Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին

18 մայիսի, 2020

Հարց․ Համավարակի տարածման արդյունքում Ֆրանսիան  նույնպես հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Ի՞նչպես է տարվում Քովիդ-19  համավարակի դեմ պայքարը։ Որքանո՞վ է հաջողվում կառավարությանը կասեցնել համավարակի տարածումը և ի՞նչ արդյունքներ կան արտակարգ իրավիճակի սահմանափակումներից  2 ամիս անց։

Հասմիկ Տոլմաջյան․ Ֆրանսիայի կառավարությունը երկրում առաջին իսկ վարակակիրների ի հայտ գալուն պես ձեռնարկեց համապատասխան միջոցառումներ՝ համավարակի տարածումը կասեցնելու ուղղությամբ՝ մշակելով համաճարակի դեմ պայքարի քառափուլ ծրագիր:

Մարտի 17-ից Ֆրանսիայում հայտարարվեց զանգվածային մեկուսացում, որն ամբողջական ծավալով տևեց մինչև մայիսի 10-ը ներառյալ: Երկրի ողջ տարածքում փակվեցին կրթական հաստատությունները, հետաձգվեցին բոլոր մարզական և մշակութային միջոցառումները, միջազգային համաժողովներն ու փառատոնները, այդ թվում՝ Կաննի միջազգային կինոփառատոնը, նոր տեխնոլոգիաների՝ միջազգային մեծ հեղինակություն վայելող Փարիզի Վիվատեք ցուցահանդեսը: Հետաձգվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների՝ մարտի 22-ին նախատեսված երկրորդ փուլը. առաջին փուլն անցկացվել էր մարտի 15-ին՝ նախքան արտակարգ դրության սահմանումը:

Կառավարության կողմից ձեռնարկված միջոցների արդյունքները սկսեցին տեսանելի լինել ապրիլի կեսից՝ նպաստելով արձանագրված դեպքերի աճի նշանակալի կրճատմանը, և մայիսի 11-ից Ֆրանսիան սկսեց աստիճանական դուրս գալ մեկուսացումից: Երկրում դեռևս փակ են մնում ավագ դպրոցներն ու համալսարանները, մշակութային հաստատությունները, խոշոր առևտրային կենտրոնները, ռեստորաններն ու սրճարանները, դեռևս գործում է բնակության վայրից 100 կիլոմետր շառավղից ավելի տեղաշարժի, ինչպես նաև զանգվածային միջոցառումների սահմանափակում: Այնուամենայնիվ, ֆրանսիական հասարակությունը փորձում է աստիճանաբար վերադառնալ իր առօրյա կյանքին՝ գիտակցելով, որ դեռևս միառժամանակ հարկադրված է լինելու գոյակցել վիրուսի հետ՝ շարունակելով հետևել համավարակի դեմ պայքարի հիմնական կանոններին:

Ինչպես այլ երկրների պարագայում, Ֆրանսիայի կառավարությունն անում է առավելագույնը՝ առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար՝ միևնույն ժամանակ փորձելով կանխել, որ համավարակի դեմ պայքարով թելադրված միջոցները չհանգեցնեն տնտեսական ծանր ճգնաժամի: Արդեն իսկ ուրվագծվող սոցիալ-տնտեսական խնդիրները մեղմելու համար նախատեսվում են բացառիկ միջոցներ, իսկ առավել տուժած ոլորտներին տրամադրվելու է լայնածավալ օժանդակություն: Համավարակի դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար կարևորվում է նաև քաղաքացիների բարձր գիտակցությունը և անհատական պատասխանատվությունը: 

Ֆրանսիական գիտահետազոտական կենտրոններն ու լաբորատորանիները (մասնավորապես՝ համաշխարհային դեղագործական առաջատարներից Սանոֆին, Պաստորի ինստիտուտը) ակտիվորեն ներգրավված են ինչպես հիվանդության դեմ պայքարող դեղամիջոցների, այնպես էլ վիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու աշխատանքներին։

Հարց․ Ֆրանսահայությունն այս ամիսներին նույնպես զգալի կորուստներ ունեցավ։  Հայտնի՞ է Քովիդ 19-ով վարակված հայերի թիվը,  ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։

Հասմիկ Տոլմաջյան․ Ֆրանսահայ համայնքը, որն արևմտաեվրոպական երկրներում ամենախոշոր հայ համայնքն է և գերազանց ինտեգրված է ֆրանսիական հասարակության մեջ, ցավոք, զերծ չի մնացել համաճարակի ավերածությունից և կան տասնյակի չափ զոհեր: Չափազանց մեծ կորուստ էր մարտի 29-ին ֆրանսահայ հայտնի պետական և քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահը, որը մեծ հուզմունք առաջացրեց ինչպես ֆրանսահայ համայնքում, այնպես էլ Ֆրանսիայի պետական, քաղաքական ողջ դասում, մտավորականության, մշակութային, հասարակական գործիչների լայն շրջանում:   

Հարց․ Ստեղծված արտակարգ իրավիճակը, բնականաբար, իր ազդեցությունը թողեց նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների կազմակերպման վրա… Այս պայմաններում ինչպե՞ս է կազմակերպվում հայ համայնքը:

Հասմիկ Տոլմաջյան․ Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում, որտեղ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է օրենքի ուժով, իսկ 2019թ.-ից ապրիլի 24-ը նախագահ Մակրոնի հրամանագրով սահմանված է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, ավանդաբար անցկացվում են հիշատակի բազմամարդ արարողություններ հարյուրավոր քաղաքներում, իսկ Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, գլխավոր պաշտոնական արարողությանը վերջին տարիներին մասնակցել և ելույթ են ունեցել նաև Ֆրանսիայի նախագահները կամ վարչապետները:

Այս տարի, Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները, բնականաբար, անցկացվեցին ներկա պայմաններով թելադրած սանիտարական կանոնների պահպանմամբ: Բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ ծաղկեպսակների զետեղման ոչ զանգվածային արարողություններ՝ քաղաքապետերի, խորհրդարանականների և քաղաքային խորհրդի անդամների մասնակցությամբ: Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ կազմակերպված հիշատակի արարողությանը մասնակցում էին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարը, Փարիզի քաղաքապետը և ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահները: Ապրիլ 24-ի կապակցությամբ ուղերձներ հղեցին Ֆրանսիայի նախագահը, վարչապետը, Սենատի նախագահը, ինչպես նաև բազմաթիվ պետական և քաղաքական գործիչներ: Ընդ որում, այն առաջին պաշտոնական հրապարակային արարողությունն էր, որ կազմակերպվում էր բացառիկ պայմաններում՝ արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Խորհրդանշական էր նաև Պատրիկ Դևեջյանի հարազատ Անտոնի քաղաքում հիշատակի միջոցառումը և ծաղկեպսակների զետեղումը՝ վերջինիս այրու՝ Սոֆի Դևեջյանի մասնակցությամբ՝ ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոսի հեղինակած «Հայաստանի արծիվ» հուշարձանի մոտ:

Ապրիլի 24-ին նախատեսվում էր նաև Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված բացառիկ համերգ՝ Վերսալյան պալատի արքայական մատուռում, որը թեև, չկայացավ՝ համավարակով պայմանավորված իրավիճակում, սակայն տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, արդեն իսկ ընդգրկվել է հաջորդ տարվա երաժշտական ծրագրում:

Ինչ վերաբերում է հայ համայնքին՝ դեսպանությունը մշտական կապի մեջ է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահների, եկեղեցական առաջնորդների, համայնքային  կազմակերպությունների, մշակութային գործիչների և տարբեր անհատների հետ: Հրապարակային միջոցառումների արգելման և մեկուսացման պայմաններում, որոշ աշխատանքեր են տեղի ունենում հեռավար ձևաչափով։ Ընդամենը մի քանի օր առաջ կայացավ տեսակոնֆերանս ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի և ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի բյուրոյի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ինչպես Հայաստանում, այնպես էլ ֆրանսահայ համայնքում ստեղծված իրավիճակին։

Հարց․ Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Ֆրանսիայում բնակվող Հայաստանի  քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ ցանկանում են մեկնել  Երեւան եւ արդյո՞ք արդեն նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։

Հասմիկ Տոլմաջյան․ Դեռևս մարտի 10-ից սկսած՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, Լիոնում և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսություններում, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում (Ստրասբուրգ) գործում են շուրջօրյա թեժ գծեր:

Թեժ գծերով դիմած քաղաքացիները ստանում են ամբողջական տեղեկատվություն Հայաստան վերադառնալու հնարավորություների, Ֆրանսիայի տարբեր հատվածներից Փարիզի Շառլ-դը-Գոլ օդանավակայան հասնելու եղանակների վերաբերյալ: Առանձին դեպքերում դեսպանությունը աջակցել է ՀՀ քաղաքացիներին ավիաուղիների հետ ունեցած խնդիրների լուծման հարցում:

Հարց․ Ի՞նչ վիճակում են հայտնվել տեղացի հայերը եւ ի՞նչ ռեժիմով է աշխատում նրանց հետ դեսպանությունը:

Հասմիկ Տոլմաջյան․ Արտակարգ իրավիճակի պայմաններում՝ դեսպանությունն աշխատել է ամբողջական ռեժիմով՝ շարունակելով քաղաքացիներին տրամադրել հյուպատոսական աջակցություն՝ օրենքի շրջանակներում թույլատրվող առավելագույնս արագացված և պարզեցված կարգով: Խիստ անհրաժեշտության պարագայում կազմակերպվել են նաև քաղաքացիների հյուպատոսական ընդունելություններ՝ ապահովելով սանիտարական կանոնները: Դեսպանությունը սոցիալական ցանցերի միջոցով մշտապես թարմ տեղեկատվություն է տարածել արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների և Ֆրանսիայից Հայաստան վերադառնալու ճանապարհների վերաբերյալ։  Մեր որոշ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձը դյուրացնելու համար, ինչպես Փարիզում դեսպանությունը, այնպես էլ Լիոնում և Մարսելում մեր հյուպատոսական ծառայությունները ամենօրյա կապի մեջ են և սերտորեն համագործակցում են ֆրանսիական միգրացիոն ծառայությունների հետ։

Տպել էջը