ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հարցազրույցը 1in.am լրատվականին

20 մարտի, 2020

«ԱԳՆ-ն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում, այդ ռեժիմին անցնելը մեզ մոտ սկսվել է հունվարից, երբ նոր կորոնավիրուսը սկսեց զարգանալ և տարածվել Չինաստանում: Անմիջապես գործի անցավ Չինաստանում ՀՀ դեսպանությունը. անհրաժեշտ էր գրանցել ՀՀ քաղաքացիներին, որոնք գտնվում էին Չինաստանում, և գնահատել, թե ովքեր են գտնվում վտանագավոր գոտիներում, և ինչպես կազմակերպել բազմաբնույթ աշխատանքները: Մոտ 600 քաղաքացի գրանցվել էր, որոնց հետ ամենժամյա հաղորդակցության մեջ էինք: Ուհանից տարհանեցինք 2 ՀՀ քաղաքացու»։

«Երբ Իտալիայում սկսվեց այդ ճգնաժամը, նույն ֆորմատով գործի անցանք թե մենք, թե մեր դեսպանությունը Հռոմում։ Գործընթացը համակարգում էր Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Իտալիայում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը։ Անմիջապես, մի քանի ժամվա ընթացքում մենք գնահատեցինք իրավիճակը, ունեցանք այն պատկերը որի հիման  վրա տարհանման որոշումն անմիջապես կայացվեց։ Կիրակի, մարտի 15-ին իրականացվեց այդ հատուկ չվերթը։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Իտալիայի տարբեր քաղաքներում, գյուղերում գտնվում են ՀՀ քաղաքացիներ։ Իտալիան փակ է, մի գյուղից մյուս գյուղ կամ մի քաղաքից այլ քաղաք գնալն անհնարին է։ Բոլորին պետք էր հավաքել Հռոմում։ Դեսպանության կողմից պատվիրվեցին  50 հոգանոց ավտոբուսներ և 4 տեղից՝ Միլանից, Վենետիկից, Ֆլորենցիայից և ևս մի տեղից շարժվեցին դեպի Հռոմ։ Օդանավակայանում իրենց դիմավորեցին մեր աշխատակիցները, նույնիսկ գրանցումն (check-in) իրենք էին անում։ Արդյունքում տարհանվեց 67 ՀՀ քաղաքացի։ 

«Որևէ երկրի քաղաքացի այսօր Վրաստան մուտք գործել չի կարող։ Վերադառնում կամ ժամանում են Վրաստան միայն Վրաստանի քաղաքացիները։ Վերին Լարսը նույնպես վրաց-ռուսական սահման է։ Վերին Լարսում է գտնվում Դոնի Ռոստովում մեր գլխավոր հյուպատոսը, ով արդեն 3 օր է՝  տեղում կարգավորում և համակարգում է 150-160 ՀՀ քաղաքացիների ամեն րոպեն` սկսած սնունդի խնդիրներից մինչև տարաբնույթ այլ հարցեր: Բեռնափոխադրողների վրա որևէ սահմանափակում չի տարածվում:
Հորդորում եմ մեր քաղաքացիներին, ովքեր ապրում, աշխատում կամ գտնվում են Ռուսաստանում, չվերադառնալ Հայաստան Վերին Լարսի անցակետով։ Վերին Լարսը փակ է։ Փակ էր եղանակային պատճառներով, հիմա փակ է, որովհետև Վրաստանն է փակ։ Խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանից ցանկանում են վերադառնալ Հայաստան ցամաքային ճանապարհով՝ այսինքն Վերին Լարսով»։

«Հորդորում ենք  մեր քաղաքացիներին հարցերի դեպքում կապ հաստատել արտերկրում  մեր դեսպանատների հետ, որոնք բոլորը, անկախ գտնվելու երկրից, աշխատում են 24-ժամյա ռեժիմով,  թեժ գծերն աշխատում են»։

Տպել էջը