Միջազգային կազմակերպություններ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ին ներկայումս անդամակցում է 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն ու գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:
http://www.un.am/up/file/1.%20UN%20Charter_arm.pdf

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
  • ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Գլխավոր ասամբլեան՝ որպես գլխավոր խորհրդատվական, քաղաքական և ներկայացուցչական մարմին, զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. այն ընտրում է Անվտանգության խորհրդի, Տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, Անվտանգության խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են Արդարադատության միջազգային դատարանի անդամներին, համակարգում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե.

  • առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),
  • երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),
  • երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),
  • չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),
  • հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),
  • վեցերորդ կոմիտե (իրավական):

http://www.un.org/en/ga/

Անվտանգության խորհուրդը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:
http://www.un.org/en/sc/

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝ հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:
https://www.un.org/ecosoc/en/

Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:
http://www.un.org/en/decolonization/trusteeship.shtml

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը, ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:
http://www.icj-cij.org/homepage/index.php?lang=en

Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:
http://www.un.org/en/sections/about-un/secretariat.html

ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն է Անտոնիո Գուտերեշը, ով պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ից:
https://www.un.org/sg/en

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքները, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր ներդրումն է ունեցել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Մարդու իրավունքների խորհրդում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլ կառույցներում:

  • 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը 2019-2020թթ․ նույնպես վստահվել էր Հայաստանին:
  • 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. համար)։
  • 2019թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ (2020-2022 թթ. համար)։
  • 2020թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեի անդամ (2021-2023 թթ. համար)։
  • 2021թ. հունիսին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ընտրվել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ։
  • 2021թ․ հունիսին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ (2021-2025թթ․ համար)։
  • 2021թ. նոյեմբերին Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ (2021-2025թթ․ համար)։
  • 2021թ. Հայաստանն ընտրվել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բյուրոյի անդամ (2022-2023թթ. համար):
  • 2022թ. ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստի ընթացքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ (2023-2026 թթ. համար)։
  • 2023թ. ապրիլին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստի ընթացքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի անդամ (2024-2027թթ. համար)
  • 2023թ. ապրիլին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստի ընթացքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի անդամ (2024-2026թթ. համար):

2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանին ընդունվել է բանաձև, որով դեկտեմբերի 9-ը ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից:

2019թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան «Սպորտը զարգացման և խաղաղության համար» և «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետերի ներքո միաձայն ընդունեց «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կլիմայի փոփոխության շուրջ ընթացող գլոբալ քննարկումների և ամենաբարձր մակարդակով իր մասնակցությունն է ապահովում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին:

2022թ-ին առաջին անգամ Հայաստան է այցելել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը։

2022թ. սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն: Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:

2022թ. դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման վրա՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակմանը և Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը, ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող վճռի: Ընդգծվել է ՄԱԿ ԱԽ առանցքային դերը՝ միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների իրականացումը երաշխավորելու հարցում։

Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացել է «‎Impact of the international health crisis on legal infrastructure for trade»‎ խորագրով հիբրիդային միջոցառումը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը: Հանդիպման ընթացքում Աննա Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար «COVID-19» համավարակի շուրջ ուսումնասիրությունների գործիքակազմի փաստաթղթի նախագիծը:

2023թ. oգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը և ներկայացրել հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից ԼՂ լիակատար  շրջափակման, այդ թվում հումանիտար բնույթի բոլոր տեսակի բեռների մուտքի խափանման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը և  սովի աճող ռիսկերը: Կարևորվել է միջազգային հանրության արդյունավետ և անհապաղ արձագանքը՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների լիարժեք և անվերապահ կատարումն ու լիակատար հարգանքը՝ մարդու միջազգային իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ:

2023թ. օգոստոսի 16-ին ԱՄՆ նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման վրա՝ հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում ներկայացրել է հումանիտար ճգնաժամի ներգործությունը ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի վրա՝ ընդգծելով ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ռիսկերը:  ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արվել գործնական քայլեր իրականացնել հումանիտար խնդիրները լուծելու համար՝ նախքան բացասական հետևանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման։ 

ՄԱԿ պայմանագրային մարմիններ և հատուկ ընթացակարգեր

ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը աշխատանքներ է իրականացնում նաև ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի հետ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից լիազորված հատուկ ընթացակարգերն են` հատուկ զեկուցողները, անկախ փորձագետները և աշխատանքային խմբերը:

Համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պայմանագրային մարմիններին է ներկայացնում պարբերական զեկույցներ՝ ՀՀ կողմից միացած մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերի իրականացման վերաբերյալ: 2023թ. դրությամբ Հայաստանը չունի որևէ չներկայացված կամ հետաձգված զեկույց (տես՝ https://tbinternet.ohchr.org/_layouts/15/TreatyBodyExternal/countries.aspx?CountryCode=ARM&Lang=EN): 

Հատուկ ընթացակարգերի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը համապատասխան ամփոփ տեղեկատվություն է տրամադրում ՄԱԿ-ին՝ պատասխանելով Հատուկ զեկուցողների հարցաշարերին:

Համընդհանուր Պարբերական Դիտարկման գործընթացը (2006թ-ին հիմնադրված ՄԱԿ մեխանիզմ է, որի ընթացքում պարբերական կարգով ուսումնասիրվում է մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ բոլոր անդամ երկրներում։ Դիտարկումը կատարվում է երկրի կառավարության կողմից ներկայացված ազգային զեկույցի, ՄԱԿ պայմանագրային մարմինների զեկույցների և այլ շահագրգիռ ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը ամփոփող փաստաթղթերի հիման վրա։ Դիտարկման ավարտին ՄԱԿ ՀՊԴ աշխատանքային խումբը պատրաստում է զեկույց, որտեղ ամփոփ տեսքով ներկայացվում են դիտարկման արդյունքները, ՄԱԿ անդամ երկրների կողմից ներկայացված առաջարկությունները՝ ուղղված դիտարկումն անցնող երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը։ Զեկույցների պատրաստման և ՄԱԿ-ին ներկայացման աշխատանքները համակարգում է ՀՀ ԱԳՆ-ը:

Հայաստանը ներկայացրել է 3 հիմնական զեկույց՝ 2010, 2015, 2020 թվականներին, 2022 թվականին նախապատրաստել և 2023 թվականին ներկայացնելու է 3-րդ կամավոր միջանկյալ զեկույցը (տես՝ https://www.ohchr.org/en/hr-bodies/upr/am-index):

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2030 ՕՐԱԿԱՐԳ

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները: Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա:

2021թ․-ին ստորագրվել է «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը, որը սահմանում է ԿԶՆ-ների իրագործման և, ընդհանուր առմամբ, զարգացման ոլորտում Հայաստանի և ՄԱԿ-ի համագործակցության հիմնական առաջնահերթություններն առաջիկա հինգ տարիների համար, արտացոլում նաև COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված արձագանքման միջոցառումները։

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին մեծապես նպաստում է նաև Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ աշխարհում առաջին համատեղ նախաձեռնությունն է, որը կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու է նորարարական լուծումների և պետական-մասնավոր հատվածի համագործակցության համար հնարավոր հարթակներ ստեղծելու միջոցով:

2018թ․ հուլիսին Հայաստանը՝ ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ներկայացրել է Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը։ 2020թ. հուլիսին ներկայացվել է երկրորդ կամավոր զեկույցը:

ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐ

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարներ: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառվում է ՄԱԿ-ի պատվո ցանկում, որտեղ ընդգրկվում են կանոնավոր բյուջեին իրենց անդամավճարները հունվար ամսին փոխանցող երկրները: 2023թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 204,773.00 ԱՄՆ դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2023թ. տարեկան անդամավճար:

 

Թարմացված է՝ 06.09.2023թ.

Տպել էջը