Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցը «Ազատություն» ռ/կ-ին
27 ապրիլի, 2020Ապրիլի 27-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին, որի ընթացքում ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հյուսիսային Եվրոպայի երկրներում տիրող իրավիճակը, համավարակի դեմ պայքարի վերջիններիս փորձը, ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները և դրանց հասցեագրմանն ուղղված դեսպանության ջանքերը։
Անդրադառնալով Հյուսիսային Եվրոպայի երկրների հայ համայնքի ներկայացուցիչներին և այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ Ալեքսանդր Արզումանյանը նշել է. «Մենք մշտական կապի մեջ ենք համայնքային կառույցների, թեմերի հետ։ Չեմ կարող ասել, թե սպառիչ տեղեկատվություն ունենք, բայց այս պահին հայ համայնքում ունենք մահացածության 4 դեպք, 5-6 հոգի բուժվել է Շվեդիայում, բուժվածների 2-3 դեպք ունենք Դանիայում, 2 դեպք՝ Նորվեգիայում և մի քանի դեպք Ֆինլանդիայում։ ՀՀ քաղաքացիների շրջանում այս պահին մահացածության դեպքեր չկան, բայց կան քաղաքացիներ, որոնք այս կամ այն ծանրությամբ վարակը հաղթահարել են»։
Դեսպան Արզումանյանը նշեց, որ տարածաշրջանում գտնվող շատ քաղաքացիներ ունեն վիզայի վավերականության ժամկետի խնդիր, սակայն բոլոր 5 երկրներում իշխանությունները պատրաստակամ են միջոցառումներ չձեռնարկել և եթե արձանագրված է, որ չվերթների բացակայության պատճառով մարդիկ չեն կարող վերադառնալ, ապա որևէ խախտում չի արձանագրվում։ Նա մասնավորապես տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ մոտ 40 ՀՀ քաղաքացի վերադառնալու ցանկություն ունի և դեսպանությունը փորձում է գտնել հարմար չվերթներ։ Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում կան ուսանողներ, որոնց ուսման ժամկետն ավարտվում է հունիսի սկզբին և որոնց թե՛ ուսման, թե՛ կեցության համար վճարվել է մինչև հունիս ամիս։ Եթե այդ ընթացքում չհասցնեն վերադառնալ, ապա անհրաժեշտ կլինի լուծել մեր քաղաքացիների կեցության, մուտքի արտոնագրի վավերականության ժամկետի և այլ հարցեր, ինչը մենք պատրաստվում ենք անել համայնքային ներուժի միրոցով, և հույս ունենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի լուծել այդ բոլոր այդ խնդիրները»:
Անդրադառնալով իրավիճակի հաղթահարումից հետո Հայաստանի և սկանդինավյան երկրների միջև հնարավոր բարձր մակարդակով փոխայցերին՝ դեսպան Արզումանյանը նշեց․ «Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն էապես աճել է, Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու ցանկությունը շատ մեծ է և դրա վառ ապացույցն անցյալ տարի ՀՀ ԱԺ նախագահի պետական այցն էր Շվեդիա։ Այս տարի ՀՀ ԱԺ նախագահը պետական այց ունեցավ նաև Կոպենհագեն՝ Դանիայի թագավորություն։ Սակայն, ստեղծված իրավիճակով պայմանավորված, փոխայցելությունների մասին ավելի հստակ կարելի է խոսել մեկ-երկու ամիս հետո»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։