ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակության հետ

28 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: 

Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ համերաշխության, ինչպես նաև նրանց հայանպաստ շարունակական ու ակտիվ գործունեության համար։

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ֆրանսիացի պատգամավորների հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց ունեցած ներդրումը։

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ տնտեսական, խորհրդարանական ու ապակենտրոնացված համագործակցության շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականներն ու սկզբունքային դիրքորոշումը:

Տպել էջը