Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հարցազրույցը «1in.am» լրատվական կայքին

01 ապրիլի, 2020

Ապրիլի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հարցազրույց է տվել «1in.am» լրատվական կայքին։ Գլխավոր հյուպատոսն անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում Կալիֆորնիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների առջև ծառացած դժվարություններին և դրանց լուծման ուղղությամբ գլխավոր հյուպատոսության գործադրած ջանքերին։

Հարցազրույցի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնավորապես նշեց. ««Աերոֆլոտ» ավիաընկերության  վերջին թռիչքը Լոս Անջելեսից տեղի է ունեցել մարտի 28-ին։ Մինչ այդ՝ վերջին մեկ շաբաթից 10 օրվա ընթացքում, փաստորեն չեղարկվել էին մյուս բոլոր ավիաընկերությունների թռիչքները, և մեծ թվով ՀՀ քաղաքացիներ պիտի վերադառնային նաև Կատարով, սակայն չկարողացան։ Գլխավոր հյուպատոսությունը համաձայնության եկավ «Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցչության հետ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տրվեր առաջնահերթության կարգով փոխանակել իրենց տոմսերը։ Այդ ճանապարհով մի քանի հարյուր հոգի կարողացան վերադառնալ, և 120 հոգի, մինչև մարտի 26-ը ներառյալ, կարողացան տոմսերի փոխանակման ճանապարհով վերադառնալ Երևան։ Կալիֆորնիայում գտնվում են մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը Լոս Անջելեսում են»:

Խոսելով Լոս Անջելեսում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների մասին՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը նաև ընդգծեց. «Ուզում եմ մեկ կարևոր հանգամանք էլ նշել, շատերը՝ ՀՀ քաղաքացիները, որոնք այցելուներ են ԱՄՆ-ում, և ոչ միայն այցելուները, այլև այն բազմաթիվ ՀՀ քաղաքացիները, որոնք բնակվում են այստեղ, առնչվում են բժշկական ապահովագրության խնդրի հետ։ Գիտեք, որ ԱՄՆ-ում  և Կալիֆորնիայում նույնպես բժշկական ապահովագրությունը մեծ գումարներ արժի, և ՀՀ քաղաքացիներից շատերը, մանավանդ այցելուները, հնարավորություն չունեն այս համաճարակի պայմաններում լիարժեք բուժում ստանալ։ Դրա համար գլխավոր հյուպատոսությունը, արդեն իսկ կարող եմ հայտարարել այդ մասին, պայմանավորվածություն է ձեռք բերել Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության հետ։ Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնում մեր այստեղի հայ բժիշկներին, ովքեր տրամադրել են հատուկ թեժ գծի հեռախոսահամար, և մենք այսօր հրապարակելու ենք այդ հեռախոսահամարը։ Եթե ՀՀ քաղաքացիներն ինչ-որ ախտանիշներ ունենան, կարող են զանգահարել, և ընկերակցության մեր հայ բժիշկները հոգ կտանեն նրանց մասին։ Բուժօգնություն ստանալու համար մենք նաև հրապարակելու ենք հիվանդանոցների ցուցակ, քանի որ մեր քաղաքացիները, բացի կորոնավիրուսից, բազմաթիվ կարիքներ ունեն նաև սովորական բուժօգնություն ստանալու տեսանկյունից։ Մենք նաև պայմանավորվածություն ունենք, որ այդ հիվանդանոցներն անվճար կամ շատ քիչ, մինիմալ վճարով բուժօգնություն ցուցաբերեն նաև մեր քաղաքացիներին»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Տպել էջը