Երկկողմ հարաբերություններ
Թուրքիա
Ընդհանուր տեղեկություններ
1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ:
1993թ. Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները, իսկ 1995թ. վերաբացել է օդային սահմանը:
Հայաստանն ու Թուրքիան մի քանի փորձ են կատարել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Հայաստանի նախաձեռնությամբ, 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փորձի արդյունքում, 2009թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ և ԹՀ արտաքին գործերի նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Այդուհանդերձ, Թուրքիան հրաժարվել է ողջամիտ ժամկետում վավերացնել ստորագրված արձանագրությունները: 2010թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ-ն կասեցրել է ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը, իսկ 2015թ. փետրվարի 16-ի ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից: 2018թ. մարտի 1-ի ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրվել է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը մեկնարկել է 2021թ. վերջին։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը: Հատուկ ներկայացուցիչները հանդիպել են վեց անգամ՝ 2022թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին, հուլիսի 1-ին, 2024թ. հուլիսի 30-ին և 2025թ. սեպտեմբերի 12-ին:
2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար:
Հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում 2022թ․ փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ 2023թ. հունվարի 6-ին Թուրքիան պաշտոնապես ծանուցել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու բոլոր խոչընդոտները։ 2026թ. հունվարի 1-ից ՀՀ և ԹՀ դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձանց համար հասանելի է դարձել E-visa համակարգը:
2023թ. փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մեկ օր անց՝ փետրվարի 7-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ փետրվարի 8-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմի 27 անդամներ գործուղվել են Թուրքիայի Ադըյաման քաղաք և մինչև փետրվարի 16-ը մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Փետրվարի 11-ին հարյուր տոննա և փետրվարի 15-ին տասներկու տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Թուրքիա Հայաստանի և Թուրքիայի սահմանի Մարգարա-Ալիջան ցամաքային անցակետով: Փետրվարի 15-ին Անկարայում կայացել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԹՀ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որից հետո նախարար Միրզոյանը Ադըյամանում այցելել է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի բեռնաթափման և հայկական որոնողափրկարարական ջոկատի տեղակայման վայրեր:
Կարգավորման գործընթացի շրջանակներում ակտիվացել են նաև շփումները երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև: 2025թ. հունիսի 20-ին Թուրքիայի Հանրապետության նախագահի հրավերով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքիա: Այցի շրջանակներում Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Տարբեր միջազգային հարթակներում հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ վարչապետի և ԹՀ նախագահի (2022թ. հոկտեմբերի 6, Պրահա/ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով; 2024թ. սեպտեմբերի 24, Նյու Յորք/ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջան; 2025թ. սեպտեմբերի 1, Շանհայ/ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողով), երկու երկրների խորհրդարանների նախագահների (2023թ. մայիսի 4, Անկարա /ՍԾՏՀԿ ԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողով/, 2024թ. հոկտեմբերի 14, Ժնև /Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողով/) և ԱԳ նախարարների միջև (2022թ. մարտի 12, Անթալիա /Անթալիայի դիվանագիտական ֆորում/, 2023թ. հոկտեմբերի 23, Թեհրան /Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակ/, 2024թ. մարտի 1, Անթալիա /Անթալիայի դիվանագիտական ֆորում/, 2024թ. հոկտեմբերի 18, Ստամբուլ /Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակ/, 2025թ. ապրիլի 12, Անթալիա /Անթալիայի դիվանագիտական ֆորում/):
Այցեր
Թուրքիա
|
2025թ. հունիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ (Ստամբուլ) |
|
2025թ. ապրիլ |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար (Անթալիա) |
|
2024թ. հոկտեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար (Ստամբուլ) |
|
2024թ. մարտ |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար (Անթալիա) |
|
2023թ. հունիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ (Անկարա) |
|
2023թ. փետրվար |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար (Անկարա, Ադըյաման) |
|
2022թ. մարտ |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար (Անթալիա) |
|
2014թ. օգոստոս |
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար (Անկարա) |
|
2009թ. հոկտեմբեր |
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ (Բուրսա, ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը դիտելու նպատակով) |
|
1997թ. ապրիլ |
Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ նախագահ (Ստամբուլ, ՍԾՏՀԿ նիստին) |
|
1993թ. ապրիլ |
Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ նախագահ (Անկարա, ԹՀ նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով) |
|
1992թ. հունիս |
Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ նախագահ (Ստամբուլ, ՍԾՏՀԿ նիստ) |
Հայաստան
|
2013թ. դեկտեմբեր |
Ահմեդ Դավութօղու, ԹՀ ԱԳ նախարար (Երևան, ՍԾՏՀԿ նիստ) |
|
2009թ. հոկտեմբեր |
Ահմեդ Դավութօղու, ԹՀ ԱԳ նախարար (Երևան, ՍԾՏՀԿ նիստ) |
Առևտրաշրջանառություն (հզ. ԱՄՆ դոլար)
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
Ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
|
|
2025 |
473.2 |
368283.8 |
121428.7 |
|
2024 |
413.4 |
335910.7 |
88840.0 |
|
2023 |
6398.5 |
337130.7 |
99707.1 |
|
2022 |
61198.1 |
263394.4 |
73994.0 |
|
2021 |
442.8 |
73010.9 |
32892.0 |
|
2020 |
500.7 |
231489.7 |
99114.0 |
Թարմացված է՝ 15.04.2026թ.