Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուխարեստում

24 փետրվարի, 2019

Փետրվարի 24-ին Բուխարեստում տեղի ունեցավ Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հայկական Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների: Այնուհետև, եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հուշապսակների զետեղման արարողություն:

Իր ելույթում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը կարևորեց պետության, եկեղեցու և սփյուռքահայ կառույցների համագործակցությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման և միջոցառումների իրականացման ճանապարհին: «1988թ. փետրվարի 27-29-ին ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու ցանկության արտահայտման խաղաղ նախաձեռնությունների, Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթում և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում սկսեցին խաղաղ հայ բնակչության բնաջնջումը` ուղեկցված հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Ողբերգությունից անցել է 31 տարի, սակայն միջազգային հանրության կողմից այդպես էլ միահամուռ և կոշտ դատապարման չեն արժանացել այս վայրագությունների կազմակերպիչները, իսկ կատարողները մնացել են անպատիժ: Հենց այդ անպատժելիությունն էլ նոր հանցանքներ ծնեց հայ ժողովրդի դեմ, իսկ Լեռնային Ղարաբաղում սանձազերծվեց պատերազմ․․․ Սումգայիթի կոտորածների հիաշատակը վառ պահելն, ինչպես նաև վաղեմության ժամկետ չունեցող այս հանցագործության համապատասխան պատմական և քաղաքական գնահատական տալը հանդիսանում է բոլորիս միասնական նպատակը»,- ասաց դեսպանը:

 

Տպել էջը