Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցը «Օրախնդիր» հաղորդաշարին

01 ապրիլի, 2020

Ապրիլի 1-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդաշարին։ Դեսպան Թումանյանը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Իրանի հայ համայնքում առկա իրավիճակը, Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները և դրանց հասցեագրման ուղղությամբ դեսպանության կողմից գործադրվող ջանքերը: ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև հայ-իրանական փոխգործակցությանը։ 

Հայ-իրանական օդային և ցամաքային սահմանները փակելու որոշման համատեքստում Արտաշես Թումանյանը նշել է. «Սահմանը փակվեց, բայց ՀՀ քաղաքացիները շարունակեցին Իրանից վերադառնալ Հայաստան, այդ կերպ մոտ 800 հոգի է վերադարձել: Հայտնի չէ որևէ դեպք, որ նրանց կողմից վարակի անվերահսկելի տարածում լիներ, երկու դեպք է եղել, երկուսն էլ ավարտվել են, շղթան չի շարունակվել»:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների իրականացման առնչությամբ դեսպան Թումանյանն ընդգծել է․ «Մենք չդադարեցրինք բեռնափոխադրումները, որովհետև տնտեսական տեսակետից դա արդարացված էր։ Բոլոր այն վարորդները, որ անցնում էին Հայաստան, բոլորը հսկողության տակ էին, ոչ մի վարակի փոխանցում տեղի չի ունեցել։ Հետագայում բեռնափոխադրումներն իրականացվեցին համաձայնեցված ցանկերով. իրանական կողմը ներկայացրեց ապրանքների ցանկը, որ ցանկանում էր ստանալ, հայկական կողմը ներկայացրեց ապրանքների ցանկը, որոնց կարիքը մենք ունեինք»։ 

Իրանահայ համայնքի և Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած մարտահրավերների համատեքստում դեսպան Թումանյանը նշել է․ «Իրանում Հայ Առաքելական Եկեղեցու երեք թեմերի հետ էլ կապի մեջ ենք՝ Թեհրանի, Սպահանի և Թավրիզի թեմերի։ Թավրիզի թեմը փոքր է, վարակվածների դեպքեր մեզ հայտնի չեն, մահվան դեպքեր չկան։ Սպահանի դեպքում ունենք կորոնավիրուսի հետևանքով 90 տարեկանից բարձր անձի մահվան մեկ դեպք։ Վարակվածների վերաբերյալ տեղեկատվություն հայտնի չէ։ Թեհրանում են հիմնական դեպքերը։ Վարակակիրների ճշգրիտ թիվ չեմ կարող ասել, Առաջնորդարանը ևս տեղեկություններ չունի։ Առ այսօր կորոնավիրուսից մահանալու ախտորոշմամբ հաստատվել է վեց իրանահայի մահ: Հայ համայնքը բավականաչափ կազմակերպված է, իրանահայերն ստանում են ճիշտ այնպիսի բուժօգնություն, ինչպես և մնացած բոլոր իրանցիները»։ Դեսպան Թումանյանը նաև հավելել է, որ Իրանում ապրող ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ քաղաքացիությամբ ընտանիքի անդամ ունեցող իրանցիներն այսօր էլ հանգիստ կարող են հատել հայ-իրանական սահմանը և վերադառնալ Հայաստան. «Մոտ մեկ շաբաթից ակնկալվում է նրանց հերթական խմբի վերադարձը Հայաստան»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Տպել էջը