Ընդունվել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցը

26 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 26-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում, ընդունվել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ազգային զեկույցը:

Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ազգային զեկույցի ընդունման ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում կարևորել է ՀՊԴ գործիքակազմը  և դրա շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականները, որոնք նպատակաուղղված են մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանն ընդունել է ՄԱԿ անդամ պետությունների կողմից 2025թ. մայիսի 1-ին՝ ՀՊԴ աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանին կայացած ազգային զեկույցի քննարկման շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականների գերակշիռ մեծամասնությունը: Վերահաստատել է ՀՀ հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առնչությամբ՝ Հայաստանում ընթացող բարեփոխումներին համահունչ։

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ՀՊԴ հանձնարարականների ու իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ տնտեսական,սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների բնագավառներին:

Հայաստանի ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցի ընդունման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ կարևորելով Հայաստանի շարունակական հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը և վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։

Տպել էջը