ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում

31 մարտի, 2020

Մարտի 31-ին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրները, վերջիններիս աջակցելուն ուղղված քայլերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդգծեց. «ԱԳՆ և օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապի պահպանումն անհրաժեշտ նախապայման է ՀՀ քաղաքացիներին աջակցելու գործում ԱԳՆ աշխատանքները դյուրացնելու համար։ Դա թույլ է տալիս ճիշտ գնահատել իրավիճակը մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու աշխատանքները ճիշտ կազմակերպելու և հասցեագրված իրականացնելու առումով»։

Արտերկրում գտնվող մեր քաղաքացիների վերադարձի հետ կապված ԱԳ նախարարի տեղակալն առանձնացրեց երեք հիմնական խնդիրներ.

«ՀՀ քաղաքացու գտնվելու երկրում սահմանված կարանտինային ռեժիմները, տեղափոխման հետ կապված առողջապահական ռիսկերը, օդային հաղորդակցության խիստ սահմանափակումները։

Իրականացվել են մեր քաղաքացիներին տարհանելու գործողություններ Չինաստանից, Իտալիայից, ինչպես նաև այս գիշեր՝ պարետի և ԱԳՆ համակարգմամբ և Մայր Աթոռի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվեց Կալկաթա-Երևան հատուկ չվերթը, որի արդյունքում Հայաստան են վերադարձել Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներ և ուսուցիչներ։ 

Այն վայրերում, որտեղ չեն իրականացվում տարհանման գործողություններ, դեսպանությունները ուղղորդում են մեր հայրենակիցներին՝ ինչպես պետք է վերադառնալ, ինչ չվերթներ կան, և որոնք են ճիշտ ճանապարհները՝ շատ անգամ ցուցաբերելով նաև տեխնիկական և ֆինանսական աջակցություն:

Եթե վերադառնալը չի հաջողվում, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն անում են ամեն հնարավորը, որպեսզի կարգավորվեն մեր հայրենակիցների՝ այդ երկրում ժամանակավոր կեցության հարցերը, ապահովեն հնարավոր ֆինանսական աջակցությունը՝ այդ թվում նաև համայնքային ռեսուրսի ներգրավմամբ։

Մենք տիրապետում ենք ամբողջ իրավիճակին. այսօրվա դրությամբ շուրջ 46 երկրում ունենք մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի, որոնք հաշվառված են համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություններում, նրանց հետ պահպանվում է մշտական կապ։ Մեր ներկայացուցչությունները  փորձում են գտնել բոլոր այն օպտիմալ և հասցեագրված միջոցները, որով հնարավոր կլինի ապահովելու մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք կամ տեղում նրանց համար համապատասխան անվտանգ պայմանների ապահովումը»:

Միջազգային համագործակցության համատեքստում ԱԳ փոխնախարարն ընդգծեց. «Մենք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով անում ենք ամենը, որպեսզի դյուրացվեն բեռնափոխադրումները դեպի ՀՀ: Այս առումով շատ բարձր եմ գնահատում փոխգործակցության որակն ու մակարդակը մեր իրանցի, վրացի և ռուս գործընկերների հետ, որովհետև այսօր շատ կարևոր է ունենալ անվտանգ բեռնափոխադրումների այս որակն ու մակարդակը։ 

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ԱՄՆ կառավարությունը 1,1 միլիոն դոլար գումարի տեսքով աջակցություն է տրամադրել Հայաստանին։ ԵՄ-ն հայտարարել է 140 միլիոն եվրո աջակցության մասին, որը նախատեսվում է բաշխել Արևելյան գործընկերության 6 երկրների միջև։ Այդ 140 միլիոն եվրո գումարից 30 միլիոն եվրոն ԱՀԿ-ի միջոցով ուղղվելու է առողջապահական նշանակության սարքավորումներ և այլ առողջապահական նյութեր ձեռք բերելուն։ 100 միլիոնն ուղղվելու է այս դժվար իրավիճակում միջին և փոքր ձեռնարկություններին աջակցելուն։ Եվս 10 միլիոն ուղղվելու է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում ՀԿ-ների հետ համագործակցության ծրագրերին։ Դեռ որոշումը կայացված չէ, թե ԱլԳ 6 երկրների միջև ինչպես է բաշխվելու այդ գումարը։

Միջազգային համագործակցության համատեքստում կարևոր է ընդգծել Չինաստանի հետ համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես այն փորձի փոխանակումը, որը տեղի է ունենում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև»։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ հասանելի է տեսանյութում։ 

Տպել էջը