Միջազգային կազմակերպություններ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից՝ Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի կնքմամբ:
1991թ․ դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրությունը, որի համաձայն, կողմերը իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:
1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց նաև Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:
1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.
- համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
- մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
- մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
- համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, միջուկային և զանգվածային ոչնչացման այլ սպառազինության համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
- համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
- աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։
ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:
2005թ․ օգոստոսի 26-ի Կազանի գագաթաժողովին Թուրքմենստանը հայտարարեց, որ ԱՊՀ շրջանակներում կգործի ասոցացված անդամի կարգավիճակով:
1994թ․ մարտից ԱՊՀ-ն ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում:
ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են Պետությունների ղեկավարների խորհուրդը, Կառավարությունների ղեկավարների խորհուրդը, Արտաքին գործերի նախարարների խորհուրդը, Տնտեսական խորհուրդը, ինչպես նաև Պաշտպանության նախարարների, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդները, Տնտեսական դատարանը (Հայաստանի Հանրապետությունը 2006թ.-ից ԱՊՀ տնտեսական դատարանի մասնակից չի հանդիսանում), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։
Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար բնագավառում, իրավակարգի և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 80 մարմին:
Համագործակցության մշտական վարչական մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն, որը տեղակայված է Մինսկում, իսկ կառույցի մասնաճյուղը՝ Մոսկվայում: ԱՊՀ Գործադիր կոմիտեն ղեկավարում է ԱՊՀ գլխավոր քարտուղարը (ներկայում՝ Սերգեյ Լեբեդևը):
Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսերեն այբուբենի: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:
2025 թվականին ԱՊՀ - ում նախագահում է Տաջիկստանի Հանրապետությունը:
ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են համանախագահներ:
2024թ. հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2025թ. հունիսի 5-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
2025թ. ապրիլի 11-ին Ալմաթիում կայացած ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Թարմացված է՝ 20.08.2025թ.