ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում

21 ապրիլի, 2020

Ապրիլի 21-ին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց կորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում արտերկրում ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրների լուծմանն ուղղված քայլերը, ինչպես նաև՝ անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում միջազգային համագործակցությանն առնչվող հարցերին:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ԱԳՆ կողմից իրականացվող քայլերի առնչությամբ Ավետ Ադոնցը նշեց. «Հիմնական աշխատանքները կբաժանեմ 3 հիմնական ուղղությունների։ Առաջնահերթը ՀՀ քաղաքացին է, այսինքն` արտերկրում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի կազմակերպումը՝ վերջիններիս կողմից նման ցանկության պարագայում, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրների կարգավորումը և հնարավոր լուծումները։ Երկրորդը վերաբերում է բեռնափոխադրումների անխափանությունն ապահովող աշխատանքների համակարգմանը, ինչը հույժ կարևոր է այսօրվա ստեղծված պայմաններում։ Երրորդը, իհարկե, միջազգային համագործակցությունն է մեր միջազգային գործընկերների հետ, որի արդյունքում, մասնավորապես COVID-19-ի օրակարգի շրջանակներում, Հայաստան են բերվում համապատասխան անհրաժեշտ բժշկական նյութեր, սարքավորումներ, պարագաներ, տեղի է ունենում անհրաժեշտ փորձի փոխանակում և այլն»։

Պատասխանելով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի ժամկետների սպառման և դրանց երկարաձգման վերաբերյալ հարցին՝ նախարարի տեղակալը նշեց. «Ամեն երկիր ունի մուտքի արտոնագրերի երկարաձգման իր կարգավորումներն ու ընթացակարգերը, որոնց մասին տվյալ երկրում գտնվող մեր քաղաքացիները իրազեկվում են մեր դիվանագիտական ներկայացուցչության կողմից: Եթե մուտքի արտոնագրի ժամկետը սպառվել է, ապա անհրաժեշտ է դիմել տեղի իշխանություններին՝ այն երկարաձգելու համար։ Սակայն, մինչ այդ հորդորում ենք կապ հաստատել տեղում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք կաջակցեն, կտրամադրեն խորհրդատվություն և կուղղորդեն մեր քաղաքացիներին»:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը, Ավետ Ադոնցը կարևորեց տարվող աշխատանքները, որոնց արդյունքում Հայաստան են ներմուծվում COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ։ Ապրիլի 8-ին և 15-ին Պեկինից իրականացված երկու չվերթներով Հայաստան բերվեցին անհրաժեշտ առողջապահական պարագաներ, որոնք ձեռք էին բերվել ՀՀ կառավարության, ինչպես նաև նվիրաբերվել էին ՉԺՀ կառավարական շրջանակների, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), տարբեր բարեգործական հիմնադրամների, հայազգի և օտարազգի անհատների կողմից։ Չինաստանում ՀՀ դեսպանության աշխատանքի շնորհիվ ապահովվել է այդ գործողությունների համակարգումը Պեկինում։

Անդրադառնալով ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող աջակցությանը նախարարի տեղակալ Ադոնցը կարևորեց Հայաստանին 1,1 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու որոշմանն ի հավելումն լրացուցիչ 600.000 ԱՄՆ դոլար հատկացնելը։

Խոսելով աջակցության այլ ծրագրերի մասին նախարարի տեղակալը ներկայացրեց նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից (IAEA) իրականացվող 6 մլն բյուջե ունեցող ծրագիրը, որի արդյունքում Հայաստան կբերվեն նոր տիպի 2000 թեստեր, որոնք մի քանի ժամվա ընթացքում ցույց են տալիս թեստավորման արդյունքները։ Աջակցության ծրագրեր են արվում նաև միջազգային այլ գործընկերների կողմից․ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Պարենի համաշխարհային ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Կարմիր խաչի, Եվրոպական միություն և այլն: Հնդկաստանի գործընկերների կողմից տրամադրվել է անհրաժեշտ օգնություն՝ դեղորայքի տեսքով:

Միջազգային համագործակցության համատեքստում Ավետ Ադոնցը շեշտեց ՌԴ, Իրանի, Վրաստանի հետ փոխգործակցության բարձր մակարդակը, ինչը հնարավորություն է տվել ընթացիկ աշխատանքները բավականին հետևողական և օպերատիվ կերպով իրականացնել։

Ավետ Ադոնցն անդրադարձավ նաև Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդրին․ «Մենք տեղյակ ենք և տիրապետում ենք Դոմոդեդովոյում տիրող իրավիճակին և զարգացումներին։ Եվս մեկ անգամ նշեմ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից ձևավորված մեխանիզմի շնորհիվ ապահովվում է թռիչքին սպասող քաղաքացիների ժամանակավոր կեցավայրը, հետևաբար օդանավակայանում սպասելու կարիքը չկա։ Այս առումով կրկին կոչ եմ անում համագործակցել մեր դեսպանության հետ, որը շարունակական աշխատանք է տանում այդ ուղղությամբ»։

Պատասխանելով արտերկրում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների մասին հարցին` Ավետ Ադոնցը նշեց. «Ապրիլի 21-ի դրությամբ Հայաստան վերադառնալու համար դիմած ՀՀ քաղաքացիների քանակը 1283 է։ Սա այն թիվն է, որն այսօրվա դրությամբ գրանցված է մեր դիվանագիտական ներկայացուցչություններում։ Ուզում եմ հիշեցնել, որ մինչ այս պահը Հայաստան են վերադարձել մոտ 22000 մեր հայրենակիցներ։ Աշխարհագրությունը բավականին լայն է՝ ԱՄՆ, ՌԴ, Ղազախստան, Ուկրաինա, Չեխիա, եվրոպական այլ երկրներ, Մերձավոր Արևելքի երկրներ… Նորից եմ ուզում կրկնել, որ որևէ գրանցում, որևէ դիմում, այսինքն որևէ ՀՀ քաղաքացի չի անտեսվի»։

Անդրադառնալով ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցին ԱԳ նախարարի տեղակալը նշեց. «ԱՄՆ դեպքում մենք իրականացրինք աշխատանքներ, որոնց արդյունքում FLEX ծրագրի շրջանականերում ԱՄՆ 36 նահանգներում ուսանող մեր 36 աշակերտները վերադարձան հայրենիք։ Գիտեք՝ ԱՄՆ-ում, հատկապես տեղաշարժի առումով, սահմանափակումներ են գործում, ինչն էլ, իհարկե, դժվարեցնում է ՀՀ քաղաքացիների վերադարձի հետ կապված մեր աշխատանքները։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ից թռիչք դեպի Հայաստան նախատեսված չէ»։

Ասուլիսն ամբողջությամբ հասանելի է տեսանյութում։

Տպել էջը