Վիզայի անհրաժեշտությունը օտարերկրացիների համար

Եթե դուք պատրաստվում եք այցելել Հայաստան, ապա հնարավոր է վիզա ստանալու անհրաժեշտություն լինի: Առաջարկում ենք ստուգել մուտքի վիզայի պահանջը՝ օգտվելով ստորև ներկայացված ստուգման գործիքից՝ նշելով Ձեր քաղաքացիության երկիրը և ճամփորդական փաստաթղթի տեսակը:

Վիզայի անհրաժեշտությունը ՀՀ քաղաքացիների համար (բաժինը մշակման փուլում է)

Ընտրեք երկիրը և ստուգեք մուտքի վիզայի պահանջը

Վիզա (մուտքի արտոնագիր)

ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզա (E-VISA) հնարավոր է ստանալ https://evisa.mfa.am հղումով։

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ (.pdf)

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից:

Այն երկրների  ցանկը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:  

Մնացած բոլոր պետությունների քաղաքացիները, անկախ անձնագրի տեսակից (դիվանագիտական, ծառայողական, համաքաղաքացիական կամ ճամփորդական փաստաթուղթ), ինչպես նաև ՄԱԿ-ի անցագիր (Laissez-Passer) կրողները, չեն ազատվում ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից:

Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում և երկարաձգում է «պաշտոնական» և «դիվանագիտական» մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ evisa.mfa.am: «Այցելության» և «տարանցիկ» մուտքի վիզաները տրամադրում և երկարաձգում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:

ՀՀ մուտքի վիզաները երկարաձգվում են միայն ՀՀ տարածքում, վիզայի ժամկետի ավարտից առաջ:

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով

Հրավեր

ՀՀ կառավարությունը սահմանել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա: Նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները ՀՀ սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի /ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերն են` կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերի/:  

Հրավերի ձևակերպում

Աշխատանքային ժամերին հնարավոր է հրավերի ամբողջական փաթեթը ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչություն ուղարկել ԱԳՆ-ում տեղադրված փոստարկղի միջոցով:

1. Հրավերի լրացված օրինակ (նմուշ, PDF)
2. Հրավերի խմբագրվող օրինակելի ձև (MS Word)

կարող են ներկայացնել`
ա) ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք.
բ) ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:

Ֆիզիկական անձինք հրավերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

ՀՀ ԱԳՆ ներկայացված հրավերին անհրաժեշտ է կցել նաև հրավիրվող անձի անձնագրի պատճենը և հրավերի ձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ առաջին անգամ հրավեր ներկայացնելու դեպքում՝ նաև իրավաբանական անձի պետական գրանցման վկայագրի պատճենը: Պետական տուրքի դրույքաչափը 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ է: Պետական տուրքը կարող է վճարվել ցանկացած առևտրային բանկում կամ առցանց: ՀՀ պետբյուջեի գանձապետական հաշվեհամարն է 900005162129:

Առցանց վճարման հղումը հետևյալն է՝ https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=1077 

Հրավերը և կից փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով։ 

 

Մուտքը Հայաստանի Հանրապետություն

Օտարերկրացիները* մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ ՀՀ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված չէ:

Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում ՀՀ տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել փախստականի կարգավիճակ կամ քաղաքական ապաստանի իրավունք հայցելու նպատակով:

Օտարերկրացիների սեփական միջոցների բացակայության դեպքում նրանց վերադարձի ծախսերը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կատարում են փոխադրողները, որոնք իրականացրել են այդ օտարերկրացիների փոխադրումը ՀՀ, կամ Հայաստանի Հանրապետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետությունից ելքը

Oտարերկրացիները ՀՀ-ից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը ՀՀ տարածքում նրանց oրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ oրենքով կամ միջազգային պայմանագրերով: 

Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելը

ՀՀ տարանցիկ երթևեկություն է համարվում որևէ պետությունից ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրացիների երթևեկությունը:

Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները ներկայացնում են դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա և կարող են մնալ ՀՀ տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: ՀՀ ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:

Եթե օտարերկրացին գտնվում է տարանցիկ գոտում և չի մտնելու ՀՀ տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: 

Մուտքի վիզայի երկարաձգումը

Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ներկայացնելով մուտքի վիզայի երկարաձգման դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում է Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը.

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԸ (.pdf)

 

Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել visa@mfa.am էլ-փոստով կամ զանգահարել (+37460) 620516, 620553, 620549: 

*«Օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք):

Տպել էջը