Իսրայելի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

08 հուլիսի, 2019

Հուլիսի 8-ին ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան (նստավայրը Իսրայել) Էլիավ Բելոցերկովսկին (Eliav Belotsercovsky) հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին: 

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հայ-իսրայելական հարաբերությունները կսերտանան և կզարգանան` արդյունավետորեն օգտագործելով առկա ներուժը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Վերջինս ընդգծեց նաև, որ արդեն իսկ երկրորդ անգամ այցելելով Հայաստան, տպավորված է Հայաստանի հինավուրց պատմությամբ և հարուստ մշակութային ժառանգությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության ոլորտներում համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրների:

Տպել էջը