Միջազգային կազմակերպություններ

ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հանդիսանում է մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն, որի ստեղծման մասին հայտարարվել է 2001թ. հունիսի 15-ին Շանհայում «Շանհայան հնգյակի» պետությունների և Ուզբեկստանի կողմից: «Շանհայան հնգյակի» մեխանիզմի հիմքում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդման և սահմանային շրջաններում զինված ուժերի փոխադարձ կրճատման վերաբերյալ կնքված 1996-1997թթ. համաձայնագրերն են:

2002թ. հունիսին ՇՀԿ անդամ պետությունների գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է ՇՀԿ կանոնադրությունը, որը հանդիսանում է Կազմակերպության հիմնական կանոնադրական փաստաթուղթը` ամրագրելով վերջինիս նպատակները և սկզբունքները, կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները:

ՇՀԿ կանոնադրության 16-րդ հոդվածի համաձայն` Կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա:

ՇՀԿ հիմնական նպատակներն են` անդամ պետությունների միջև փոխադարձ վստահության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային, ինչպես նաև կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի, բնապահպանության և այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության խթանումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումը և պահպանումը, ժողովրդավարական, արդար և ռացիոնալ նոր միջազգային քաղաքական և տնտեսական կարգի ստեղծման առաջմղումը:

Անդամ պետությունների ղեկավարների խորհուրդը հանդիսանում է ՇՀԿ բարձրագույն մարմինը, որն օժտված է որոշումներ ընդունելու լիազորություններով: Ամենամյա գագաթնաժողովների ընթացքում ընդունվում են որոշումներ Կազմակերպության համար կարևորություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ:

Անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների (վարչապետների) խորհրդի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ` Կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության ռազմավարության և առաջնային ուղղությունների քննարկման նպատակով, ինչպես նաև տնտեսական և այլ բնույթի համագործակցության սկզբունքային և արդիական հարցերի լուծման համար: Անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների (վարչապետների) խորհուրդը նաև հաստատում է Կազմակերպության բյուջեն:

ՇՀԿ շրջանակներում գործում է նաև խորհրդարանների ղեկավարների մակարդակով անցկացվող հանդիպումների մեխանիզմ, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տրանսպորտի, մշակույթի, կրթության և առողջապահության նախարարների, իրավապահ մարմինների, գերագույն և արբիտրաժի դատարանների ղեկավարների և գլխավոր դատախազների հանդիպումների մեխանիզմներ:

ՇՀԿ շրջանակներում համակարգման մեխանիզմ է ծառայում ՇՀԿ անդամ պետությունների ազգային համակարգողների խորհուրդը:

Կազմակերպությունն ունի երկու մշտապես գործող մարմին` ի դեմս ՇՀԿ քարտուղարության՝ տեղակայված ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում, և Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում գործող ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր հանձնաժողովի: Վերոնշյալ երկու մարմինների ղեկավարները նշանակվում են անդամ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից երեք տարի ժամկետով: 2025թ. հունվարի 1-ից ՇՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է Նուրլան Երմեկբաևը (Ղազախստան), իսկ ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը՝ Ուլարբեկ Շարշիվ (Ղրղզստան):

ՇՀԿ հիմնական մարմիններում նախագահությունը իրականացվում է ըստ անդամ պետությունների անվանումների` ռուսերեն այբուբենի համաձայն` մեկ տարի ժամկետով:

ՇՀԿ պաշտոնական լեզուներն են ռուսերենը և չինարենը:

ՇՀԿ Կանոնադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ ՇՀԿ տարածաշրջանի այլ երկրները ևս կարող են դառնալ Կազմակերպության մասնակից պետություն: Միևնույն ժամանակ, Կանոնադրության 14-րդ հոդվածը թույլ է տալիս հետաքրքրություն ցուցաբերող պետությանը կամ միջազգային կազմակերպությանը շնորհել դիտորդի կամ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

ՇՀԿ դիտորդ պետությունները կարող են հրավիրվել անդամ պետությունների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին:

Երկխոսության գործընկերոջ կարգավիճակը կարգավորող կանոնակարգը գործընկեր պետության համար նախատեսում է նախարարական մակարդակի պրոֆիլային խորհրդակցություններին, ինչպես նաև գործընկերության առարկա հանդիսացող հարցերին նվիրված` բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային խմբերի և հանձնաժողովների նիստերին մասնակցության հնարավորություն:

2015թ. հուլիսի 10-ին Ուֆայում կայացել է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը: Ուֆայի գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր` այդ թվում Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին որոշումը:

Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին հուշագիրը ստորագրվել է 2016թ. ապրիլի 16-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում գտնվող ՇՀԿ կենտրոնակայանում:

2024թ. հունիսի 6-8-ը կայացել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան. այն ՇՀԿ գլխավոր քարտուղարի մակարդակով պատմության մեջ առաջին այցն էր Հայաստան:

2025թ. հունիսին Հայաստանը ներկայացրել է ՇՀԿ-ին անդամակցության վերաբերյալ հայտ:

2025թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահության ներքո Թիենծինում կայացել է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստը, որի արդյունքներով Կազմակերպության Դիտորդ և Երկխոսության գործընկեր կարգավիճակները միավորվել են ՇՀԿ գործընկեր կարգավիճակի ներքո: ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի 2026թ. Ղրղզստանի Հանրապետությունում, որը ստանձնել է 2025-2026թթ. ՇՀԿ նախագահությունը:

 

Թարմացված է՝ 12.11.2025թ.

Տպել էջը