ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

28 հունիսի, 2019

Հունիսի 26-28-ը Կոլումբիայի Մեդելյին քաղաքում կայացավ Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի (Luis Almagro) հետ։ Հանդիպմանը նշվեց Կազմակերպության հետ համագործակցության դրական դինամիկան և շեշտվեց վերջինիս անձնական ներդրումը՝ Հայաստանի և Կազմակերպության միջև կապերի ամրապնդման գործում:

Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպումներ ունեցավ նաև Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Օլմես Տրուխիլյո Գարսիայի, Չիլիի արտաքին գործերի նախարար Տեոդորո Ռիբերա Նեումանի, Պերուի արտաքին գերատեսչության ղեկավար Նեստոր Պոպոլիսիո Բարդալեսի և Սենտ Լյուսիայի արտաքին գործերի նախարար Սարա Ֆլուդ-Բիբրունի, ինչպես նաև՝ Արգենտինայի փոխարտգործնախարար Գուստավո Զլաուվինենի, Պանամայի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Երիկա Մոույնեսի և Կազմակերպությունում Բրազիլիայի մշտական ներկայացուցչի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի հետ երկրների բարեկամական կապերի ամրապնդման կարևորությունը և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Գլխավոր ասամբլեայի եզրափակիչ միջացառմանը Գրիգոր Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով:

 

Տպել էջը