Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին

11 հունիսի, 2020

Հարց. Ի՞նչպես սկսվեց Նիդերլանդներում  Քովիդ 19 համավարակի դեմ պայքարը։ Հայտնի է, որ  երկիրը գտնվում է վարակի տարածման միջին մակարդակում։  Որքանո՞վ հաջողվեց կասեցնել համավարակի տարածումը եւ ի՞նչ արդյունքներ կան սահմանափակումների մտցնելուց մոտ 3 ամիս անց։

Տիգրան Բալայան. Համավարակը Նիդերլանդներում մեծ արագությամբ սկսեց տարածվել փետրվարի վերջերից՝ հիմնականում ներթափանցելով Իտալիա այցելած քաղաքացիների միջոցով։ Փետրվարի վերջերին երկրի մի շարք քաղաքներում ավանդաբար տեղի են ունենում բազմահազարանոց փառատոներ։ Համավարակի տարածման նախնական փուլում նահանգների մի մասում դրանք չեղարկվեցին, սակայն հարավային նահանգներում զանգվածային միջոցառումները, այնուամենայնիվ կայացան, ինչի արդյունքում էլ նշյալ նահանգները դարձան համավարակի տարածման էպիկենտրոններ։ Կորոնավիրուսի դեմ պայքարում պետությունը մոբիլիզիացրեց իր ողջ ներուժը՝ շեշտադրում կատարելով հիվանդանոցներում՝ հատկապես վերակենդանացման բաժանմունքներում, անհրաժեշտ քանակությամբ տեղերի ապահովման վրա։ Այս հարցում երկրին օգնության ձեռք մեկնեց Գերմանիան, որը սկսեց ընդունել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նիդերլանդացի հիվանդներին։

Այս համատեքստում էլ ավելի գնահատելի եմ համարում այն, որ Նիդերլանդները մարտ ամսին աջակցություն է ցուցաբերել Հայաստանին՝ տրամադրելով 2000 թեստ։ Ըստ իս՝ հատկանշական է, երբ համավարակի դեմ պայքարող երկիրը պատրաստակամություն է հայտնում օգնության ձեռք մեկնել գործընկերներին։

Այս պահի դրությամբ համավարակի տարածումը հիմնովին կասեցվել է, եթե մարտ-ապրիլին օրական կտրվածքով նոր վարակվածների թիվն ավելանում էր մոտ հազարով, իսկ զոհերի թիվը հասնում էր մի քանի տասնյակի, ապա այժմ թվերը զգալիորեն կրճատվել են և կառավարությունը գնում է զգալի մեղմացումների։

Հարց. Ո՞ր հաստատությունն էր կոորդինացնում այդ աշխատանքները, եւ որքանո՞վ էր Նիդերլանդների ազգաբնակչությունը ենթարկվում հրահանգներին։

Տիգրան Բալայան. Ընդհանուր աշխատանքները համակարգում է կառավարական հանձնաժողովը՝ վարչապետի գլխավորությամբ, հետազոտություններն ու խորհուրդները մշակվում էին Շրջակա միջավայրի և հանրային առողջութան կենտրոնի և առողջապահության նախարարության կողմից։ Հատկանշական է, որ համաճարակի տարածման հենց սկզբում հրաժարական ներկայացրեց առողջապահության նախարարը, որին փոխարինեց ընդդիմադիր կուսակցության անդամ հանդիսացող արհեստավարժ գործիչը, ով կարողացավ համախմբել ուժերը և համակարգել առողջապահական համակարգի աշխատանքները։

Համավարակի մեջքը հնարավոր եղավ կոտրել ժողովրդի օրինակելի կարգապահության, խանութներում և այլ հանրային վայրերում մեկ ու կես մետր սոցիալական հեռավորություն պահպանելու և տանը մնալու իշխանությունների հորդորներին ականջալուր լինելու և դրանց հետևելու շնորհիվ, ընդ որում՝ առանց պարտադիր դիմակներ կրելու և մի շարք այլ դրսևորումների։ 

Հարց. Դուք նաեւ մասնակցել եք այլ երկրների դեսպանների հետ քննարկումներին։ Ձեր կարծիքով, որ քայլերն են եղել ամենաարդյունավետը Քովիդ 19-ի համավարակի դեմ պայքարում։

Տիգրան Բալայան. Որպես Հաագայում հավատարմագրված ֆՄԿ անդամ երկրների դեսպանների խմբի ղեկավար, իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ դեսպանների առցանց հանդիպումը Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Սիխրիդ Կաախի հետ, ով ի պաշտոնե համակարգում է Նիդերլանդների օժանդակությունն այլ երկրներին, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Տեղի ունեցավ կարևոր մտքերի փոխանակություն համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության շուրջ։

«Diplomat Magazine»-ի կողմից կազմակերպած Հայաստանի, ԱՄՆ, Չինաստանի և Իտալիայի դեսպանների համատեղ ասուլիսը լավ հնարավորություն էր ներկայացնելու նիդերլանդական, ինչպես նաև վերոհիշյալ երկրների առաջատար լրատվամիջոցներին Հայաստանի փորձը, նաև ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից համաճարակի պայմաններում իրավիճակի լարմանն ուղված քայլերը։ Ասուլիսը լայնորեն լուսաբանվեց տեղական և այլ երկրների լրատվամիջոցներում։

Քայլերի արդյունավետության մասով, համոզված եմ, որ սկզբնական շրջանում սահմանափակումներ մտցնելը ամենաարդարացված միջոցն է։ Հետագա զարգացումների և համավարակի կառավարելիությունը կախված է բնակչության կողմից իրավիճակի լրջության գիտակցումից և սահմանված կանոնների պահպանումից։  

Հարց. Հայտնի է, որ հոլանդահայությունը նույնպես ակտիվորեն աջակցում էր համավարակի հետ կապված խնդիրների լուսաբանությանը։ «Նիդերլանդական օրագրի» միջոցով հայ բժիշկները խորհուրդներ էին տալիս հայությանը։ Հայտնի է արդյո՞ք, թե որքան վարակված հայեր կան եւ  ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Ի՞նչ ռեժիմով է աշխատում նրանց հետ դեսպանությունը, տեղական համայնքային կառույցները աջակցում են։

Տիգրան Բալայան. Համավարակի հենց սկզբից դեսպանությունն անցավ աշխատանքի արտակարգ ռեժիմի, ձեռնամուխ եղավ Հայրենիք վերադարձող Հայաստանի քաղաքացիներին աջակցելուն, հաշվի առնելով նաև Ամստերդամի օդանավակայանի տարանցիկ դերակատարությունը՝ տարբեր երկրներից և մայրցամաքներից մեր հայրենակիցները նախընտրում էին Ամստերդամից՝ Մինսկով վերդառնալ Երևան, մենք բանակցում էինք օդանավակայանի ծառայությունների և ավիաուղիների հետ՝ լուծելով տարանցիկ երթուղու հետ առաջացած դժվարությունները։ Մինչ այսօր տարբեր երկրներից մեր քաղաքացիները օգտվում են վերոհիշյալ երթուղուց և մեր հյուպատոսը կիրակի առավոտյան օդանավակայանում զբաղվում է մեր վերադարձող հայրենակիցների հարցերով։

Մարտին՝ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավոր եղավ ձեռք բերել հիդրոքլորոկին դեղամիջոցի մեծ խմբաքանակ, որոնք դեսպանության աշխատակիցները բառացիորեն հավաքում էին երկրի տարբեր ծայրերում գտնվող դեղատներից և մարտի վերջին դեսպանի օգնականը՝ Ամստերդամից «Աերֆլոտ» ավիաընկերության վերջին չվերթով  անհրաժեշտ դեղորայքը հասցրեց Հայաստան։ 

Մեր տեղեկություններով նիդերլանդահայության շրջանում վարակված են եղել տասից ավել մեր հայրենակիցներ, որոնք ապաքինվել են։

Հարց. Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Նիդերլանդներում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Եղե՞լ են Հայաստան մեկնող  համաքաղաքացիներ։

Տիգրան Բալայան. Մեր աջակցությունը հայրենակիցներին եղել է տարաբնույթ, ներառյալ հոգեբանական աջակցության տրամադրում, թեստավորման կարիք ունեցող վատառողջ հայրենակիցների մասին տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացում, ժամկետը լրացած մուտքի արտոնագրերի երկարաձգմանն աջակցություն, անգամ օդանավի տոմսի համար գումարի հայթահայթում և քաղաքացիներին դեսպանության մեքենաներով  տեղափոխում օդանավակայան։ Ընդհանուր առմամբ համաճարակի մեկնարկից ի վեր դրա հետ կապված տարատեսակ հարցերով դեսպանությունը սպասարկել է 600-ից ավել քաղաքացու՝ Նիդերլանդներից և հարակից երկրներից։  

Հարց. Սահմանների բացման եւ համավարակի երկրորդ փուլի հետ կապված ինչպիսի՞ կանխատեսումներ են բերվում  Նիդերլանդներում։

Տիգրան Բալայան. Ըստ փորձագիտական կանխատեսումների համավարակի երկրորդ ալիքը Նիդերլանդներում սպասում են ամառվա ամիսներին։ Հաշվի առնելով արդեն կուտակած փորձառությունը՝ երկրի իշխանությունները նշում են, որ լավ պատրաստված են հնարավոր նոր ալիքին։

Տպել էջը