ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասնակցությունը Բելեմի կլիմայի բարձրաստիճան գագաթնաժողովին
08 նոյեմբերի, 2025Բրազիլի Բելեմ քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, նոյեմբերի 5-ից 7-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպումներ և զրույցներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Մոնակոյի ԱԳ նախարարի, Օմանի շրջակա միջավայրի գործակալության նախագահի, Քուվեյթի նավթի նախարարի, Սիերա Լեոնեի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարի, Սենեգալի շրջակա միջավայրի և էկոլոգիական անցման նախարարի, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղարի և ծրագրերի համակարգման հարցերով գլխավոր տնօրենի, Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենի, ինչպես նաև Բրազիլի բնիկ ժողովուրդների նախարարի հետ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակիցների ուշադրությանն է ներկայացրել 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման շուրջ ՀՀ տեսլականը և իրականացվող աշխատանքները: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ հանձնառությունը` ուղղված ներառական և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ համաժողովի անցկացմանը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է COP17-ի շրջանակներում նախատեսվող Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների (KMGBF) առաջին գլոբալ վերանայման անկյունաքարային նշանակությունը, մասնավորապես կենսաբազմազանության կորստի դադարեցման և վերականգնման որոտում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման լավագույն միջոց։ Այս համատեսքստում կոչ է արվել առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրույցներում անդրադարձել է Ռիոյի երեք կոնվենցիաների՝ Կլիմայի փոփոխության, Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի, միջև սիներգիայի ապահովման անհրաժեշտությանը գլոբալ բնապահպանական օրակարգի արդյունավետ իրագործման համար։