Միջազգային կազմակերպություններ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՅՈՒՆԵՍԿՕ)
Ընդհանուր տվյալներ
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (այսուհետ` ՅՈՒՆԵՍԿՕ) ՄԱԿ-ի 15 մասնագիտացված գործակալություններից մեկն է, որը ստեղծվել է 1946թ. նոյեմբերի 16-ին՝ որպես Ազգերի լիգայի Մտավոր համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդ։
Կազմակերպության նպատակն է՝ նպաստել խաղաղությանն ու անվտանգությանը՝ խթանելով ազգերի միջև համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի միջոցով, որպեսզի ապահովվի արդարության, իրավունքի գերակայության, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքը, որոնք ՄԱԿ Կանոնադրությամբ հաստատված են աշխարհի ժողովուրդների համար՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից կամ կրոնից։
Տարիների ընթացքում Կազմակերպության գործունեությունն ընդլայնվել է՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սպորտը, տեղեկատվությունը և հաղորդակցությունը, խոսքի ազատությունը, խտրականության դեմ պայքարը, կենսոլորտի պաշտպանությունը, արհեստական բանականությանն առնչվող մարտահրավերների հաղթահարումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմիններն են Գլխավոր համաժողովը, Գործադիր խորհուրդը և քարտուղարությունը:
Գլխավոր համաժողովը կազմված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներից և սահմանում է Կազմակերպության քաղաքականությունն գործունեության հիմնական ուղղությունները: Նստաշրջանները գումարվում են երկու տարին մեկ անգամ:
Գլխավոր համաժողովի կողմից նշանակվում է Կազմակերպության գլխավոր տնօրենը և ընտրվում են Գործադիր խորհրդի անդամները:
Գործադիր խորհուրդը մշակում է Գլխավոր համաժողովի օրակարգը և ուսումնասիրում Կազմակերպության աշխատանքային ծրագիրն ու բյուջետային կանխատեսումները՝ Գլխավոր կոնֆերանսին ներկայացնելով առաջարկություններ: Այն պատասխանատու է Գլխավոր համաժողովի կողմից ընդունված ծրագրի պատշաճ և արդյունավետ կիրարկման համար: Գործադիր խորհուրդը բաղկացած է 58 անդամ պետությունների ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով:
Քարտուղարությունը գլխավոր տնօրենի ղեկավարությամբ համակարգում է Կազմակերպության գործունեությունը և ապահովում մյուս երկու ղեկավար մարմինների՝ Գլխավոր համաժողովի և Գործադիր խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումը: Կազմակերպության 10-րդ գլխավոր տնօրենն Օդրի Ազուլեն է (Ֆրանսիա), որը պաշտոնապես նշանակվել է 2017 թվականին և վերընտրվել 2021 թվականին:
Կազմակերպությունն ունի 194 լիիրավ և 12 ասոցացված անդամ[1]: Հայաստանն անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին 1992թ. հունիսի 9-ին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ մասնագիտացված գործակալությունն է, որն ունի ազգային հանձնաժողովների համակարգ: Ազգային հանձնաժողովները անդամ երկրներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերները են և ապահովում են Կազմակերպության հետ կապն ու համագործակցությունը:
Հայաստանի ազգային հանձնաժողովը ստեղծվել է 1992թ. հոկտեմբերի 10-ին: ՀՀ վարչապետի 2015թ. հունվարի 29-ի թիվ 58-Ա որոշմամբ հաստատվել են Հանձնաժողովի ներկայիս կանոնադրությունը և կազմը:
Ազգային հանձնաժողովի նախագահը ՀՀ արտաքին գործերի նախարարն է, իսկ գլխավոր քարտուղարը՝ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետը: Նախագահից և գլխավոր քարտուղարից զատ, Հանձնաժողովի կազմում ներառված են նաև ԿԳՄՍ, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, արդարադատության նախարարները, ինչպես նաև՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Համաձայնության սկզբունքով ընդգրկված են նախագահի աշխատակազմի ղեկավարը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, Երևանի քաղաքապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրենը և Մատենադարանի տնօրենը:
Գլխավոր քարտուղարը կանոնադրությամբ սահմանված համապատասխան գործառույթներն իրականացնում է հանձնաժողովի աշխատանքային մարմնի` քարտուղարության միջոցով, որը ՀՀ արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժինն է, և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության միջոցով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը գտնվում է Փարիզում: 1995-2018թթ. ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր Շառլ Ազնավուրը, իսկ 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: 2024թ. ապրիլի 25-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է Արամ Հակոբյանը:
Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներում
Հայաստանն Արևելաեվրոպական երկրների երկրորդ տարածաշրջանային խմբի անդամ է և անդամակցում է նաև հետևյալ խմբերին.
- Փոքր կղզի զարգացող երկրների բարեկամների խումբ (համանախագահ)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն դեսպանների խումբ
- Գլոբալ քաղաքացիության կրթության հետ համերաշխության բարեկամների խումբ
- Առաջնայնություն Աֆրիկայի բարեկամների խումբ
- Արտակարգ իրավիճակներում կրթության բարեկամների խումբ:
Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող երկրորդ կատեգորիայի ինստիտուտների և կենտրոնների հետ և անդամակցում է հետևյալ կառույցներին.
- Հարավարևելյան Եվրոպայում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոն,
- Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության Թեհրանի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն,
- Քաղաքային ջրերի կառավարման Թեհրանի տարածաշրջանային կենտրոն,
- Արհեստական բանականության Լյուբլյանայի հետազոտական կենտրոն,
- Լեռնատեխնիկական կրթության հմտությունների կոմպետենցիաների Սանկտ Պետերբուրգի կենտրոն:
2021թ. Հայաստանը, ստանալով 146 ձայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունից ի վեր առաջին անգամ ընտրվել է Գործադիր խորհրդի անդամ (2021-2025թթ․ ժամանակահատվածի համար):
Գործադիր խորհրդին անդամակցության շրջանակներում Հայաստանն, իր հանձնառությունների և առաջնահերթությունների շրջանակներում նպաստում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի կիրարկմանը, մասնավորապես՝ բոլորի համար կրթության իրավունքի, մշակութային իրավունքների, խոսքի ազատության ապահովմանը, ռասիզմի, խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարին, ինչպես նաև աջակցում է Աֆրիկայի և գենդերային հավասարության գլոբալ առաջնահերթություններին, առաջնահերթություն ներկայացնող խմբերի՝ Երիտասարդությանը և Փոքր կղզի զարգացող պետություններին նվիրված ծրագրերի իրագործմանը:
Հայաստանը հետևողականորեն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, հատկապես՝ հակամարտություններից և բնական աղետներից տուժած շրջաններում, և դատապարտում է ցանկացած հարձակում մշակութային խորհրդանիշների վրա, հատկապես՝ եթե այդ հարձակումները պայմանվորված են դրանց ծագումով և ինքնությամբ: Հայաստանն այդ հանձնառությամբ է առաջնորդվում «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության Կոմիտեին անդամակցության շրջանակներում (2023-2027թթ․):
2019 թվականից Հայաստանն աջակցություն է ցուցաբերում «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» ՅՈւՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը, որի շրջանակներում 2021-2024 թվականների ընթացքում Մոսուլի հին ձեռագրերի վերականգնման աշխատանքներով զբաղվող իրաքցի փորձագետներն այցելել են Հայաստան և մասնակցել Մատենադարանի հին ձեռագրերի ինստիտուտի մասնագետների կողմից անցկացված դասընթացների, Մատենադարանի փորձագետներն այցելել են Էրբիլ՝ տեղում ձեռագրերի վերականգնման և ձեռագրերի թվային կենտրոնի մասնագետների գործնական ուսուցումը շարունակելու նպատակով:
2024թ. հոկտեմբերի 28-ից 29-ը Երևանում կայացել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը՝ նվիրված Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին և 1999թ. Երկրորդ արձանագրության 25-ամյակին: Միջոցառմանը մասնակցել են օտարերկրյա հեղինակավոր փորձագետներ և միջազգային միջկառավարական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդից (ICOMOS), Կապույտ վահանից (Blue Shield), Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքից (ALIPH), Եվրոպա նոստրայից, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամից (WMF), ՄԱԿ արբանյակային կենտրոնից (UNOSAT), Բնության ու մշակույթի հուշարձանների դիտարկման տիեզերական տեխնոլոգիաների կենտրոնից (UNESCO HIST):
Առաջնահերթյունների շարքում է ռասիզմի և խտրականության դեմ կազմակերպության գործունեությանը: Հայաստանը Գլոբալ քաղաքացիության կրթության հետ համերաշխության բարեկամական խմբի անդամ է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 210-րդ նստաշրջանին ընդունված Ռասիզմի դեմ Կոչի և դրա հիման մշակված ճանապարհային քարտեզի նախաձեռնողներից: Կոչում ներառված են նաև խաղաղության մշակույթի ամրապնդման և բռնության չկիրառման վերաբերյալ Հայաստանի առաջարկները:
2022թ. Հայաստանի և Քուվեյթի նախաձեռնությամբ ստեղծվել է Փոքր կղզի զարգացող երկրների (ՓԿԶԵ) բարեկամական խումբը, որը համանախագահում են երկու երկրների մշտական ներկայացուցիչները: Խմբի նպատակն աշխարհագրական դիրքով պայմանավորված առանձնահատուկ մարտահրավերների առերեսվող ՓԿԶԵ հնարավոր աջակցության ցուցաբերումն է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՓԿԶԵ խմբի հետ համագործակցաբար: Խմբին անդամակցում է 58 երկիր:
2025թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանին անդամ երկրների կողմից միաձայն կերպով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջարկված և 130 պետության համահեղինակած որոշումը՝ ապրիլի 25-ը Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու վերաբերյալ:
2025թ. մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառնական ռազմավարության իրականացմանը նվիրված միջազգային հանդիպում, որին մասնակցել են ՓԿԶԵ ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության, Ասիական զարգացման բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ:
Բարձրաստիճան երկխոսություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ բարձրաստիճան երկխոսության շրջանակներում մի շարք բարձրաստիճան աշխատանքային այցեր են տեղի ունեցել:
- 2018թ. հոկտեմբերի 11-ից 12-ը Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։
- 2024թ. հուլիսի 15-ից 17-ը Հայաստան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի գլխավորած պատվիրակությունը:
- 2018թ. նոյեմբերի 13-ին նախագահ Արմեն Սարգսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
- 2019թ. նոյեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
- 2019թ. հունվարի 17–ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
- 2020թ. դեկտեմբերի 8-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
- 2021թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
- 2022թ. մարտի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
- 2023թ. նոյեմբերի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
- 2025թ. հունիսի 9-ին Նիսում՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Նախարար Միրզոյանը Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Օդրի Ազուլեին հանձնել է Հայաստանի Հանրապետության Բարեկամության շքանշան, որով ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր քարտուղարը պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով։
- Իրավապայմանագրային դաշտ
Հայաստանը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդունված հետևյալ միջազգային պայմանագրերը․
- Կրթական, գիտական և մշակութային նյութերի ներմուծման մասին համաձայնագիր՝ Ա-ից Ե հավելվածներով և կից արձանագրությամբ
- Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրություն
- Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիա
- Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիա
- Կատարողների, հնչյունագիր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պահպանության մասին միջազգային կոնվենցիա
- Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին արձանագրություն
- Մշակութային արժեքների անօրինական ներմուծումը, արտահանումը և սեփականության փոխանցումը արգելելու և կանխելու միջոցների մասին կոնվենցիա
- Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին կոնվենցիա
- Հնչյունագրեր արտադրողներին իրենց հնչյունագրերը անօրինական կրկնօրինակումից պաշտպանելու մասին կոնվենցիա
- Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիա
- Արբանյակների միջոցով հեռարձակվող ծրագրեր կրող ազդանշանների տարածման մասին կոնվենցիա
- Կրթական, գիտական և մշակութային նյութերի ներմուծման մասին համաձայնագրի արձանագրություն
- Եվրոպական տարածաշրջանի անդամ պետություններում բարձրագույն կրթությանը վերաբերող ուսումնասիրությունների, դիպլոմների և աստիճանների ճանաչման մասին կոնվենցիա
- Ասիայի և խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիա
- Միջազգային նշանակության խոնավ տարածքների, մասնավորապես՝ որպես ջրլող թռչունների բնակավայրերի մասին կոնվենցիայի 6-րդ և 7-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն .
- Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիա
- Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրություն
- Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիա
- Սպորտում դոպինգի դեմ միջազգային կոնվենցիա
- Մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիա
- Ասիայի և խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիա
- Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին համաշխարհային կոնվենցիա
Հայկական մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներով սահմանված ցանկերում
Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվում են բացառիկ համընդգրկուն արժեք ներկայացնող մշակութային և բնության ժառանգության օբյեկտները:
Ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ մշակութային ժառանգության օբյեկտներով`
- «Հաղպատի և Սանահինի վանքեր» (1996թ.),
- «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000թ.),
- «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000թ.):
Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են գրանցված հետևյալ հայտեր`
- «Երերույքի բազիլիկը և հնավայրը» (1995թ.),
- «Դվին քաղաքի հնավայրը/հնագիտական հուշարձանը» (1995թ.),
- «Տաթևի և Տաթևի Անապատ վանքերը և Որոտանի դաշտավայրի հարակից տարածքները» (1995թ.),
- «Նորավանքը և Ամաղու դաշտավայրի վերին հատվածը» (1995թ.);
- «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» (2024թ.),
«Երևանի ուրարտական ժառանգությունը» (2025թ.), - «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» (2025թ.)
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեոս Առաքյալի և Ձոր Ձորի հայկական վանական համալիրները 2008թ. գրանցվել են Համաշխարհային ժառանգության ցանկում՝ ԻԻՀ կողմից ներկայացված «Իրանի հայկական վանական համալիրներ» անվանմամբ հայտի հիման վրա:
Բագրատունյաց հայկական թագավորության մայրաքաղաք Անիի ավերակները, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում, 2016թ. գրանցվել են Համաշխարհային ժառանգության ցանկում` «Անիի հնագիտական վայր» խորագրով հայտի ներքո:
Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ ստեղծվել է ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու մեխանիզմը, որը, հնարավոր հակամարտությունների ժամանակ, հակամարտող կողմերին պարտադրում է ձեռնպահ մնալ պաշտպանության ներքո գտնվող հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջակայքը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից:
2018 թվականին Երկրորդ արձանագրության կոմիտեն միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանական համալիր և Ազատ գետի վերին հովիտ» հուշարձանախումբը՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։
Հայաստանի կողմից աշխատանքներ են տարվում Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրներ և Որոտան գետի կիրճ» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու ուղղությամբ: Երկրորդ արձանագրության կոմիտեն 2023թ. թվականին բավարարել է Հայաստանի դիմումը՝ ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհման նպատակով հայտի մշակման նպատակով Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամից տրամադրելով դրամաշնորհ:
«Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայով սահմանված ցանկում ներառվում են սովորույթներ, բեմադրություններ, արտահայտություններ, գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև դրանց հետ կապված գործիքները, առարկաները, արվեստի գործերը և մշակութային տարածքներ, որոնք համայնքների, խմբերի և, որոշ դեպքերում, անհատների կողմից ճանաչվում են՝ որպես իրենց մշակութային ժառանգության մաս: Այս կամ այն երկրի կողմից որևէ տարրի գրանցումը չի ենթադրում սեփականության իրավունքի ամրագրում:
Հայաստանը ցանկում ներկայացված է հետևյալ տարրերով`
- «Դուդուկի երաժշտությունը» (2008թ.),
- «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010թ.),
- «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.),
- «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.),
- «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ.),
- «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019թ.)
- «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացություն» (2020թ.) համատեղ հայտ Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
- «Գյումրիի դարբնության ավանդույթը» (2023թ.)
ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել է «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել է Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարան-կայք, որտեղ հրապարակված են Սյունիքի մարզում գրառված նյութեր և զանազան տվյալներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը
Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որտեղ ներառված են մարդկության համար բացառիկ կարևորություն և արժեք ներկայացնող փաստաթղթեր, ձեռագրեր, տեսահնչյունային նյութեր, գրադարանային հավաքածուներ և արխիվներ։
Ռեգիստրում իրենց տեղն են գտել հայկական փաստագրական ժառանգության հետևյալ նմուշները՝
- Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածուն (1997թ.),
- Բյուրականի առաջին ուսումնասիրությունը կամ աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը (2011թ.),
- Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածուն (2013թ.),
- Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն (2023թ.),
- Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը (2025թ.)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի ցանցը ստեղծվել է 1953 թվականին: Ծրագրի ցանկում ներգրավված են 181 երկրների ավելի քան 10.000 կրթական հաստատություններ: Հայաստանում ցանցը գործում է 1997թ. մարտից: Ներկայումս այն ներառում է հայաստանյան 10 դպրոցներ: Վերջիններս ազգային ծրագրերի շրջանակներում համագործակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` աջակցելով Կազմակերպության արժեքների տարածմանը, նպատակների և խնդիրների իրականացմանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՅՈՒՆԻԹՎԻՆ (համալսարանների թվինինգ և հաղորդակցություն, կապերի հաստատում) ամբիոնների ծրագիրը հաստատվել է 1992թ.-ին: Այն ծառայում է բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների կարողությունների բարելավմանը` նպաստելով դրանց միջև գիտելիքների փոխանակմանն ու համատեղ գործունեությանը: Ներկայումս Հայաստանում գործում է Կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի և շրջակա միջավայրի անվտանգության բնագավառում հետազոտությունների և հետբուհական կրթության միջտարաշածրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանցը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետևյալ ամբիոնները`
- Կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԳԱԱ)
- Մարդու իրավունքների և ժողովրդավարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԵՊԼՀ)
- Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կրթության և կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԵՊՀ):
Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույց
1998 թվականից առ այսօր oրացույցում ներառվել են ՀՀ կողմից ներկայացված հետևյալ հոբելյաները։
Երվանդ Քոչարի ծննդյան 100-ամյակ (1998թ.)
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 75-ամյակ (1999թ.)
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակ (2001թ.)
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյակ (2003թ.)
Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակ (2003թ.)
Հայոց գրերի գյուտի 1600-ամյակ (2005թ.)
Գառզուի (Գառնիկ Զուլումյան (1907-2000)) ծննդյան 110- ամյակ (2007թ.)
Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակ (2007թ.)
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ (2008թ.)
Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակ (2008թ.)
Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակ (2010թ.)
Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ (2010թ.)
Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակ (2012թ.)
Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ (2012թ.)
Հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակ (2012թ.)
Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակ (2012թ.)
Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակ (2014թ.)
Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակ (2014թ.)
Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ (2015թ.)
Առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակ (2016թ.)
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակ (2017թ.)
Կոմիտաս վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-ամյակ (2019թ.)
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակ (2019թ.)
Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) ծննդյան 100-ամյակ (2020թ.)
Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակ (2021թ.)
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստեղծման 100-ամյակ (2023թ.)
Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելից (2023թ.)
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ (2024թ.)
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ (2024թ.)
Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերման հարցը
2005թ. դեկտեմբերի դրությամբ ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաներն ամբողջությամբ ոչնչացրել են Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը` դրանով ավարտին հասցնելով վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությունը:
Վանդալիստական այս գործողության ընթացքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը վերածվել են խճազանգվածի ու նետվել Արաքս գետը: Գերեզմանոցի տարածքում հրաձգարան է կառուցվել:
Չնայած գոյություն ունեցող լուսանկարային ու տեսագրական բազմաթիվ անհերքելի վկայություններին ու ապացույցներին, մինչ օրս որևէ միջազգային կազմակերպություն` այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված և իրագործված այս վանդալիստական գործողություններին:
Դեռևս 1998 թվականից ՀՀ ԱԳ նախարարությունը դիմել է մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություններին` ահազանգելով Ջուղայի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման խնդրի մասին: Մասնավորապես, նամակներ են հղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ինչպես 1998թ., այնպես էլ 2002թ. և 2005թ.` ներկայացնելով իրավիճակն ու կոչ անելով միջոցներ ձեռնարկել Նախիջևանի հայկական հուշարձանների դեմ մշակութային եղեռնին վերջ տալու ուղղությամբ: 2005թ. հայկական կողմը հանդես է եկել նաև փաստահավաք առաքելություն կազմակերպելու նախաձեռնությամբ, որը, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարզաբանումների, անվտանգության պայմաններից ելնելով տեղի չի ունեցել:
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական մարմնի Գլխավոր Ասամբլեան 2008թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Քվեբեքում կայացած իր 16-րդ նստաշրջանի ժամանակ ընդունել է բանաձև, որի 5-րդ կետով`
- «հրավիրում է Ադրբեջանի` որպես «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայի անդամ պետության իշխանությունների ուշադրությունը` Ջուղայի գերեզմանատան ավերման վրա և նրանց փոխանցում մշակութային արժեքների պահպանման հարցերով փորձագետների միջազգային համայնքի մտահոգությունը,
- դիմում է Ադրբեջանի իշխանություններին` արագացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և/կամ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի` ԻԿՕՄՕՍ-ի փորձագետներից բաղկացած պատվիրակության մուտքը տեղանքն ուսումնասիրելու և միջազգային հանրությանն արդյունքների վերաբերյալ տեղեկացնելու նպատակով:
Ջուղայի խաչքարերի խնդրի մասին հայտարարություններ են արվել միջազգային տարբեր ատյաններում ու հանդիպումների ընթացքում:
Թարմացված է՝ 15.10.2025թ.
[1] 2025թ. մայիսի 4-ին Նիկարագուայի Հանրապետությունը, իսկ 2025թ. հուլիսի 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնել են Կազմակերպությունը լքելու որոշման մասին:Համապատասխան որոշումներն ուժի մեջ կմտնեն 2026թ. դեկտեմբերի 31-ին: