Երևանում Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի վերաբացման վերաբերյալ

25 մարտի, 2019

Մարտի 25-ին Կալիֆորնիայի նահանգային սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած 302 բանաձևին, որը կարտոնի Երևանում Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի վերաբացումը: Բանաձևին աջակցել են հանձնաժողովի թե հանրապետական, թե դեմոկրատական սենատորները:

Նախագծի քննարկումներին մասնակցեց հատուկ այդ նպատակով Սակրամենտո մեկնած ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը սենատի հանձնաժողովում ունեցած ելույթում հիմնավորումներ ներկայացրեց Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի կարևորության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում ձևավորվել է վիթխարի գործարար ներուժ, որի իրագործմանն էլ կծառայի գրասենյակի գործունեությունը:

«Իբրև ՀՀ գլխավոր հյուպատոս, իմ կարևորագույն առաջնահերթություններից է Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական գործակցության շեշտակի ընդլայնումը: Մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը փոխշահավետ կլինի և էապես կխթանի Կալիֆորնիայից Հայաստան ներդրումները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործունեությունը»,- նշեց Արմեն Բայբուրդյանը և երախտագիտություն հայտնեց սենատոր Պորտանտինոյին բանաձևը նախաձեռնելու համար:

«Հայաստանը կարևոր առևտրային գործընկեր է Կալիֆորնիայի համար, որի հետ հաստատվել են ամուր և մնայուն հարաբերություններ: 302 բանաձևը համակարգային բնույթ կհաղորդի առևտրատնտեսական կապերին: Սենատում ներկայացնելով ամենահայաշատ ընտրաշրջանը՝ ես անչափ ուրախ եմ, որ այս օրենսդրական նախագիծը առաջխաղացում ունեցավ սենատում»,- իր ելույթում նշեց սենատոր Պորտանտինոն:

Տեղեկանք․ Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը փակվել էր նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որոշմամբ՝ 2007 թվականին:

 

Տպել էջը