ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

16 նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին:

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային համագործակցության վերաբերյալ։

Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո աջակցության փաթեթին ու Արևելյան գործընկերության ուղենիշային նախաձեռնությունների շրջանակներում հետագա արդյունավետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Տպել էջը