

Տպել էջը