Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը «Ազատություն» ռ/կ-ի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարին

05 ապրիլի, 2020

Ապրիլի 5-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարին։ Դեսպան Սմբատյանը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տեղի հայ համայնքում տիրող իրավիճակը, ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված դեսպանության ջանքերը։ Դեսպանն անդրադարձավ նաև նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի գերմանական փորձին:

Անդրադառնալով գերմանահայ համայնքին և Գերմանիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ դեսպան Սմբատյանը նշել է․ «Գերմանիայի հայ համայնքը (ընդհանուր թվով մոտ 60 հազար մարդ) սփռված է Գերմանիայի տարբեր երկրամասերով և քաղաքներով։ Ամենամեծաթիվ համայնքը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում է, հատկապես՝ Քյոլն և Դյուսելդորֆ քաղաքներում։ Գերմանիայում մշտական բնակություն հաստատած կամ Գերմանիայի՝ ազգությամբ հայ քաղաքացիների մասին տվյալներ դժվարանում եմ ասել, չնայած մշտական կապի մեջ ենք Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և գերմանահայ մյուս համայնքային կառույցների հետ։ Գերմանիայում են ժամանակավորապես գտնվում ՀՀ երկու քաղաքացիներ` ովքեր վարակված են և բուժում են անցնում: Մենք ունենք շուրջօրյա թեժ գիծ։ Դեսպանությունում հավաքագրված 175 քաղաքացիներից շուրջ 50-ը վերադարձել են Հայաստան։ Մոտ 30 ՀՀ քաղաքացիներ երկարաձգել են իրենց մուտքի արտոնագրի ժամկետը շենգենյան գոտում և փորձել են հոգալ իրենց կեցությունը Գերմանիայում. այս հարցի առնչությամբ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել Գերմանիայի պատկան մարմինների հետ։ Արտաքին գործերի և ներքին գործերի գերատեսչությունները շատ արագ արձագանքեցին այս խնդրին։ 

Գերմանիայում են գտնվում նաև այստեղ ուսանող ՀՀ քաղաքացիներ: Այդ ուսանողներից 5-6-ն արդեն վերադարձել են Հայաստան, իսկ մնացածը որոշում են կայացրել մնալ Գերմանիայում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում։

Տպել էջը