ՀՀ վերադարձի վկայական

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է: Այն տրամադրվում է սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում (կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ընդհանրապես տրամադրված չլինելու) շտապ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու նպատակով: ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է  ՀՀ քաղաքացիներին,    ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձանց: ՀՀ վերադարձի վկայական տրամադրվում է նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով՝ օտարերկրյա պետություններից Հայաստան վտարվող ՀՀ քաղաքացիներին։ ՀՀ վերադարձի վկայականը, որպես կանոն, տրամադրվում է 30 օր ժամկետով, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ ավելի երկար ժամկետով (60 օր, 120 օր):

ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Վերադարձի վկայական ստանալու համար օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին անձամբ դիմում է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմին: Մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը: 

Վերադարձի վկայական ստանալու համար դիվանագիտական ծառայության մարմին անձամբ կարող է դիմել նաև վերադարձի վկայական հայցողի կողմից լիազորված անձը՝ ներկայացնելով սահմանված ձևի լիազորագիր (ներբեռնել լիազորագրի ձևը): Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում: Լիազորագրի իսկության հարցում հիմնավոր կասկած առաջանալու դեպքում դիվանագիտական ծառայության մարմինը կարող է կապ հաստատել լիազորող անձի հետ՝ լրացուցիչ հավաստում ստանալու համար: Լիազորված անձի դիմելու դեպքում անհրաժեշտ է վերջինիս անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը:

Վերադարձի վկայական ստանալու համար կարելի է դիմել նաև տեսակապի միջոցով՝ ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչություն:

Տեսակապով դիմելու դեպքում քաղաքացին էլեկտրոնային եղանակով նախապես հայտ (ներբեռնել հայտի ձևը) է ներկայացնում ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչություն: Հայտը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում  հյուպատոսական վարչության աշխատակիցն առցանց եղանակով, գրավոր քաղաքացուն առաջարկում է տեսակապ հաստատելու օրը և ժամը, ինչպես նաև տեղեկացնում է անհրաժեշտ տեխնիկական պայմանների, փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված այլ պայմանների մասին: Տեսակապով դիմելու դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ  ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագրի դեպքում

  • Դիմում-հարցաթերթիկ (ներբեռնել դիմումի ձևը),
  • 35x45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագրի բնօրինակը: Նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագիր ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիությունը ժխտող տեղեկանք,

ՀՀ քաղաքացու անձնագրի բացակայության դեպքում

  • Դիմում-հարցաթերթիկ (ներբեռնել դիմումի ձևը),
  • 35x45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • Տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից կամ այլ իրավասու մարմնից՝ անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ բնական կամ տեխնածին աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին (առկայության դեպքում)
  • Կորած կամ գողացված ՀՀ քաղաքացու անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում)
  • Հայաստանյան ծագում ունեցող` անձը հաստատող այլ փաստաթղթեր (նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ վարորդական վկայական) կամ դրանց` նոտարական կարգով հաստատված լուսապատճենները (առկայության դեպքում)

ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների` ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում

  • Դիմում-հարցաթերթիկ (ներբեռնել դիմումի ձևը),
  • 35x45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  • ՀՀ ծննդյան վկայականի բնօրինակը կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրանց լուսապատճենները՝ հաստատված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով
  • Ծնողի (ծնողների) անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները

ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց ինքնությունը հաստատող օրինական փաստաթղթեր (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ) ներկայացնելու դեպքում, եթե դրանց իսկությունը կասկած չի հարուցում (չկան չհաստատված ջնջումներ և ուղղումներ, լուսանկարի փոխման հետքեր, կնիքներն ու դրոշմակնիքները հստակ են, փաստաթուղթն առավելապես մաշված չէ) և, եթե դրանցում պատկերված անձը և վերադարձի վկայականի համար դիմող անձը նույնական են, դիվանագիտական ծառայության մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է վերադարձի վկայական` առանց անձնագրային և քաղաքացիության հարցերով իրավասու մարմին հարցում կատարելու:

Մնացած բոլոր դեպքերում հյուպատոսական հիմնարկը վերադարձի վկայական տալու համար էլեկտրոնային հարցում է կատարում անձնագրային և քաղաքացիության հարցերով իրավասու մարմին: Այս դեպքում վերադարձի վկայականը տրամադրվում է  5 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 10 աշխատանքային օրով:  

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

* - էլեկտրոնային հարցում կատարելու անհնարինության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով: 

ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆ ԱՆՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականն անվճար տրվում է`

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր նախկինում չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր

  • Հայաստանի Հանրապետության` 16 տարին չլրացած, ինչպես նաև 63 տարին լրացած քաղաքացիներին
  • Օտարերկրյա պետությունից վտարման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմած և սահմանված ժամկետում իր անձնագիրը չստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  • Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  • Բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխա) ընտանիքի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  • Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  • Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետություն մեկնող (տեղափոխվող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  • Օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  • Հափշտակության կամ այլ հանցագործության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի (բնածին կամ տեխնածին աղետ, քաղաքական հուզումներ, պատերազմ և այլն) ազդեցության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրից զրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե ներկայացվում է տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ կամ դեպքը հանդիսանում է հանրահայտ փաստ
  • Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

*- Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ Հայաստանը չունի դիվանագիտական ծառայության մարմին կամ այնպիսի հեռավոր վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել մոտակա դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ), ապա վերադարձի վկայականը լիազորված անձի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում: 

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հյուպատոսական վարչություն
Միգրացիայի բաժին


Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3,
Կառավարական տուն 2
Հեռ. +37460620508, 37460620544, 37460620211
Էլ-փոստ՝ migration@mfa.am

Տպել էջը