Միջազգային կազմակերպություններ
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:
ԵԱՀԿ մոտեցումը անվտանգության և կայունության ապահովման խնդիրներին բազմակողմանի է և համընդգրկուն: Կազմակերպության գործունեությունն ընթանում է 3 հարթություններով, այսպես կոչված «զամբյուղներով»` ռազմաքաղաքական /անվտանգության, տնտեսական-բնապահպանական և մարդկային, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ համապարփակ և անբաժանելի անվտանգության հայեցակարգի հիմնասյուները: Այս տեսանկյունից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումն ու պաշտպանությունը, ինչպես նաև տնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում համագործակցությունը կարևոր են անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման համար և կարող են ունենալ ինչպես կանխարգելիչ ֆունկցիա, այնպես էլ նպաստել ռազմաքաղաքական խնդիրների լուծմանը: Կազմակերպության գործունեության գերակայություններից են՝ հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամերի կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` ունենալով քաղաքական, այլ ոչ իրավական պարտադրող ուժ:
Կազմակերպության որոշում կայացնող մարմիններն են.
- Գագաթաժողովը
- Նախարարների խորհուրդը
- Մշտական խորհուրդը
- Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը
ԵԱՀԿ աշխատանքը առաջնորդելու, համակարգելու և կազմակերպության ղեկավարման համար այլ անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար ԵԱՀԿ-ն մեկ տարով նախագահում է որևէ մասնակից երկիր: ԵԱՀԿ-ն 2023թ. նախագահում է Հյուսիսային Մակեդոնիան: Նրան աշխատանքներն իրականացնելիս աջակցում են նախկին և հաջորդ նախագահությունները, որոնք գործող նախագահության հետ միասին կազմում են ԵԱՀԿ Տրոյկան. ներկայումս` Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Ֆինլանդիան: ԵԱՀԿ քարտուղարությունն իրականացնում է կազմակերպության առօրյա գործունեությունը, օժանդակում է Գործող նախագահին իր պարտականություններն իրականացնելիս: Քարտուղարությունը ղեկավարում է Գլխավոր քարտուղարը:
ԵԱՀԿ քարտուղարության հիմնական հատվածը գտնվում է Վիեննայում:
Կազմակերպության հաստատություններն են.
- Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակը:
- Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի գրասենյակը:
- Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մասնակից-երկրների միջխորհրդարանական հարաբերությունների և համագործակցության մարմին է:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությամբ:
ԵԱՀԿ աշխատանքները տեղերում արդյունավետ կերպով իրականացնելու, կազմակերպության նպատակներն ու սկզբունքները տարածելու և մասնակից երկրների հետ համագործակցության համակարգման նպատակով գործում են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:
1995թ. հիմնվել է ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին վերաբերող հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, որը 1996թ. հուլիսից զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպժիկը (Լեհաստան):
Հայաստան - ԵԱՀԿ համագործակցություն
Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավարը 2019թ. հունվարի 11-ից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն է:
2017թ. օգոստոսի 31-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանի կողմից գրասենյակի մանդատի երկարաձգման մասին որոշման շուրջ կոնսենսուսին չմիանալու պատճառով: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից հետո ՀՀ և ԵԱՀԿ քարտուղարության միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ շարունակելու ծրագրային համագործակցությունը կազմակերպության հետ: Այն ներառում է ծրագրային ուղղություններ ԵԱՀԿ բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում:
ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերն են՝
- Հելսինկիի եզրափակիչ ակտ -1975թ.
- Նոր Եվրոպայի Փարիզյան խարտիա – 1990թ.
- Հելսինկիի փաստաթուղթ - 1992թ․
- Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթուղթ - 1994թ.
- Եվրոպական անվտանգության խարտիա – 1999թ.
- Աստանայի հռչակագիր – 2010թ.
Օգտակար հղումներ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԳՆ հանդիսանում է Հայաստանում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ներկայացման համար պատասխանատու ազգային համակարգող: ՀՀ ամփոփ զեկույցները կազմակերպությանն են ներկայացվում տարեկան պարբերությամբ (տես՝ https://hatecrime.osce.org/armenia)։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–Հայաստան համագործակցությունը ակտիվ է նաև անդամ երկրներում դիտորդական առաքելություններով, ինչպես նաև Հայաստանում կայացած ընտրություններին մասնակցության առումով:
ԺՀՄԻԳ-ը իրականացնում է վերապատրաստման ծրագրեր ՀՀ պետական և իրավապահ մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների համար՝ մարդու իրավունքների պաշտպանության, խթանման և մոնիտորինգի վերաբերյալ:
Թարմացված է՝ 22.02.2023թ.