Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին

21 ապրիլի, 2020

Հարց․ Ի՞նչ վիճակում է գտնվում Լեհաստանում Քովիդ 19 համավարակի դեմ պայքարը։ Հայտնի է, որ Լեհաստանը Չեխիայի եւ Սլովակիայի նման շատ խիստ սահմանափակումներ մտցրեց անցած մեկ ամսվա ընթացքում։ Ինչպիսի՞ն են արդյունքները։  

Սամվել Մկրտչյան. Ճիշտ է, որ Լեհաստանը բավականին վաղ և խիստ սահմանափակումներ մտցրեց կապված համավարակի հետ: Դատելով ընդհանուր վարակակիրների և  մահացածների թվից, կարելի է ասել, որ այդ միջոցառումներն ունեցել են իրենց դրական ազդեցությունը տարածումը կանխելու և վերահսկելի դարձնելու առումով:

Ապրիլի 20-ի դրությամբ վարակակիրների թիվը 9453 է, իսկ մահացածներինը` 362: Սա բավականին ցածր ցուցանիշ է 38 մլն բնակչություն ունեցող երկրի համար` համեմատած իր հարևանների հետ: Հետաքրքիր է, որ վարակվածների թիվը, հարաբերական ճշգրտությամբ, կանխատեսվել էր դեռևս շաբաթներ առաջ:

Այս իրավիճակը` այսինքն վերահսկելիությունը և կայունացման միտումը, թույլ տվեց կառավարությանը ապրիլի 20-ից մեղմացնել որոշ սահմանափակումներ և արտոնել հանրային այգիներ, անտառներ քաղաքացիների մուտքը, ոչ սննդային խանութների աշխատանքը: Հարկ է նշել, որ լեհ քաղաքացիները մեծ պատասխանատվությամբ են մոտենում տանը մնալու, հանրային վայրերում դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու իշխանությունների պահանջներին և հորդորներին:

Հարց․ Լեհաստանում վարակվածների շրջանում արդյո՞ք կան հայեր եւ եթե տեղյակ եք, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։

Սամվել Մկրտչյան. Լեհաստանում ՀՀ դեսպանության ունեցած տեղեկություններով, այս պահին ունենք մեկ վարակակիր ՀՀ քաղաքացի: Նա հոսպիտալացվել է:

Հարց․ Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ ցանկանում են մեկնել Երեւան։  Հայտնի՞ են, թե երբ են վերականգնվելու Վարշավա-Երեւան չվերթները։

Սամվել Մկրտչյան. Ստեղծված իրավիճակում դեսպանությունն անմիջապես գործարկել է թեժ գիծ, որը հասանելի է 24/7, նաև WhatsApp և Viber հավելվածներով: Կատարվում է Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների գրանցում. նրանք յոթ տասնյակից ավելի են: Պատասխաններ են տրվում նրանց տարաբնույթ հարցումներին նաև էլ. փոստով և Facebook-ի հարթակով:

Դեսպանության Facebook էջով մշտապես տեղեկատվություն է հրապարակվել Լեհաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի վերաբերյալ: Խիստ կարիք ունեցողներին ցուցաբերվել է նաև ֆինանսական աջակցություն: Ցավոք, մինչ այս պահը, հնարավոր է եղել կազմակերպել սահմանափակ թվով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան: Սակայն, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են` հարևան երկրների օդային հաղորդակցության գործող հնարավորություններն օգտագործելու առումով: Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են սպասել Վարշավա-Երևան ուղիղ չվերթների վերականգնմանը:

Վարշավա-Երևան չվերթների արգելքը` ընդհանուր օդային հաղորդակցության կասեցման շրջանակներում, շարունակվելու է մինչ ապրիլի 26-ը: Դրանց վերսկսումը կապված է Լեհաստանի իշխանությունների առաջիկա որոշումից:   

Հարց․ Ի՞նչ վիճակում են հայտնվել տեղացի հայերը եւ ի՞նչ ռեժիմով է աշխատում նրանց հետ դեսպանությունը, տեղական համայնքային կառույցները մասնակցու՞մ են այդ աշխատանքին։

Սամվել Մկրտչյան. Լեհաստանի քաղաքացի հանդիսացող հայերը կամ մշտական բնակության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները, բնականաբար, ենթարկվում են երկրի իշխանությունների կողմից սահմանված կանոններին: Այս առումով խնդիրներ չեն ծագել և դեսպանության միջամտության կարիք չի առաջացել:

Տպել էջը