Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին

15 հունիսի, 2020

Հարց. Քովիդ 19 նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի դեմ պայքարում Ձեր ներկայացված երկրներում իրավիճակը տարբեր է։ Ամենաշատ քննարկվող երկրներից մեկը Շվեդիան է, քանի որ  մամուլի տարածած հաղորդագրությունների համաձայն այս երկիրն ընտրել էր ավելի ազատ մարտավարություն։  Բայց ինչպես վերջերս  նշել  էիք, դա այնքան էլ այդպես չէր, քանի որ Շվեդիայում կան կառավարման եւ մտածելակերպի տարբերություններ։ Ինչո՞ւ Շվեդիան ընտրեց պայքարի նման տարբերակ, եւ ո՞ր հաստատությունն էր ղեկավարում այդ աշխատանքները։

Ալեքսանդր Արզումանյան. Իրոք, իրավիճակը շատ տարբեր է։ Այսօր Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան եւ Ֆինլանդիան արդեն խիստ ռեժիմից անցնում են թեթեւի եւ բացում են սահմանները,մինչդեռ իրավիճակը Շվեդիայում  շարունակում  է մնալ  վատթարային։ Շվեդիայում վարակվածների թիվը մեծ է,իսկ համավարակի հետեւանքով մահացածների վիճակագրությամբ Շվեդիան տարածաշրջանում առաջատար է։ Ինչ վերաբերում է այդ յուրահատուկ մոտեցմանը ապա դա ոչ միայն իմ կարծիքն է,այլեւ բազմաթիվ վերլուծաբաններ արձանագրում են,որ Քովիդ 19-ի դեմ պայքարի շվեդական փորձը խարսխված է  շվեդական կառավարման համակարգի եւ շվեդ հասարակության արժեհամակարգային  առանձնահատկությունների վրա։  Այն չի կարող նույն արդյունավետությունը ունենալ նույնիսկ հյուսիսային մյուս երկրներում։  Այս ամենի պատճառները ձգվում են մինչեւ 17-րդ դարի սկիզբ, երբ կանցլեր Օքսենշերնան (Oxenstierna) լայն բարեփոխումներ  իրականացրեց Շվեդիայում։ Նա ազատորեն կառավարում  էր երկիրը,քանի որ այդ ժամանակ  թագուհին՝ Քրիստինան դեռ երեխա էր իսկ թագավորությունը հանձնված էր նրա խնամակալությանը։ Բարեփոխումների արդյունքում ստեղծվեցին անկախ պետական գործակալություններ որոնք ղեկավարվում էին փորձագետների կողմից եւ խստորեն արգելվում էր նախարարների միջամտությունը նրանց գործերին։ Սա նշանակում էր, որ ազգային քաղաքականությունն իրականացվում էր այդ գործակալությունների եւ ոչ թե նախարարությունների միջոցով։  Միայն կառավարությունը կարող էր փոխել այդ գործակալությունների ընդունած որոշումները։  Այնպես որ, այս ավանդույթները,աննշան փոփոխություններով գործում են նաեւ այսօր։

Հյուսիսային Եվրոպայի մյուս երկրներում իրավիճակը շատ տարբեր է։  Երկրի կառավարումը  նախարարությունների միջոցով ոչ միայն թույլատրելի այլեւ որոշակիորեն ակնկալելի է։ Ճգնաժամային իրավիճակներում  այդ երկրների առաջնորդները փորձում են  ցուցադրել  իրենց ուժը։ Ի տարբերություն նրանց Շվեդիայի առաջնորդները փորձում են ցույց տալ, որ ականջալուր են իրենց փորձագետների  կարծիքներին  եւ առաջարկներին։  Եվ սա ստեղծում է հասարակական համաձայնություն։ Շվեդներն ընդհանրապես վստահում են մասնագետների խորհուրդներին եւ չեն վստահում այն ամենին, ինչ  կատարում են այլ երկրները։ Այսինքն, նույնիսկ եթե հետեւում են այլ երկրների փորձին, դա անում են ոչ թե ընդօրինակելով նրանց, այլ  որովհետեւ իրենց փորձագետներն են այդպիսի խորհուրդ տալիս։ Շվեդական փիլիսոփայության համաձայն՝ ամեն երկիր պետք է շարժվի այնպես, ինչպես ընդունելի  է տվյալ  երկրի հանրության համար, եւ պետք  է հաշվի առնի,թե մարդիկ ինչ են ակնկալում իրենց առաջնորդներից։

Այստեղ ամբողջ ղեկավարումը դրված էր Հանրային առողջապահության գործակալության վրա, եւ այդ գործակալությունը ներկայացնում էր ամենահմուտ փորձագետը, գլխավոր համաճարակաբանը՝ Անդերս Թեգնելը,եւ որեւէ կասկածի տակ չէին դրվում նրա առաջարկները։  Նաեւ կա մեկ այլ տարբերություն։ Շվեդ հասարակության համար անսովոր է,երբ գլխավոր համաճարակաբանն արգելում է որեւէ բան։ Նա միայն կարող է հորդորել։ Յուրաքանչյուր մարդ հետեւելով այդ հորդորներին, պետք է ինքնուրույն որոշում կայացնի։  Քանզի, եթե արգելում ես  որոշակի քանակությամբ մարդկանց  հավաք, նշանակում  է, որ կա օրենք,որը դա թույլ է տալիս։ Մինչդեռ դա այդպես չէ։

Հարց. Փաստորեն, Շվեդիայում արտակարգ դրություն չի մտցվել եւ դիմակներ կրելը պարտադիր չի եղել։ Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը ԲԻ Բի Սի ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ մեկուսացման տարբերակը եւ ամենուր  դիմակներ դնելը սխալ է, թեեւ մահերի քանակը գերազանցում է հարեւան երկրների վիճակագրությանը։

Ալեքսանդր  Արզումանյան. Արտակարգ դրություն չի մտցվել, բայց խորհրդարանի որոշմամբ կառավարությանը երեք ամսով տրվել են արտակարգ լիազորություններ։ Այդ ընթացքում կառավարությունն իրավունք ուներ ինքնուրույն որոշումներ կայացնել առանց խորհրդարանի համաձայնության։ Ինչ վերաբերում է դիմակներին,ապա ոչ մեկը դիմակ չի կրում։  Շատ հազվադեպ ենք հանդիպում դիմակով մարդկանց։  Այս կապակցությամբ սկզբնական շրջանում շատ հակասական հայտարարություններ եղան։ Դիմակի հարցում մինչեւ վերջերս չէր կարողանում կողմնորոշվել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։  Դրսում դիմակ կրել, թե ոչ։ Այս բանավեճը դեռ շարունակվում է։ Այստեղ այլ մոտեցում է գործում։ Եթե մարդը հիվանդ է եւ վատ է զգում, նա չպետք է դուրս  գա տնից եւ վերջ։ 

Հարց. Այժմ, երեք ամիս անց, երբ Հյուսիսային Եվրոպայում կորոնավիրուսով հիվանդների, մահերի ու վարակվածների քանակով ամենաբարձր ցուցանիշը Շվեդիայում է,արդյո՞ք կատարվում է վարակի դեմ պայքարի քաղաքականության փոփոխություն կամ վերաիմաստավորում։  Ինչպե՞ս է այս իրավիճակին վերաբերվում ազգաբնակչությունը։  

Ալեքսանդր  Արզումանյան. Այսօր այդ հարցը շվեդ հասարակության  եւ քաղաքական դաշտի հիմնական բանավեճի թեման է։ Եթե քաղաքական դաշտում բոլորն ականջալուր էին պարոն Թեգնելի հայտարարություններին, այն է՝ «Երկարաժամկետ տեսանկյունից մեր  մոտեցումը ճիշտ է», ապա  հասարակության շրջանում արդեն թերահավատություն կա,հատկապես այն բանից հետո,երբ վերջին հարցազրույցներից մեկում Թեգնելը հայտարարեց,որ եթե նա ունենար այն նույն գիտելիքը, որն ունի այսօր,հավանաբար այլ կերպ կվարվեր։ Այս ձեւակերպումը շատ բուռն քննարկում առաջացրեց։ Այժմ մտածում են,որ գլխավոր համաճարակաբանն ի սկզբանե սխալ քաղաքականություն էր որդեգրել։ Եթե նայենք այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած  հարցումներին,կտեսնենք,որ կառավարության քաղաքականությունը Քովիդ 19-ի դեմ պայքարում ստանում էր հասարակության ավելի քան 70 տոկոս աջակցությունը։ Սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում անցկացված հարցումները ցույց են տալիս,որ շվեդական ռազմավարությանն աջակցում է հասարակության  50 տոկոսից էլ քիչ հատվածը։  Ավելին, քաղաքական ուժերը սկսել են քննարկել այս մոտեցման խոհեմությունը,եւ եթե մինչեւ հիմա համավարակի կանխարգելման շրջանակներում խորհրդարանի նիստերին մասնակցում էր ընդամենը 95 պատգամավոր,ապա հունիսի 10-ի նիստում,վարչապետի եւ քաղաքական ֆրակցիաների ղեկավարների ավանդական բանավեճին ներկա էին ընդդիմադիր բոլոր ուժերը  եւ լուրջ քննադատության էին  ենթարկում կառավարությանը։

Ամենախոշոր չափավորական  «Մոդեռատ» կուսակցությունը եւ «Քրիստոնյա դեմոկրատները», պոպուլիստական «Շվեդիայի դեմոկրատները» արդեն բարձրացնում են գլխավոր համաճարակաբանին անվստահություն հայտնելու եւ նրա հրաժարականի հարցը։ Նաեւ ցանկանում  են ստեղծել քննիչ հանձնաժողով,որպեսզի ուսումնասիրեն, թե որքանով էր արդարցաված շվեդական  այս յուրահատուկ մոտեցումը։ Կառավարությունը կարծես թե դրան դեմ չէ եւ համաձայն է,որ քննության առնվի  անցած երեք ամիսների քաղաքականությունը։ Այնպես որ այս թեման դարձել է հասարակական լուրջ քննարկման առարկա։ Միահամուռ աջակցությունն արդեն տրոհվում է։ Եթե  նախկինում  համեմատվում էին միայն թվերը, ապա  այսօր տեսնում ենք,որ հարեւան երկրներն արդեն բացում են  սահմանները  եւ հետզհետե վերադառնում են բնականոն կյանքին, մինչդեռ Շվեդիայում ամեն ինչ շարունակվում է,իսկ դժգոհություններն ավելի են շատանում։

Հարց. Ինչքանո՞վ եք տեղին համարում Հայաստանում հնչող այն կարծիքը, որ շվեդական փորձը պետք է կիրառել նաեւ մեզանում։

Ալեքսանդր  Արզումանյան. Ընդհանրապես,նման մոտեցումները  ճիշտ չեն։ Յուրաքանչյուր երկիր եւ հասարակություն պետք է հաշվի առնի այն իրողությունները, որոնք առկա են տվյալ երկրում։  Ռուսական ասացվածք կա՝ «Ինչը ռուսին լավ է, գերմանացուն մահ է»։  Նույն կերպ,անհնար է չինական մոդելը կիրառել Շվեդիայում,կամ՝  հակառակը։  Հաշվի առնելով այդ ամենը՝   չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է։  Շվեդական մոդել ունենալու համար Հայաստանը պետք է ունենա 400-ամյա կառավարման ավանդույթի վրա հիմնված համակարգ։ Պետք է ունենա ժողովրդավարության 100-ամյա անընդհատ եւ շարունակական փորձ։  Պետք է հասարակության եւ կառավարության միջեւ լինի անխափան համերաշխություն, լիակատար վստահության մթնոլորտ։ Պետք է ապրենք Սկանդինավիայում,ունենանք նորդիկ բնավորություն եւ լինենք շվեդ։ Դուք Շվեդիայում չեք գտնի մի ընտանիք, որի երեք սերնդի ներկայացուցիչ ապրում է  նույն բնակարանում, ինչը հնարավոր է Հարավային Եվրոպայի երկրներում,իսկ Հայաստանում կրում է համընդհանուր բնույթ։  Հայաստանում ծնողների, տատիկների եւ պապիկների հետ ապրում են 1-2 սենյականոց բնակարանում  եւ ինքնամեկուսանալու հնարավորություն չկա։ Այդ առումով այս մոտեցումները տարբեր են։  Այստեղ ոստիկանությունը չի կարող մարդկանց պարտադրել դիմակ կրել կամ կուտակումներից խուսափել։ Այստեղ ընդամենը հորդորում են։  Խանութներում եւ քաղաքային տրանսպորտում այլ կենցաղ է։ Որեւէ ավտոբուս չէիր կարող բարձրանալ  առջեւի դռնից, որպեսզի հանկարծ վարորդին չվարակես։ Եվ  չեն էլ պահանջում, որ տրանսպորտի ուղեւորատոմսի համար վճարես։ Սոցիալական հեռավորությունը մարդիկ պահպանում են անկախ հանգամանքից՝ կորոնավիրուս կա, թե ոչ։ 1.5 մետրից ավելի չեն էլ մոտենում։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր երկրների  լավ փորձը, ռացիոնալ մոտեցումները, որոնք հնարավոր է  կիրառել  եւ օգտագործել մեզանում։  Այլապես կուրորեն վերցնել եւ որեւէ երկրի փորձը կիրառելը սխալ է։ 

Հարց. Ինչպե՞ս ընթացավ հարեւան երկրներում այդ ընթացքը։ Հայտնի է, որ ի տարբերություն Նորվեգիայի եւ Դանիայի, Իսլանդիայում եւ  Ֆինլանդիայում ամենալավ ձեւով կարողացան սահմանափակել  վարակի տարածումը։ Որո՞նք էին ընտրված մարտավարությունների տարբերությունները։ Ինչպե՞ս  նրանց հաջողվեց հաղթահարել  ճգնաժամը։

Ալեքսանդր  Արզումանյան. Հիմա սահմանների փակվածության պատճառով չենք կարողանում ճամփորդել մեր հավատարմագրման երկրներ, բայց մենք ամենօրյա կապի մեջ ենք թե այդ երկրների արտաքին գործերի նախարարությունների համապատասխան վարչությունների, թե համավարակով զբաղվող կոնկրետ գործակալությունների,  եւ  թե նախարարությունների հետ։ Ստանում ենք ամենօրյա լրատվություն,թե ինչ սահմանափակումներ կան, ինչպիսին է իրավիճակը։ Իրավացի եք,այս պահին Իսլանդիան համարվում է համավարակն ամբողջովին հաղթահարած երկիր եւ նույնիսկ բացել է սահմանները զբոսաշրջիկների համար։  Թվերն էլ այստեղ շատ ցածր են։ Մահացությունների թվով,երկրորդ տեղում Դանիան է՝ 93 մարդ,այն դեպքում,երբ Շվեդիայում այդ թիվը մոտենում է  5000-ին։  Այդ երկրներում հետզհետե զգացվում են փոփոխությունները։ Դանիան շատ խիստ սահմանափակումներ ուներ։ Երկու մարդուց ավելի թույլ  չէին տալիս միասին հանդիպել։  Դիմակներն այստեղ այնքան էլ ընդունված չէին։ Օրինակ՝ Չինաստանում եւ Ճապոնիայում մինչեւ այս համավարակն էլ ընդունված էր,որ երբ մարդ հիվանդ է,պետք է դիմակ կրի։ Մինչդեռ, սկանդինավյան մշակույթում դա չկար։ Բայց այլ հարցերում գործում էին  շատ խիստ կանոններ՝ փակեցին դպրոցները, այլ հաստատություններ։ Մայիսի 11-ից Դանիան հրապարակեց սահմանափակումների թուլացման ռազմավարությունը, որը բաղկացած է չորս փուլից։ Ներկայումս ընթացքի մեջ է  3-րդ փուլը։ Հունիսի 8-ից թույլատրված են  50 հոգանոց հավաքները, բացօթյա մարզական միջոցառումները։ Չորրորդ փուլի մեկնարկը նախատեսվում է օգոստոսի սկզբին, երբ կթույլատրվեն 500 հոգանոց հավաքները, կբացվեն ժամանցի վայրերը,կգործեն մարզական ակումբներն ու լեզվի ուսուցման դպրոցները։

Ֆինլանդիայում  նախապատվություն տրվեց համավարակի դեմ պայքարի   հիբրիդային մոտեցմանը,այժմ  փուլ առ փուլ վերացնում են սահմանափակումները։ Հունիսի 1-ից թույլատրրվում են 50 հոգանոց հավաքները, հուլիսի 2-րդ կեսից՝ 500 հոգանոց միջոցառումները, թույլատրելի է նաեւ ներքին զբոսաշրջությունը։ Երբ  Ֆինլանդիայի որեւէ  տարածաշրջանում հայտնաբերվում էր վարակի դեպք, ամբողջ այդ շրջանը միանգամից մեկուսացնում էին։  Նույնը Նորվեգիայում, որտեղ ,  ի դեպ, վարակի նոր դեպքեր չեն գրանցվում, եւ  երկիրը բանակցում է սահմանների բացման շուրջ։  Այս չորս երկրներում կյանքը վերադառնում է բնականոն հուն, իսկ Շվեդիայում դեռեւս ճշգրտում են ապագա անելիքները։

Հարց. Այս երկրներում ապրում են նաեւ մեր հայրենակիցները։ Հայաստանի դեսպանությունը տեղեկություններ ունի՞  վարակված հայերի մասին, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի քաղաքացիներին։ Դեսպանությունն ի՞նչ ռեժիմով է աշխատել նրանց հետ, ինչպիսի՞ օգնության կարիք են ունեցել։

Ալեքսանդր  Արզումանյան. Մենք աշխատում ենք ամեն օր,սակայն ոչ ամբողջական կազմով։ Ամենօրյա ռեժիմով աշխատում են  միայն դիվանագետները։ Հայաստանում հատուկ դրություն մտցնելուց հետո դեսպանությունում բացել ենք թեժ գիծ,որը 24-ժամյա ռեժիմով պատասխանում է զանգերին։ Համայնքային կառույցների հետ մշտական կապի մեջ ենք։ Այս ընթացքում տարբեր երկրներից Հայաստանի 63 քաղաքացի դիմել է մեզ ամենատարբեր հարցերով։  Հիմնականում մտահոգվել են վիզայի՝ արտոնագրերի խնդիրներով։ Պետք է նշեմ, որ բոլոր երկրներում հանգիստ են վերաբերվել  չեղարկված թռիչքների դեպքում նրանց վիզաների երկարացման հանգամանքին։ Աջակցել ենք Հայաստան վերադառնալու օպտիմալ  տարբերակ ընտրելուն,որի արդյունքում  17 քաղաքացի մեկնել է Հայաստան։ Փորձում ենք ամեն կերպ օգնել եւ աջակցել։  Մարդիկ կան,որ ֆինանսկան դժվարությունների առջեւ են կանգնում, եւ փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել նրանց։ Դեպքեր կան, որ փորձել  ենք նաեւ տոմս գնել։ Այս ընթացքում մեր տվյալներով ՀՀ որեւէ քաղաքացի չի վարակվել։ Տեղյակ ենք,որ Շվեդիայի հայության շրջանում երեք հոգի մահացել է,եւ մի քանիսը վարակվել են եւ բուժվել են ինքնամեկուսացման միջոցով։ Կան համայնքային կառույցներ, որ Հայաստանի համար օգնություն են կազմակերպում՝ բժշկական դիմակների եւ այլ պարագաների տեսքով։ Շվեդիայում 13 հազարանոց համայնք ունենք, որն ավելի կազմակերպված է նմանատիպ հարցերում։ Դանիայում էլ ունենք ակտիվ համայնք, այնտեղ ունենք պատվո հյուպատոս, որը  նույնպես զբաղվում է նշածս  գործունեությամբ։ Այժմ, երբ Դանիան հաղթահարել  է ճգնաժամը, ինձ թվում է, պատրաստ կլինի նաեւ մեզ աջակցություն ցույց տալ պետական մակարդակով։  Իսլանդիայում  հայերը քիչ են,տեղեկություն ունենք  16 անձի վերաբերյալ, մշտական կապի մեջ ենք նրանց հետ։  Ցավոք,չկայացավ  մեր նախապես ծրագրած այցը Իսլանդիա, ուստի դեռեւս տեղի հայերի հետ հանդիպելու հնարավորություն չենք ունեցել։

Հարց. Առաջիկա ամառային արձակուրդների հետ կապված Եվրոպայում քննարկվող թեմաներից մեկը ճամփորդությունների հնարավորությունն է։ Չեխիան  հունիսի 15-ից բացել է իր սահմանները, սակայն Պրահա գալու պարագայում  հատուկ  ռեժիմի են ենթարկվում հատկապես Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի քաղաքացիները։ Ինչպիսի՞ քաղաքականություն են որդեգրել  այս 5  երկրները օտարերկրյա զբոսաշրջիկների համար։  Ի՞նչ են խոսում համավարակի երկրորդ ալիքի մասին։

Ալեքսանդր  Արզումանյան. Քանի դեռ չկա պատվաստանյութ,ակնկալում են,որ աշնանը կարձանագրվի համավարակի տարածման երկրորդ ալիքը, հատկապես,  երբ եղանակն ավելի խստանա։ Քանի որ սա նոր վարակ է բոլորի համար, հստակ  չգիտեն,թե ինչ կարող է լինել։  Կարելի է վստահությամբ ասել,որ հինգ երկրներում էլ  այս ընթացքում կուտակված փորձը  օգտագործում են առավելագույնս՝ ակնկալվող երկրորդ ալիքին հնարավորինս արդյունավետ նախապատրաստվելու համար։ Արդեն խուճապ չի լինի,համարժեք պատասխաններ  տալու հնարավորություններ կլինեն, այդ առումով  ավելի հանգիստ են։

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, շատ տարօրինակ է քայլել Ստոկհոլմում եւ տեսնել, որ զբոսաշրջիկ չկա։ Շվեդիայի պարագայում,իհարկե, մի քիչ այլ է, քանի որ Շվեդիան սահմանները չէր էլ փակել, բայց որդեգրել է  ԵՄ քաղաքականությունը։ Ըստ այդմ,ԵՄ քաղաքացիները կարող են գալ Շվեդիա, ինքնամեկուսացման պարտադրանք չկա։  Իսլանդիան ամբողջովին բաց է, բայց առաջարկում է երեք տարբերակ.  կամ ինքնամեկուսանալ 14 օր, կամ  Ռեյկյավիկի օդանավակայանում հանձնել կորոնավիրուսի անվճար թեստ, կամ  էլ  ուղեւորին առաջարկում է ունենալ վերջերս հանձնած թեստի վկայագիր,որը հաստատված է Իսլանդիայի առողջապահական որեւէ հիմնարկի կողմից։ Այնուհետեւ հեռախոսի մեջ ներբեռնում են մի  հավելված,որի միջոցով հետեւում են ժամանողին։ Այս պայմաններին հետեւելու պարագայում կարելի է մուտք գործել Իսլանդիա։  Դանիան եւ Ֆինլանդիան շարունակում են 14-օրյա մեկուսացումը, իսկ Նորվեգիան պահանջում է ինքնամեկուսանալ  10 օրով։ Նորվեգիան եւ Դանիան բացել են սահմաններն իրենց քաղաքացիների համար։ Այս պահին քննարկվում է Գերմանիայի հետ սահմանի բացման հարցը։ Ապագայում  կքննարկեն նաեւ Շվեդիայի հետ սահմանը բացելու տարբերակը։ Ֆինլանդիան այդ առումով շատ պատրաստված է,եւ իր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ տարբեր երկրներ այցելելուց։ Ֆինլանդիայում եւս խրախուսում են ներքին զբոսաշրջությունը կամ հորդորում են այցելել միայն  շրջակա երկրներ։

Տպել էջը