Երկկողմ հարաբերություններ
Եվրոպական Միություն
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության (ԵՄ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ․ օգոստոսի 10-ին։
2023թ. դեկտեմբերի 18-ին Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
2023թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
ՀՀ-ԵՄ գործընկերություն
Հայաստանի և Եվրոպական Միության միջև գործընկերության իրավական հիմքը 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն» է (ՀԸԳՀ), որը ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացրեց նոր՝ գործընկերության մակարդակի: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021թ․ մարտի 1-ին, սակայն համաձայնագրի 385-րդ հոդվածի համաձայն՝ այն ժամանակավոր կիրառվել է 2018թ. հունիսի 1-ից։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկման նպատակով՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել է ՀԸԳՀ դրույթների իրականացման ճանապարհային քարտեզը։
Համաձայնագրով ստեղծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը։ ՀԸԳՀ-ով նախատեսված բարձրագույն քաղաքական մարմինը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդն է, որի նիստերն անցկացվում են տարեկան մեկ անգամ՝ Բրյուսելում։ Գործընկերության խորհուրդն իրականացնում է Համաձայնագրի կիրարկման գործընթացի վերահսկումն ու գնահատումը։ Գործընկերության վերջին՝ վեցերորդ նիստը կայացել է 2025թ. դեկտեմբերի 2-ին, որի արդյունքում հրապարակվել է համատեղ հայտարարություն: Համաձայնագրով նախատեսված կանոնադրային այլ մարմիններն են՝ գործընկերության կոմիտեն և առևտրի հարցերով գործընկերության կոմիտեն: Փորձագիտական մակարդակում գործող մարմիններն են՝ գործընկերության հետևյալ ենթակոմիտեները՝
- Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտե,
- Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի, երիտասարդության հարցերով ենթակոմիտե,
- Աշխարհագրական նշումների ենթակոմիտե,
- Մաքսային հարցերով ենթակոմիտե,
- Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների հարցերով ենթակոմիտե,
- Էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտե։
Վերոնշյալ մարմինների նիստերն անցկացվում են տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում:
ԵՄ խորհրդի որոշմամբ 2003թ․ հուլիսի 7–ին, ստեղծվել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը, որը 2008թ․՝ վրաց-ռուսական պատերազմից հետո, ԵՄ խորհրդի որոշմամբ վերափոխվել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնի։ 2024թ. հուլիսից Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն է Մագդալենա Գրոնոն։
2022թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը ԵՄ խորհրդի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման կարողությունների երկամսյա քաղաքացիական առաքելություն: 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն, որի մանդատը 2025թ. երկարացվել է ևս երկու տարով՝ մինչև 2027թ. փետրվար։
2009թ. ի վեր Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընթանում է մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը, որի նիստերն անցկացվում են տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում:
2023թ. ի վեր Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընթանում է քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը, որի նիստերն անցկացվում են տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում:
2025թ․ Հայաստանի և Եվրոպական Միության միջև հիմնվել է անվտանգային և պաշտպանական հարցերով խորհրդակցությունների ձևաչափը։
Միգրացիա և մուտքի արտոնագրերի դյուրացում
2012թ. դեկտեմբերի 17-ին ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին», իսկ 2013թ. ապրիլի 19-ին` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերը։
Համաձայնագրերն ուժի մեջ են մտել 2014թ. հունվարի 1-ին և վերջինների կիրարկումը մշտադիտարկելու նպատակով ստեղծվել են համապատասխանաբար ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով և ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեներ, որոնց նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում։
2024թ. հուլիսի 22-ին ԵՄ խորհուրդն ընդունել է որոշում՝ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին: 2025թ. նոյեմբերի 5-ին Հայաստանին պաշտոնապես տրամադրվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիրը, որում ամրագրված հենանիշների արդյունավետ իրականացման արդյունքում Հայաստանի և Եվրոպական Միության՝ շենգենյան գոտու երկրների հետ կազատականացվի մուտքի արտոնագրային ռեժիմը։
Արևելյան գործընկերություն
Արևելյան գործընկերության (ԱլԳ) ձևաչափը հիմնադրվել է 2009թ.՝ որպես Եվրոպական հարևանության քաղաքականության հատուկ ուղղություն, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները ԵՄ, նրա անդամ պետությունների և արևելյան վեց հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:
ԱլԳ շրջանակներում բազմակողմ համագործակցության առանցքում են պետական կառույցների հզորացման, տնտեսական զարգացման, էներգետիկ արդյունավետության բարձրացման, շարժունակության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների խթանման և այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցերը:
ԱլԳ բազմակողմ համագործակցության ձևաչափերից են արտաքին գործերի և ոլորտային նախարարական հանդիպումները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական երկխոսությունը: Որպես կանոն, տարեկան երկու անգամ կազմակերպվում են ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպումներ՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։
ԱլԳ գագաթնաժողովը, որն անցկացվում է բարձրագույն՝ երկրների ղեկավարների մակարդակով, սովորաբար տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ։ Վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2021թ․ դեկտեմբերի 15-ին, որի շրջանակներում ընդունվել է համատեղ հռչակագիր։
2025թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովին՝ ունենալով բացման ելույթ:
Խորհրդարանական համագործակցություն
Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցությունն ակտիվ է նաև խորհրդարանական հարթակում, որի հիմնական երկկողմ հարթակը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն է։ Վերջինիս կազմում ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ (Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության անդամներ): Կոմիտեի տարեկան հանդիպումները հաջորդաբար անցկացվում են Երևանում, Բրյուսելում կամ Ստրասբուրգում: ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի վերջին նիստը կայացել է 2025թ. փետրվարի 25-ին՝ Երևանում։
ԵՄ և ԱլԳ երկրների միջև խորհրդարանական համագործակցության հարթակն է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը: «Եվրանեսթ» ԽՎ-ի կազմում ներառված է 60 պատգամավոր Եվրոպական խորհրդարանից և 10-ական պատգամավոր` ԱլԳ երկրների խորհրդարաններից:
«Եվրանեսթ» ԽՎ-ն ունի երկու համանախագահ, որոնցից մեկը ներկայացնում է Եվրոպական խորհրդարանը, իսկ մյուսը՝ ԱլԳ երկրներից մեկի օրենսդիր մարմինը:
«Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակներում գործում են նաև 4 մշտական հանձնաժողովներ՝
- Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով,
- Տնտեսական ինտեգրացիայի, օրենսդրական մոտարկման և ԵՄ քաղաքականության հետ ներդաշնակեցման հարցերով,
- Էներգետիկ անվտանգության հարցերով,
- Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով:
2025թ. հոկտեմբերի 27-ից 30-ը Երևանում կայացել է «Եվրանեսթ» ԽՎ 12-րդ նիստը, որին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քաղհասարակության հարթակ
ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակում ներառված են Հայաստանի և Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի և Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային հարթակի ներկայացուցիչներ։
Երկկողմ բարձրաստիճան փոխայցեր
Հայաստան
|
2025թ. սեպտեմբեր |
Մարթա Կոս, Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար |
|
2025թ․ հունիս |
Կայա Կալաս, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ |
|
2025թ․ մայիս |
Բելեն Մարտինես Կարբոնել, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար |
|
2024թ․ սեպտեմբեր |
Լադիսլավ Համրան, ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ |
|
2024թ․ սեպտեմբեր |
Մարգարիտիս Սխինաս, Եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ |
|
2023թ․ հոկտեմբեր |
Յանեզ Լենարչիչ, Ճգնաժամի հաղթահարման հարցերով ԵՄ հանձնակատար |
|
2023թ․ հունիս |
Քեթրին դը Բոլ, Իրավապահ ոլորտում համագործակցության ԵՄ գործակալության (Եվրապոլ) գործադիր տնօրեն |
|
2021թ․ հուլիս |
Շառլ Միշել, Եվրոպական խորհրդի նախագահ |
|
2021թ․ հուլիս |
Օլիվեր Վարհեի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար |
Բրյուսել, ԵՄ
|
2025թ. դեկտեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2025թ. հոկտեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2025թ. հոկտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2025թ․ հուլիս |
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ |
|
2025թ․ հուլիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2025թ․ հունիս |
Արփինե Սարգսյան, ՀՀ ՆԳ նախարար |
|
2025թ․ մայիս |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2025թ․ ապրիլ |
Արմեն Գրիգորյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար |
|
2024թ. դեկտեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2024թ․ մայիս |
Սուրեն Պապիկյան, ՀՀ պաշտպանության նախարար |
|
2024թ. մայիս |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2024թ. ապրիլ |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2024թ․ մարտ |
Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ |
|
2024թ․ մարտ |
Գրիգոր Մինասյան, ՀՀ արդարադատության նախարար |
|
2024թ. փետրվար |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2023թ․ դեկտեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2023թ․ նոյեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2023թ․ հոկտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2023թ․ հոկտեմբեր |
Վահագն Խաչատուրյան, ՀՀ նախագահ |
|
2023թ․ հուլիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2023թ. հունվար |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2022թ. օգոստոս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2022թ. մայիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2022թ. ապրիլ |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2021թ․ դեկտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2021թ․ դեկտեմբեր |
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ |
|
2021թ․ դեկտեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2021թ․ նոյեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2021թ. հունիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
|
2020թ․ դեկտեմբեր |
Արա Այվազյան, ՀՀ ԱԳ նախարար |
|
2020թ. հոկտեմբեր |
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ |
|
2020թ. մարտ |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտ
- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիր,
- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիր,
- «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիր,
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիր,
- «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական Միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիր,
- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիր,
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիր,
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական Միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին համաձայնագիր,
- Հայաստանի Հանրապետության դատախազության և արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական Միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն,
- Աշխատանքային պայմանավորվածություն՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական Միության Իրավապահ համագործակցության գործակալության (Եվրապոլ) միջև համագործակցային հարաբերություններ հաստատելու վերաբերյալ,
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին համաձայնագիր,
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին փոխըմբռնման հուշագիր,
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիր,
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգ» փաստաթուղթ:
Թարմացված է՝ 15.01.2026թ.